«Մեր գործունեության մեջ մենք առաջնահերթ ենք համարում հակակոռուպցիոն ծրագիրը»,- երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը` նկատելով, որ խոսքն այն ծրագրի մասին է, որը կառավարությունն այսօր որոշել է նորից մշակել: «Պարզվեց, որ հին հակակոռուպցիոն ռազմավարությունն իր դերը չունեցավ, եւ նաեւ այդ ռազմավարության կատարման մեխանիզմները, մանավանդ, գոյություն չունեցան: Դուք կարող եք վերցնել նախկին ծրագիրը եւ կարդալ, ու կհամոզվեք, որ նախկին ծրագրի մեջ գրված են հեռահար խնդիրներ: Այդ խնդիրները չեմ կարծում, որ լուծվել են, եւ այդ պատճառով է, որ նոր ծրագիր մշակելու խնդիր է առաջացել: Ես կարծում եմ, որ ընդամենը պետք է ընդունել այն իրողությունը, որ նախկին ծրագիրը լիակատար չէր եւ չէր արտահայտում այն բոլոր մոտեցումները, որոնք այսօր իսկապես պետք է որդեգրել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում»,- հայտարարեց նա` եւս մեկ անգամ կարեւորելով ՀՅԴ մոտեցումը, թե անհրաժեշտ է ստեղծել միասնական հակակոռուպցիոն մարմին, որն այդպես էլ չստեղծվեց: Հ. Կարապետյանը հույս ունի, որ նորաստեղծ Վերահսկիչ պալատը վճռական դերակատարում կունենա կոռուպցիայի դեմ պայքարի գործում: «Բայց եւ կոռուպցիայի դեմ պայքարելու համար նախեւառաջ պետք է քաղաքական կամք, նախեւառաջ պետք են այնպիսի քաղաքական ուժեր, որոնք իսկապես կպայքարեն այդ երեւույթի դեմ եւ օրենքի առաջ բոլորին կդնեն հավասար վիճակում, անկախ զբաղեցրած պաշտոնից»,- նշեց նա: