ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-11-ը եռօրյա աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել եւ Ստրասբուրգ: Պատվիրակության կազմում են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Բրյուսելում, ըստ կառավարության Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության` Ս. Սարգսյանը կհանդիպի եվրոպական մի շարք կառույցների բարձրաստիճան ղեկավարների հետ: Իսկ դեկտեմբերի 10-ին նախատեսվում են Սերժ Սարգսյանի հանդիպումները ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերի, Բրյուսելի քաղաքապետ Ֆրեդի Թիելմանսի հետ: Հաջորդ օրը` դեկտեմբերի 11-ին պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ, որտեղ Ս.Սարգսյանը հանդիպումներ կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգի, Եվրոպական խորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յացեկ Սարյուժ-Վոլսկու, ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հետ: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ վարչապետի հարցազրույցները «Ռոյթեր» գործակալության, «Եվրոնյուզ» հեռուստաընկերության, «Լա Ստամպա», «Ֆայնենշըլ թայմս» թերթերի եւ մի շարք այլ ԶԼՄ-ների հետ: