Անարդյունավետ կարգավորիչ

07/12/2007 Էդուարդ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Դրամի փոխարժեքը շարունակում է արագորեն ամրապնդվել: Դա նշանակում է, որ «Ո՞վ է մեղավոր» եւ «Ի՞նչ անել» հավերժական հարցերը դեռեւս երկար չեն կորցնի իրենց արդիականությունը: Այս հարցերին ճիշտ պատասխանելու համար պատկերացնենք նման իրավիճակ. դոլարի փոխարժեքն ընկնում է մինչեւ 25 դրամ: Եվ ի՞նչ, մեկ կիլովատտ էլեկտրաէներգիայի համար մենք պետք է վճարենք 1 դոլար կամ հասարակական տրանսպորտում երթեւեկելու համար` 4 դոլար, հացի համար՝ 4 դոլար, 4 դոլար՝ թերթի եւ 15 դոլար` մեկ լիտր բենզինի համա՞ր: Իսկ Հայաստանի ՀՆԱ-ն միանգամից կդառնա 90 մլրդ դոլար` ներկայիս 7-ի դիմա՞ց: Անհեթեթություն է` կասեք ու միանգամայն ճիշտ կլինեք: Այս հասարակ օրինակը պարզորոշ ցույց է տալիս, որ հիմնական խնդիրը դրամի ամրապնդումը չէ, այլ դրամային գների չիջնելը: Ինչո՞ւ դրամային գները չեն իջնում դրամի ամրապնդման պայմաններում: Կան երկու հիմնական պատճառներ: Առաջինը, ինչպես հայտնի է, շուկայի մոնոպոլիզացիան է: Շուկայական տնտեսության մեջ գները որոշվում են մրցակցությամբ: Դրամային գների չիջնելը նշանակում է՝ շուկայում մրցակցության բացակայություն: Մենք, իհարկե, մինչեւ դրամի ամրապնդումն էլ կասկածում էինք հայկական շուկայի մոնոպոլիզացիայի մասին: Բայց դրամի ամրապնդումը լակմուսային թղթի նման ապացուցեց, որ այդ մոնոպոլիզացիան գրեթե համատարած բնույթ է կրում: Ընդ որում, մոնոպոլիզացիա պետք է համարել ոչ միայն այս կամ այն շուկայի տիրապետումը, այլեւ շուկայի հիմնական մասնակիցների միջեւ գնային պայմանավորվածությունը:

Նման իրավիճակը հնարավոր դարձավ կառավարության կողմից իրական հակամենաշնորհային պայքար չիրականացնելու պատճառով: Մենք բազմիցս նշել ենք, որ պետք են արմատական օրենսդրական փոփոխություններ եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավասությունների լուրջ ընդլայնում: Դա նրան պետք է թույլ տա շուկայի դեմոնոպոլիզացիայի եւ մրցակցության հարկադիր ստեղծման ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել, այլ ոչ թե սահմանափակվել մոնոպոլիստներին անօգուտ կերպով տուգանելով, ինչի համար, ի վերջո, վճարում են սպառողները:

Երկրորդ պատճառը կապված է բնական մոնոպոլիաների հետ: Վերոհիշյալն ամբողջովին վերաբերում էր շուկայական գների կարգավորմանը, սակայն, բացի շուկայական գներից, կան նաեւ բնական մոնոպոլիստների ոչ շուկայական սակագները: Վերջիններս պետության կողմից կարգավորվում են հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի միջոցով: Դրանք էլեկտրաէներգիայի, գազի, հեռահաղորդակցության, այլ հանրային ծառայությունների սակագներն են: Այստեղ եւս մեր պետությունը չի կատարում կարգավորիչի իր դերը՝ բնական մոնոպոլիաներին թույլ տալով ստանալ հսկայական չվաստակած դոլարային գերշահույթ: Մինչդեռ դրամի փոխարժեքի ամրապնդմանը զուգահեռ՝ նա պետք է ստիպեր իջեցնել դրամային սակագները, ինչը շղթայաբար կհանգեցներ շուկայում դրամային գների ընդհանուր իջեցմանը: Առաջին հերթին դա վերաբերում է էներգակիրներին: Չէ՞ որ վերջինիս արժեքը մտնում է բոլոր ապրանքների եւ ծառայությունների գնի մեջ: Այստեղ կարելի է հիշել, որ 2006թ. վերջին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը բնակչության համար 9 տոկոսով իջեցրեց գազի դրամային սակագինը, բայց այս միջոցառումը կրեց միանվագ բնույթ եւ չհամապատասխանեց դրամի փոխարժեքի ամրապնդման տեմպերին: Համալիր եւ արմատական լուծում է անհրաժեշտ բոլոր սակագների համար: Այսպիսով, դրամի փոխարժեքի ամրապնդման պայմաններում դրամային գների չիջնելու համար հիմնական մեղավորը կառավարությունն է, որը չի կարողանում կատարել արդյունավետ կարգավորողի դերը:

«Դելովոյ էկսպրես»