Կարճաժամկետ ժողովրդավարություն

08/12/2007

2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին երկարաժամկետ օտարերկրյա դիտորդական առաքելություններ չեն հետեւելու: Այդ մասին երեկ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար, ՀՀԿ անդամ Աբրահամ Բախչագուլյանը: Նա ասել է, որ ԿԸՀ-ն երկարաժամկետ դիտորդական առաքելությունների հրավեր չի ուղարկել եւ չի պատրաստվում ուղարկել: ՀՀ նախագահական ընտրություններին հետեւելու համար Հայաստան են հրավիրվելու միայն կարճաժամկետ դիտորդական առաքելություններ: Այսինքն` ինչպես անցած ընտրություններում, օտարերկրյա դիտորդներն ընտրական գործընթացին հետեւելու են միայն ընտրության օրը: Մինչդեռ, ինչպես հայտնի է, ընտրակեղծիքները (անհավասար քարոզչական հնարավորությունները, վարչական ռեսուրսների օգտագործումը, ընտրացուցակների կեղծումը, ընտրողների կաշառումն ու ահաբեկումը) իրականում կատարվում են ընտրություններին նախորդող ամիսներին, եւ միայն երկարաժամկետ դիտորդական առաքելությունները կարող են արձանագրել այդ խախտումները: Եվ երկարաժամկետ դիտորդներ չհրավիրելու փաստը վկայում է, որ այս ընտրություններից առաջ կիրառվելու են նախկինում օգտագործված եւ, ամենայն հավանականությամբ, «ծյունինգ արված» ընտրակեղծիքներ: Հենց դրանք են ընտրությունների օրն ապահովելու դրանց «ազատ, արդար եւ թափանցիկ» ընթացքը: