Ձվերով խփել են

08/12/2007

Այսօր տեղի է ունենալու ընդդիմության հանրահավաքը, որի ընթացքում ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եվ, քանի որ հեռուստաեթերը գտնվում է վերահսկողության տակ, ու այդ հանրահավաքի մասին հեռուստատեսության միջոցով հնարավոր չէ հանրությանն իրազեկել, երեկ` արդեն երկրորդ օրը, բնակչությանն իրազեկելու նպատակով քայլերթ էր կազմակերպվել Մաշտոցի պողոտա-Տերյան-Կորյուն-Աբովյան փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ: Քայլերթի մասնակիցներն անցորդներին բաժանում էին հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ ու նախորդ հանրահավաքում հնչած Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը՝ DVD տարբերակով: Եվ քանի որ երեկ 1988-ի երկրաշարժի տարելիցի օրն էր, երթի մասնակիցները բարձրախոս չէին օգտագործում: Բացի անցորդներին նշված թռուցիկներն ու տեսասկավառակները բաժանելուց, թռուցիկներ էին փակցվում երթուղու վրա գտնվող համապատասխան վայրերում, ամրացվում էին կայանված մեքենաների վրա եւ այլն: Անցորդներից շատերը հետաքրքրությամբ վերցնում եւ ուսումնասիրում էին դրանք: Լինում էին նաեւ դեպքեր, երբ մարդիկ ուղղակի հրաժարվում էին վերցնել DVD-ները կամ թռուցիկները: Երթին ուղեկցում էին մի քանի ոստիկաններ՝ ոստիկանական համազգեստով, մի քանիսն էլ՝ քաղաքացիական հագուստով` նկարահանում էին երթի մասնակիցներին: Երթին տարբեր վայրերից հետեւում էին նաեւ մուգ ապակիներով մեքենաներից: Երբ մասնակիցները հասան Կորյուն ու Աբովյան փողոցների խաչմերուկի մոտ, հենց այն վայրը, որտեղ տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ի հայտնի պրովոկացիան, դիմացի մայթից 18-19 տարեկան մի քանի տղաներ ձվեր շպրտեցին երթի մասնակիցների ուղղությամբ ու փախան: Ոստիկանները որեւէ կերպ չարձագանքեցին: Երթի մասնակիցները նրանց հետեւից չընկան, այլ մի քանի անգամ վանկարկեցին՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ» ու շարունակեցին իրենց ակցիան: Սակայն մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում, այս անգամ՝ արդեն գետնանցումի մոտից, դարձյալ ոմանք ձվեր նետեցին երթի մասնակիցների վրա: Ոստիկաններն իրենց պահեցին ճիշտ այնպես, ինչպես 5-10 րոպե առաջ տեղի ունեցած նման դեպքի ժամանակ: Մարդկանց իրազեկելու նպատակով փողոց դուրս եկած մարդիկ՝ մոտ 20-30 հոգի, չընկան ուրիշների ձեռքին գործիք դարձած պատանիների հետեւից ու շարունակեցին իրենց ակցիան, որն ավարտվեց Հանրապետության հրապարակում: