Չնմանվեք ՌԴ-ին

07/12/2007

«Հայաստանյան ընտրությունները չպետք է նմանվեն Ռուսաստանի ընտրություններին»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով նոր համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն: «Ցանկանում եմ, որ Հայաստանի նախագահի ընտրություններն այնպես չընթանան, ինչպես Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները: Ըստ արեւմտյան դիտորդների՝ Դումայի ընտրությունները հավասար պայմաններում չեն ընթացել»,- ասել է ֆրանսիացի պատգամավորը: «Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետին, ինչպես նաեւ՝ դրանից հետո հանդիպածս քաղաքական ուժերին ասել եմ, որ ամեն ինչ պետք է արվի, որ առաջիկա ընտրությունները Հայաստանում ավելի լավ ընթանան, քան 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները: Ասում են, թե վատ չեն անցել այդ ընտրությունները, բայց ամեն ինչ պետք է անել, որպեսզի փետրվարի 19-ի ընտրություններն է՛լ ավելի բարելավվեն»,- ասել է Կոլոմբիեն, ով երեկ հանդիպել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին եւ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին: