Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Փտախտով հիվանդ մահամերձ կինը» հրապարակմանն արձագանքեց ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Վերջինս ՀՀ ԱՆ Աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանին հանձնարարել էր այցելել հիվանդ Ելենա Անդրեասյանին եւ կազմակերպել նրա բուժման հարցը: Հիշեցնենք, որ հիվանդին մենք հանդիպել էինք Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող հանրակացարանում: Հիվանդ կինը ծայրահեղ վատ վիճակում էր, նրա ոտքի կտրվածքից թարախ էր հոսում: Առողջապահության նախարարի հրահանգով՝ Գ. Սայադյանի եւ համապատասխան մասնագետի հետ այցելեցինք տիկին Ելենայի տուն, որտեղ տեղում մասնագետը նրա վիճակին ծանոթացավ: Այնուհետեւ, Գ. Սայադյանն անմիջապես միջոցներ ձեռնարկեց, Շտապօգնության ծառայությանը հանձնարարեց մասնագետների, սանիտարների շտապ օգնության բրիգադ ուղարկել եւ հիվանդին տեղափոխել համապատասխան բուժհիմնարկ: Երեկ մենք այցելեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխել էին տիկին Ելենային: Հիվանդի վիճակն անհամեմատ լավ էր, եւ նա գտնվում էր օրթոպեդ-տրավմատոլոգ Արսեն Ավագյանի եւ անոթային վիրաբույժ Արամ Բադալյանի հսկողության տակ: Ի տարբերություն նախորդ օրվա, երբ հիվանդ կինը միայն գանգատվելով բղավում էր, երեկ նա բավականին հանգիստ էր: Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանի հետ մենք զրուցեցինք եւ տեղեկացանք Ե. Անդրեասյանի հիվանդության պատմության մասին: Նախկինում նրան բուժող բժիշկ Ա. Ավագյանը վստահեցրեց, որ հիվանդի առողջական վիճակը բարդացել է ոչ հետեւողական խնամքի պատճառով: Ե. Անդրեասյանի աղջիկը, ով խոստացել էր պատշաճ կերպով խնամել մորը, վիրակապերը չի փոխել, եւ հիվանդի վիճակը բարդացել է: Տիկին Ելենան այլեւս բժիշկների հսկողության տակ է, եւ մենք հետեւողականորեն կհետաքրքրվենք նրա առողջական վիճակով: