«Բյուջեի ծախսային, մուտքային, եկամտային մասը զգալիորեն աճել է, եւ, բնականաբար, այդ թվերի տակ քողարկված են քայլեր, որոնք կիրականացվեն սկսած հունվար ամսից: Ես այդ բյուջեն ԱԺ-ում անվանել եմ հավակնոտ»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը: «Այստեղ կարեւորն այն է, որ, իրոք, պետք է քրտնաջան աշխատել, որովհետեւ նախ՝ մենք պետք է կարողանանք երկու խնդիր լուծել: Առաջին խնդիրն այն էր, որ պետք է կարողանանք կրճատել ստվերը, ավելացնել հավաքագրումը, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ծախսերը: Եվ երկրորդ` պետք է կարողանանք ավելացնել ՀՆԱ-ն: Որպեսզի կարողանանք կատարել 2008թ. բյուջեն, մենք առնվազն պետք է ունենանք 10 միլիարդից ավելի ՀՆԱ: Մենք ընդամենը 2 տարի առաջ ունեինք համարյա 5 միլիարդի շահույթ, եւ եթե 2 տարի առաջ մեկ շնչին հասնող արդյունքով մենք ունեինք ընդամենը 1500 դոլար, հաջորդ տարվա վերջում ունենալու ենք 3500 դոլար: Պետք է աշխատենք, ես ասում եմ, որ դա քրտնաջան աշխատելու բյուջե է, ինչպես ուզում եք` հասկացեք»,- հավելեց նա: