«Դահլիճային» հեղափոխություն

12/05/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Այսօր մեր ներքաղաքական կյանքում ամենաշատ քննարկվող թեման սա է՝ արդյոք
հետխորհրդային երկրներում սկսված հեղափոխությունների ալիքը Հայաստան
հասնելո՞ւ է, թե՞ ոչ: Գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները
տեսակետներ են հայտնում այդ հարցի վերաբերյալ՝ յուրաքանչյուրը՝ իր
ուղղվածությանը համապատասխան: Իշխանություններն ու իշխանամետ քաղաքական
գործիչներն ամեն կերպ փորձում են համոզել, որ Հայաստանում
իշխանությունների դիրքերն ամուր են, չկա հեղափոխության հասարակական
պահանջ, եւ որ նման հեղափոխությունները ներմուծվում են Արեւմուտքից ու ոչ
մի լավ բան չեն կարող տալ Հայաստանին: Ընդդիմադիրներն էլ ավելի շատ խոսում
են ոչ թե հեղափոխության, այլ իշխանափոխության մասին, ընդ որում, այնպիսի
շեշտադրումներով, թե իրենց դրսի աջակցությունը պետք չէ, եւ
իշխանափոխությունն իրականացնելու են բացառապես ներքին ռեսուրսների հաշվին
ու սահմանադրական ճանապարհով:

Անկախ նրանից, որ նման քննարկումներն ավելի շատ դեմագոգիայի են նմանվում,
ակնհայտ է, որ այնուամենայնիվ, ինչ-որ գործընթացներ սկսվել են եւ դրանք
այս կամ այն կերպ կապվում են հնարավոր հեղափոխության հետ: Անգամ
իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների՝ հրապարակայնորեն
ժողովրդավարության ջատագով ներկայանալու վերջին փորձերը ցույց են տալիս,
որ իշխանության ներսում նույնպես մտավախություն կա, որ հեղափոխական ալիքն
ուշ թե շուտ Հայաստան էլ է հասնելու, եւ իրադարձությունների նման
զարգացման դեպքում պետք է Արեւմուտքի համար ամենաընդունելին դառնալ: Մյուս
կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ անցած շաբաթ տեղի
ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում հնչած հայտարարությունները
ցույց տվեցին, որ իշխանությունները հեղափոխությունից «պաշտպանվելու» համար
ուզում են օգտագործել Ղարաբաղի հարցը: Այսինքն՝ ներքաղաքական կայունության
խախտումը կարող է վտանգել ղարաբաղյան հակամարտությունը, այնպես որ,
ընդդիմության ակտիվացումը կարող է որակվել՝ որպես ազգային դավաճանություն:
Մի խոսքով, որոշակի իմաստով իշխանությունները նույնպես պատրաստվում են
հնարավոր հեղափոխությանը՝ մի մասը՝ այն թույլ չտալու, մյուս մասը՝
հեղափոխության գլխավոր դերակատարների շարքում հայտնվելու համար:

Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը: Հաշվի առնելով վերջին շրջանում
արեւմտյան տարբեր շրջանակների կողմից Հայաստանի ներքաղաքական կյանքով
հետաքրքրվելու եւ անգամ գործողությունների տարբեր սցենարներ մշակելու
հանգամանքը, ընդդիմությունն իր նպատակին հասնելու համար բարենպաստ
պայմաններ ունի: Այսինքն՝ եթե Հայաստանում ընդդիմությունը կարողանա
ժողովրդական ալիք բարձրացնել, դրսի հնարավոր աջակցության խնդիր չի ունենա:
Խոսքը ոչ միայն գործնական ու տեխնիկական աջակցության մասին է, այլեւ՝
հեղափոխության արդյունքը լեգիտիմ ճանաչելու հնարավորության: Այսինքն՝ եթե
Հայաստանում հնարավոր լինի վրացական կամ ուկրաինական ճանապարհով
իշխանափոխության հասնել, միջազգային հանրությունը միայն դրական կընդունի
դա:

Ընդդիմության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում էին, որ
իշխանափոխության գործընթացը սկսվելու է ապրիլին: Մասնավորապես՝ 2004
թվականի ապրիլի 13-ի մեկամյակին: Եվ ահա ընդդիմությունը՝ ի դեմս
«Արդարություն» դաշինքի, որոշում է կայացրել ապրիլի 13-ին միջոցառում
անցկացնել Կառավարության Նիստերի դահլիճում: Ի՞նչ եք կարծում՝ նման ձեւով
հնարավո՞ր է հեղափոխություն կամ իշխանափոխություն իրականացնել: Դա ավելի
շուտ կարող է լինել ոչ թե հեղափոխության սկիզբ, այլ եւս մեկ ապացույց, որ
այսօրվա ընդդիմությունն ի վիճակի չէ կոնկրետ գործողությունների դիմել:
Այսպիսով, սկսվում է «դահլիճային հեղափոխությունների» շրջանը: