Հնագետ Արտակ Գնունին այն մարդկանցից է, ովքեր սիրով ու ոգեւորությամբ են պատմում այն գաղտնիքների մասին, որոնք պահպանվում են հազարամյակների պատմությունը թաքցրած հողի տակ։ Նա ուսումնասիրում է «քաղաք» հասկացությունը եւ վստահ է, որ հնագույն Երեւանը դեռ շատ բան ունի մեզ պատմելու։ Մնում է միայն, որ մենք ցանկանանք լսել այդ պատմությունը։
– Քաղաքը մեր կյանքի ամենահետաքրքիր ու տարօրինակ հասկացողություններից է, որովհետեւ մեր կյանքի շատ երեւույթներ առաջանում, զարգանում եւ իրենց դրսեւորումն են գտնում հենց քաղաքում։ Սոցիոլոգներն ու մշակութաբանները բազմիցս են անդրադարձել քաղաքի հիմնահարցին։ Հարց է ծագում՝ ե՞րբ է առաջացել այդ երեւույթը, որքանո՞վ է այն իր հատկանիշներում կայուն եւ որքանո՞վ է այն փոփոխական։
– Պեղումները վերականգնո՞ւմ են լիակատար պատկերը։
– Հնագույն ժամանակների մասին մեր գիտելիքների հիմնական աղբյուրը հնագիտությունն է։ Հնագիտական ուսումնասիրությունները չեն կարող ամբողջովին արտացոլել այն ժամանակների կյանքը։ Կյանքի որոշ կողմերը՝ երգերը, պարերը, սովորույթները, չունեն նյութական դրսեւորում։ Կա նաեւ ժամանակի քայքայիչ ազդեցությունը: Ժամանակը մեզ շատ բան չի փոխանցել, տեղի ունեցած արհավիրքները, պատերազմները նույնպես խզել են մեր կապն անցյալի հետ։ Հնագիտական սկզբնաղբյուրը միաժամանակյա սկզբնաղբյուր է։ Բնակատեղի պեղելը ինֆորմատիվ է, բայց երբեք ոչ ոք ամբողջական պատկեր չի թողել, որպեսզի մենք հետազոտենք։ Պեղված նյութը դառնում է հնագիտական սկզբնաղբյուր, հետագայում դառնում է հիմք՝ մշակութաբանական վերակազմության համար։
– Որքանո՞վ է մեր այսօրվա Երեւանը նման այն քաղաքին, որը եղել է հազարամյակներ առաջ։
– Երկու կամ երեք հազար տարվա Երեւանի եւ այսօրվա Երեւանի նմանությունը ամենավիճելի ու վիճարկելի հարցերից է։ Բնական է, որ մեզ նախեւառաջ հետաքրքրում է, թե երբ է Հայաստանում ձեւավորվել քաղաքային կուլտուրան։ Հնագույն քաղաքն իր արտաքին դրսեւորումներով կարող է խիստ տարբերվել քաղաքի մասին մեր ունեցած այսօրվա պատկերացումներից։ Սակայն խորքային իմաստով, հիմնական գծերով նրանք նման են։ Դեռեւս մի քանի տասնամյակ առաջ անգլիացի հնագետ Գորդոն Չայլդը կազմել էր այն աղյուսակը, այն պայմանները, որոնց պետք է համապատասխանի քաղաք հասկացողությունը։ Հաշվի են առնվում քաղաքի չափերը, բնակչության քանակը, արհեստագործության զարգացման աստիճանը, ծիսական, պաշտամունքային կամ ադմինիստրատիվ կենտրոնի առկայությունը, պաշտպանվածությունը (բերդի գաղափարը)։ Այդ սանդղակում տեղ էին գտել նաեւ գրավոր մշակույթը, սոցիալական դիֆերենցիան։ Ժամանակի ընթացքում որոշ դրույթներ շտկվեցին, պարզվեց, որ «քաղաք» հասկացությունը միատարր հասկացողություն չէ։ Կա քաղաք, նախաքաղաք, կվազի քաղաք՝ կեղծ քաղաք, քաղաքիկ (եթե թարգմանենք անգլերեն «city» եւ «town» բառերը, ապա «town»-ը քաղաքիկ կլինի)։ Քաղաքի կոնստանտ՝ հաստատուն չափանիշներից է քաղաքի չափը։ Գորդոն Չայլդը, հետագայում նաեւ հնագետ Վադիմ Մասոնն ասում էին 6-7 հա-ի մասին։ Հայկական լեռնաշխարհում եղել են բնակատեղիներ, որոնք գերազանցել են այդ չափերը։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ չափերը կարող էին թելադրվել տվյալ համայնքի կացութաձեւի առանձնահատկություններով (օրինակ, անասնապահին ավելի շատ հող է հարկավոր, քան, ասենք, հողագործին)։
– Իսկ ինչպե՞ս կարելի է որոշել բնակչության քանակը։
– Բնակչության թվի մասին մենք կարող ենք դատել կացարանների խտությունից։ Մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներում եղել են քաղաքներ, որոնք մեծաթիվ բնակչություն են ունեցել։ Քաղաքի կայուն հատկանիշներից է նաեւ պաշտպանված լինելու հանգամանքը։ Շենգավիթը, Առինջը, Էլարը, Մեծամորը, Արեւմտյան Հայաստանի շրջանների տարբեր հնագույն քաղաքները շրջապատված էին լուրջ, նույնիսկ կրկնակի պարսպաշարերով։ Սակայն նույնիսկ այդ հանգամանքները բավարար չեն, որպեսզի տվյալ բնակատեղին քաղաք կոչվի։ Ինչ-որ բան էլ է հարկավոր։ Պեղումներն ապացուցում են, որ այդ «ինչ-որ բանը» կա։ Մենք տեսնում ենք, որ արհեստագործությունն այդ ժամանակաշրջանում մեծ վերելք է ապրում։ Ձեւավորվում են բնակավայրեր, որոնք մասնագիտանում են, ասենք, մետաղի կամ քարի մշակման արհեստում։ Ավելին, առանձին բնակավայրերում ձեւավորվում են տարբեր արհեստներին նվիրված հատվածներ։ Նշեմ Վրաստանի տարածքում գտնվող Թեթլիցարո բնակավայրը, որտեղ քարի մշակման համար առանձնացված հատված կա։ Այսինքն, մ.թ. ա. 4-3 հազարամյակներում ձեւավորվում է թաղամասի հասկացողությունը։ Եթե մենք նայենք պեղված բնակավայրերի հատակագծերը, ապա կտեսնենք, որ որպես առանձին միավոր՝ թաղեր են ձեւավորվում։ Նկատվում է նաեւ սրբավայրերի, որոշակի կենտրոնի առկայությունը, որը նույնպես քաղաքի կայուն հատկանիշներից է։ Այսօր մենք ունենք բավականաչափ լուրջ պաշտամունքային կենտրոններ։ Օրինակ, Մոխրաբլրի վերգետնյա համալիրը (Էջմիածնի մոտակայքում), որը պեղել են Գրիգոր Արեշյանն ու Կորյուն Ղալֆադարյանը։ Այդ կենտրոնն ուներ 6 մետրանոց հում աղյուսից շարված խորանարդ, որի վրա 2 մետրանոց բազալտե մեկ այլ խորանարդ էր շարված։ Եվ այդ հում աղյուսի մեջ ցպնած էին փայլարի բեկորները։ Պատկերացրեք, որ այդ հում աղյուսի մեջ հատուկ փայլող մի հրապարակ էր ստեղծված։ Փայլը կոնտրաստի մեջ էր մտնում ամբողջ տարածքի հետ։ Շատ գեղեցիկ ծիսական կենտրոն պեղել է Էմմա Խանզադյանը Ջրահովտում (Մասիսի շրջան)։ Վերջին տարիների ընթացքում պեղվել է Ագարակի (Աշտարակի մոտ) սրբավայրը։ Ջավախքի Ամենառիսգոռա շրջանում կա եւս մի սրբավայր, որտեղ առաջ է գալիս սրբազան լեռան գաղափարը, քանի որ ամբողջ լեռը սրբավայր էր դարձված։ Քաղաքները դառնում են նաեւ ադմինիստրատիվ կենտրոններ։ Արեւմտյան Հայաստանում գտնվող Նորշունթեփե բնակավայրում, օրինակ, պեղվել է պալատական կառույց, որն այդ կենտրոնի առկայության մասին է վկայում։
– Պեղումները կարո՞ղ են ազգային պատկանելության մասին վկայել, թե՞ դա երկրորդական խնդիր է հնագետների համար։
– Ազգայինի մասին խոսելը դժվար է։ Նման տեսակետներ հնչում են, բայց երբ ազգայինի թեման մտնում է գիտական աշխատանքի մեջ, ամեն բան քանդվում է։
– Էլ ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա բնակավայրը՝ քաղաք կոչվելու համար։
– Քաղաքը պետք է առեւտրի կենտրոն լինի, այսինքն, շրջապատված լինի փոքր քաղաք-արբանյակներով։ Երեւանի շուրջն, օրինակ, տարբեր գյուղեր ու փոքր քաղաքներ կան։ Մ. թ. ա. 4-3 դարերում այդպիսի արբանյակներ եղել են։ Քաղաքը պետք է որոշակի ձգողականության կենտրոն լինի։ Այդ բոլոր փաստերի համադրումից կարելի է եզրակացնել, որ քաղաքային մշակույթի զարգացումը սկսվել է շատ վաղուց։ Առաջին քաղաքատիպ միավորները Հայկական լեռնաշխարհում ձեւավորվել են դեռեւս հինգ հազար տարի առաջ։ Ճիշտ է, մ.թ. ա. 2-րդ հազարամյակում տեղի ունեցավ քաղաքային մշակույթի անկում, բայց քաղաքային մշակույթը չընդհատվեց, հետագայում հառնեց այլ տեսքով։ Մենք ունեցանք սքանչելի ուշ բրոնզեդարյա ու վաղ երկաթեդարյա մշակույթը, երբ ողջ Հայկական լեռնաշխարհը ծածկվեց լուրջ բնակատեղիների ցանցով։ Դեռեւս 1936 թվականին Եվգենի Բայբուրդյանը Շենգավիթի նյութերն ուսումնասիրելով՝ մասնագիտական իր հանճարեղ հոտառությամբ ընդգծել է, որ վաղ բրոնզե դարը նախնադարյան՝ տոհմային հասարակության քայքայման շրջանն էր։ Պեղումներն ապացուցեցին այդ վարկածի ճշմարտացիությունը։ Վաղ բրոնզե դարում սոցիալական շերտավորումն արդեն նկատվում է։ Բնակավայրերի պեղումներից գտնվում էին մարդկային ունեցվածքի կնիքներ, գտնվում էին նաեւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր։ Մի շտկում անեմ. եթե կնիքը գտնվեր դամբարանից, մենք կարող էինք ենթադրել, որ այն ընկալվում է որպես պարզապես գեղեցիկ իր, ավար։ Բայց եթե կնիքը գտնվում է բնակավայրի շերտում, դա միանշանակ մեզ թելադրում է, որ կնիքն ամենօրյա օգտագործման իր էր։ Վաղ բրոնզե դարում Հայկական լեռնաշխարհում արձանագրվում է դամբարանադաշտերի զատումը բնակատեղիներից։ Այսինքն, հստակ ընդգծվում են ողջերի քաղաքները եւ ննջեցյալների քաղաքները։ Հայտնվում է «ներսի» ու « դրսի» գաղափարը։
– Բնակատեղի պեղելն ավելի՞ հետաքրքիր է, քան դամբարաններ պեղելը։
– Դամբարանային նյութն, իհարկե, ավելի գեղեցիկ, ամբողջական, հրապուրիչ ու արագ պեղվող է, իսկ բնակատեղի պեղելը տարիների չարչարանք է։ Փորձում ես ամբողջական պատկեր ստանալ, բայց կստանա՞ս, թե՞ ոչ՝ չգիտես, քանի որ հազարավոր տարիներն ավերել են նյութը։
– Որո՞նք են հնագույն Երեւանի բեկորները։
– Երեւանի տարածքում ունենք Շենգավիթի հնագույն եւ Կարմիր Բլուրի նախաուրարտական շերտերը։ Կան վայրեր, որոնք չեն պեղվել։ Երեւանը շատ հարուստ է հնագիտական նյութերով։ Երեւանը մի քանի անգամ անցել է «Պեղե՞լ, թե՞ չպեղել» հարցի միջով, բայց դա բոլորովին այլ խոսակցության թեմա է։ Ես հիմա ուզում եմ միայն քաղաքի առաջացման մասին խոսել։
– Իսկ այսօրվա 21-րդ դարի քաղաքը բնորոշելու համար ի՞նչ նոր կոմպոնենտներ կարելի է ավելացնել։
– Երեւի թե ոչ մի նոր բան ավելացնել հարկավոր չէ։ Գոյություն ունեն կայուն հատկանիշներ, փոխվում են միայն դրանց արտահայտչամիջոցները։ Քաղաքը պետք է իր կենտրոնը, իր թաղերն ունենա։ Նաեւ պետք է իր սահմանն ունենա, կարեւոր չէ՝ այդ սահմանը մենք պարսպո՞վ ենք ֆիքսում, թե՞ մի գեղեցիկ սյունով։ Սահմանը հոգեբանական «ներսի» ու «դրսի» հասկացողության խորհրդանիշն է։
– «Ներսը» ողջ քաղա՞քն է։
– Գյուղում մենք ասում ենք՝ ումոնցի՞ց ես։ Քաղաքում ասում ենք՝ ո՞ր թաղից ես։ Այսինքն, քաղաքում մեծ ընտանիքի գաղափարը զիջում է տեղի գաղափարին։ Արյան գաղափարը զիջում է վայրի գաղափարին։ Դա է քաղաքի ընկալումը։ Թաղից բացի, մենք ունենք նաեւ ավելի մեծ՝ ընդհանուր քաղաքի գաղափարի ընկալումը։ Մենք երեւանցիներ ենք, հետո միայն այս կամ այն թաղից ենք։
– Սովորաբար բոլորս Երեւանն ընկալում ենք որպես Թամանյանի ստեղծագործություն, թեեւ հպարտորեն նշում ենք, որ Երեւանն ավելի հին է, քան Հռոմը։
– Այդպես չէ. այն, ինչի մասին մենք չգիտենք, դեռ չի նշանակում, որ այն գոյություն չունի։ Երեւանը միշտ էլ միջնաբերդով ամրացված, հզոր եւ փայլուն քաղաք է եղել։ Չմոռանանք, որ այն վերջիվերջո Երեւանյան խանության կենտրոնն էր։ Իսկ Երեւանյան խանությունը Պարսկաստանի հզորագույն խանություններից մեկն է եղել։ Երեւանը հետագայում նաեւ Երեւանյան գուբերնիայի կենտրոնն է եղել՝ Ռուսաստանի կազմում։ Դրանից առաջ էլ՝ 500-600 տարի առաջ Երեւանը կենտրոն է եղել։ Եվ եթե մենք չգիտենք այդ մասին, դա չի նշանակում, որ դա չկար։ Իրականում դա կար։
– Գրեթե բոլոր քաղաքներն ունենում են իրենց «հին քաղաքի» հատվածը, որտեղ պահպանում են պատմության պատկերը։ Իսկ մենք դա չունենք։
– Չունենք, բայց հողն այդ պատկերը պահպանում է։ Հողն ընդհանրապես ամեն ինչը պահպանում է։ Պահպանվել է մեր քաղաքային մշակույթը։ Այո, այսօր մենք Երեւանի մասին շատ բան չգիտենք, բայց պիտի ընդունենք, որ դեռ չգիտենք։