ՏԻՄ ընտրությունները կարող են հեղափոխական ալիք ծնել

12/05/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Աշնանը Հայաստանի մոտ 670 համայնքներում տեղի կունենան տեղական
ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, սակայն ՀՀ-ում գործող
արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների մեծ մասը դեռ չի
հստակեցրել, թե ինչպես եւ ինչ մասշտաբներով է մասնակցելու ՏԻՄ
ընտրություններին կամ մասնակցելո՞ւ է արդյոք: Հայաստանի Ազատական
առաջադիմական կուսակցության (ՀԱԱԿ) նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի
խոսքերով` ՀԱԱԿ-ը դեռ որոշում չի կայացրել ՏԻՄ ընտրություններին
մասնակցելու վերաբերյալ, եւ հավանաբար մինչեւ ապրիլի 20-25-ն այս հարցում
հստակություն կմտցվի: Իսկ ահա «Հայաստանի Ժողովրդավարական ազատական
միություն» (ՀԺԱՄ) կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Սեյրան
Ավագյանի խոսքերով` ՀԺԱՄ-ն այդ հարցը կքննարկի ամռանը: Առայժմ հստակ չէ
նաեւ, թե ՀԺԱՄ-ն ընտրություններին առանձի՞ն կմասնակցի, թե՞ այլ քաղաքական
ուժերի հետ միասին: ՏԻՄ ընտրություններին մասնակցության ձեւը դեռ չեն
հստակեցրել նաեւ «Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունում» (ՀՌԱԿ):
«Նոր ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) մամլո քարտուղար Էդիկ Գրիգորյանն էլ
ասաց, որ ՏԻՄ ընտրություններում ՆԺԿ-ի մասնակցության ձեւը դեռ քննարկման
փուլում է, եւ կարծիք հայտնեց, որ «ՆԺԿ-ն երեւի թեկնածուներ չի առաջադրի»:
Այսինքն` չի՞ բացառվում, որ ՆԺԿ-ն չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին. ըստ
Է. Գրիգորյանի` «21.000-անոց կուսակցությունը չի կարող չմասնակցել
ընտրություններին: Մենք հավանաբար ընտրություններին կմասնակցենք այս կամ
այն թեկնածուին պաշտպանելու միջոցով»: Ի տարբերություն վերը նշված
քաղաքական ուժերի, ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերով բավականին
ակտիվ է «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ): Մի քանի օր առաջ Ազգային
ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես եկավ «առաջիկա տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ
անցկացնելուն միտված հասարակական համաձայնության մի յուրօրինակ պայմանագիր
ստորագրելու նախաձեռնությամբ»: ԱԺ նախագահը նաեւ համոզմունք էր հայտնել,
որ «կգերակշռեն այն քաղաքական ուժերը եւ հասարակական
կազմակերպությունները, ովքեր կգիտակցեն հասարակական համաձայնության
անհրաժեշտությունը, որին կարող են միանալ եւ՛ քաղաքական ուժերը, եւ՛
հասարակական կազմակերպությունները, եւ՛ ԶԼՄ-ները, եւ՛ անհատ քաղաքացիներ»:
Ինչպես պարզվեց, ՕԵԿ-ի ներկայացուցչներն արդեն բանակցություններ են սկսել
ՆԺԿ-ի, ՀԱԱԿ-ի, ՀԺԱՄ-ի հետ: Արդյո՞ք այս ուժերը մտադիր են միանալ ԱԺ
նախագահի նախաձեռնությանը: Ըստ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի`
«Մեր կուսակցությունը հանդիպել է ԱԺ նախագահի կուսակիցների հետ: Պետք է
գովելի համարենք ինչ-որ խնդիր լուծելու ԱԺ նախագահի ձգտումը, բայց
պայմանով, որ ԱԺ նախագահը դրանից առաջ պետք է հայտարարություն անի եւ
կոալիցիայից դուրս գա, եւ այդ դեպքում մենք բոլորս իսկապես նրան կհավատանք
եւ նրա հետ կմիավորվենք ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Քանի ԱԺ նախագահը եւ
նրա կուսակցությունը գտնվում են կոալիցիայում, ես կարծում եմ, որ դա
անկեղծ չէ, եւ այդ նախաձեռնությունը դատապարտված է, որովհետեւ, եթե նրանք
փորձում են մեր հաշվին իրենց թիմն ուժեղացնել կոալիցիայի մեջ, մենք նման
ցանկություն չունենք: ԱԺ նախագահն անկեղծ կլինի, եթե քաղաքական
հայտարարություն անի, որ ինքը չի հավատում այն մարդկանց, որոնց հետ ինքն
այսօր այս երկիրը կառավարում է, չի հավատում, որ կոալիցիան կարող է քիչ թե
շատ ազատ, արդար ընտրություններ անել (եւ ճիշտ է անում, որ չի հավատում),
եւ դուրս գա այդ կոալիցիայից: Այդ դեպքում մենք ոգեւորությամբ կսատարենք
ՏԻՄ ընտրությունների հետ կապված նրա ամբողջ գաղափարները»: ՀԺԱՄ քաղաքական
խորհրդի ղեկավար Ս. Ավագյանի խոսքերով` «Մենք հանդիպել ենք, քննարկել ենք
նյութը, բայց դեռ առջեւում քննարկելու բան ունենք: Որոշակիություն չկա»:
ՆԺ կուսակցության` ԱԺ նախագահի նախաձեռնությանը միանալ-չմիանալու հարցը,
ինչպես ասաց ՆԺԿ մամլո քարտուղարը, «դեռ բանակցությունների փուլում է»:
Իսկ ՀՌԱԿ-ում տեղյակ չէին ԱԺ նախագահի նախաձեռնության մասին: Ըստ ՀՌԱԿ
ատենապետ Հ. Առաքելյանի` «ՀՌԱԿ-ը միշտ եղել է արդար ընտրությունների
ջատագով, բողոքող, ու անարդարությունը հիմնականում մեր գլխին է կոտրվել:
Եվ անկախ նրանից, թե ով նման նախաձեռնություն կանի, պարզ է` երկրորդ
կարծիք լինել չի կարող»:

Իսկ հնարավո՞ր է, որ ԱՊՀ երկրներում սկսված հեղափոխությունների շարքը
շարունակվի Հայաստանում, եւ դրա համար առիթ հանդիսանան ՏԻՄ
ընտրությունները: Ըստ ՀԱԱԿ նախագահ Հ. Հովհաննիսյանի` «Եթե գործն իսկապես
հասնի ՏԻՄ ընտրություններին, ապա ընդդիմությունը պետք է ՏԻՄ
ընտրությունների ժամանակ բոլոր ընտրատարածքներում հանդես գա մեկ
թեկնածուով: Ես հնարավոր եմ համարում, որ մինչեւ ՏԻՄ ընտրությունները
երկրում կզարգանան որոշ գործընթացներ, եւ հնարավոր է, որ ՏԻՄ
ընտրությունները հետաձգվեն: Եվ չեմ բացառում, որ եթե ընդդիմությունը
միավորվի ՏԻՄ ընտրությունների ժամանակ` անկախ քաղաքական պլատֆորմներից,
որովհետեւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ դա առանձնապես չի արտահայտվում,
ապա հնարավոր է, որ երկրում ՏԻՄ ընտրությունների արդյունքում լինի լուրջ
հեղափոխական ալիք»: «Մոտ 670 համայնքում համայնքապետի ընտրություններ են,
եւ ընդդիմության միավորվելու հավանականությունն ավելի մեծ է, քան
նախագահական կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, որովհետեւ
զիջումների եւ կոմպրոմիսների ավելի լայն դաշտ է բացվում ընդդիմության
առաջ»,- վստահ է պարոն Հովհաննիսյանը: Վերջինս այն կարծիքին է, որ «այս
իշխանությունների պայմաններում Հայաստանում հնարավոր չէ քիչ թե շատ որակով
եւ քիչ թե շատ արդար ընտրություններ անցկացնել, օրինակ, վերջերս Իջեւանի
քաղաքապետի ընտրություններից պարզ երեւաց, որ այս իշխանությունները
բացարձակապես տրամադրված չեն եւ ցանկություն չունեն ՏԻՄ ընտրությունների
ժամանակ վերանայել իրենց ընտրական մեխանիզմները կամ ընտրական ոճը: Այնպես
որ, եթե նման տրամաբանությամբ շարունակեն, ՏԻՄ ընտրությունները կորցնում
են իրենց նշանակությունը: Մեր երկրում ընտրությունների ընդհանրապես ամբողջ
ինստիտուտն է վարկաբեկված, այլասերված, իսկ ՏԻՄ ընտրություններն
ամենախայտառակ ընտրություններն են»: