Պետք չէ խառնել հարցերը

08/12/2007

Ադրբեջանական «APA» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հաստատել է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Վ. Օսկանյանը նաեւ ընդգծել է, որ բանակցությունների հիմնական հարցը հենց դա է: «Չէ՞ որ դա հիմնական հարցն է: Եթե կարգավիճակի հարցը չի քննարկվում, ապա ի՞նչ է առհասարակ քննարկվում: Հանրաքվեն եւս քննարկվում է բանակցություններում, նաեւ` ինքնորոշման հարցը»,- հայտարարել է Վ. Օսկանյանը: Վերջինս նաեւ կարծիք է հայտնել, թե Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող առաջիկա նախագահական ընտրությունները չեն կարող դադարեցնել ԼՂՀ կարգավորման գործընթացը: «Այո, լինելու են ընտրություններ, սակայն մենք դա չենք կապում բանակցային գործընթացի հետ: Համանախագահները շուտով կրկին կայցելեն տարածաշրջան` դա կլինի դեկտեմբերի վերջին կամ հունվարին, եւ կրկին բանակցություններ կընթանան: Անշուշտ, ընտրությունների ընթացքում ամբողջ ուշադրությունը կենտրոնացված կլինի ընտրական գործընթացի վրա, եւ մենք չենք կարողանա կարգավորմանը տրամադրել նույնքան ժամանակ, որքան նախկինում: Այդուհանդերձ, բանակցությունները կշարունակվեն»,- վստահեցրել է ՀՀ ԱԳ նախարարը: «Կարո՞ղ է բանակցային գործընթացում Հայաստանի դիրքորոշման վրա ազդել երկրում իշխանության փոփոխությունը» հարցին Վարդան Օսկանյանը պատասխանել է. «Հուսով եմ, դա տեղի չի ունենա: Ահա թե ինչու են համանախագահները ցանկանում, որպեսզի Հայաստանում եւ աշխարհում բոլորն իմանան, թե ինչ հիմնարար սկզբունքներ են պարունակվում այդ փաստաթղթում, որպեսզի ով էլ ընտրվի Հայաստանում ընտրությունների արդյունքում` երկիրը շարունակի մնալ այդ դիրքորոշմանը եւ գործել այդ դիրքորոշմամբ: Մենք պետք է շարունակենք աշխատել այդ փաստաթղթի հիման վրա: Այն շատ մանրակրկիտ է պատրաստվել, դա հավասարակշռված եւ շատ փոխզիջումային փաստաթուղթ է: Մենք պետք է վստահ լինենք, որ այն բանից, թե ով կհաղթի Ադրբեջանում եւ Հայաստանում անցկացվելիք ընտրություններում, դիրքորոշումը չի փոխվի»:

Ի դեպ, «APA»-ի թղթակիցը ՀՀ ԱԳ նախարարին նաեւ խնդրել է պարզաբանել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կրոնական բնույթի մասին արտահայտությունը: Ի պատասխան՝ Վ. Օսկանյանն ասել է. «Կրոնական գործոնը այստեղ բացարձակապես դեր չի խաղում: Դա հաստատ հակամարտություն չէ մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ: Պետք չէ խառնել այդ հարցերը»: