«Փոխարինող մայրերի» պահանջարկ կա

08/12/2007

Երեւանի մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գեորգի Օկոեւն «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում, այսպես կոչված, «փոխարինող մայրերի» միջոցով երեխա ունենալու եղանակը բավականին պահանջարկ ունի: Դա այն է, երբ կինն անհաջող ծննդաբերությունների հետեւանքով կամ ի ծնե չունի արգանդ, սակայն ունի ձվարան, եւ բժշկական համապատասխան միջամտության շնորհիվ հնարավոր է, որ հիվանդ կնոջ երեխային իր արգանդում կրի եւ զարգացնի մեկ այլ կին: Այդպիսով, երեխան կրում է իր կենսաբանական ծնողների գեները, սակայն զարգանում է այլ կնոջ արգանդում: Գ. Օկոեւի խոսքերով` այս մեթոդը մեզանում բավականին անհրաժեշտ է, քանի որ նման առողջական խնդիրներ հայ կանանց մոտ բավականին հաճախ են գրանցվում: Ներկայումս նման միջամտության դիմելու շուրջ 60 դիմում է ստացվել, սակայն այս դեպքում առկա է «փոխարինող մայրերի» սակավության խնդիրը, ինչի մասին համապատասխան հայտարարություններ են տարածվում: