Պարտվել է

07/12/2007

Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լեւոն Արոնյանը չկարողացավ պահպանել այս տիտղոսը, որը նվաճել էր 2 տարի առաջ: Արոնյանը երեկ անհաջողության մատնվեց Խանտի Մանսիյսկում ընթացող խաղարկության 1/8-րդ եզրափակիչում: Լեւոն Արոնյանի մրցակիցն էր Դիմիտրի Յակովենկոն: Հիմնական 2 պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի: Երեկ կայացան լրացուցիչ 2 պարտիաները, որոնք անցկացվեցին արագ շախմատի կանոններով: Արոնյանն արագ շախմատում բավական հաջող է հանդես գալիս, եւ թվում էր՝ այս անգամ եւս հաջողության կհասնի: Սակայն նա պարտվեց առաջին պարտիայում, իսկ երկրորդն ավարտեց ոչ-ոքիով: Այսպիսով, Հայաստանն աշխարհի գավաթի խաղարկությունում այլեւս մասնակից չունի: Նախօրեին անհաջողության էր մատնվել նաեւ Վլադիմիր Հակոբյանը, իսկ մինչ այս պայքարից դուրս էր մնացել Զավեն Անդրեասյանը: