«Ինչքան շատ ադրբեջանցի դատվի, այնքան մեր օգուտը կլինի»

12/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ադրբեջանական «Էխո» թերթի տարածած այն լուրը, թե Բաքվի հանրախանութներում
վաճառվում է Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքը, ըստ գործարանի
լրատվական բաժնի պետի՝ չի համապատասխանում իրականությանը: Երեւանի
ոսկերչական գործարանի լրատվական բաժնի պետ պրն Կիրակոսյանը պաշտոնապես
հերքեց այդ լուրն՝ ասելով, որ «հնարավոր չէ իրենց գործարանի արտադրանքն
Ադրբեջանում վաճառվի, իսկ եթե լավ տրամաբանենք՝ կհասկանանք, որ դա
ադրբեջանական ֆանտազիայի հերթական գլուխգործոցն է»: Նրա կարծիքով, ի վերջո
աշխարհը պետք է հասկանա, որ Ադրբեջանի արած յուրաքանչյուր հայտարարություն
անհրաժեշտ է հակառակ իմաստով ընկալել: Վերջինս բացառեց նաեւ այն
հանգամանքը, որ հայկական ոսկին Ադրբեջան ներմուծելու գործում իր ներդրումն
ունի Ռուսաստանում գտնվող Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքի
առեւտրով զբաղվող «Դադլես Մ» ֆիրման: Պրն Կիրակոսյանի պատասխաններն
այնքանով էին զավեշտական, որ նա եւ՛ հերքում էր, թե դրանք իրենց գործարանի
արտադրանքն են, եւ՛ միեւնույն ժամանակ ասում, թե՝ ես ի՞նչ իմանամ՝ ինչ
ճանապարհով է ներմուծվում Ադրբեջան. «Ես էլ ձեր նման լրագրող եմ, ես ի՞նչ
իմանամ,- ասաց նա,- բայց մյուս կողմից էլ, լավ է, էլի մեր արտադրանքն
աշխարհով մեկ ռեկլամ են անում, եթե իհարկե վերջնականապես չեն խելագարվել:
Իսկ դա որտե՞ղ եք կարդացել, ճիշտն ասած, այսօր ինձ ասացին, որ նման լուր է
տարածվել, բայց չեմ կարդացել»: Ի դեպ, Միլի մեջլիսի պատգամավոր Մայիս
Սաֆարլիի այն կարծիքը, թե անհրաժեշտ է ընդունել օրենք, որը կարգելի ՀՀ-ում
պատրաստված ցանկացած արտադրանքի վաճառքը Ադրբեջանում՝ Երեւանի ոսկերչական
գործարանի լրատվականի բաժնի պետը, կարելի է ասել, ողջունում է. «Դե՛,
ինչքան շատ ադրբեջանցի դատվի, այնքան մեր օգուտը կլինի: Հասկանում եք,
չէ՞, ինչ իմաստով եմ ասում»: