Ռեկետ՝ ներտնային սպասարկման անվան տակ

07/12/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

2005թ. նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մենաշնորհը հանձնեց «ՀայՌուսգազարդին»:

Եվ այդ օրվանից միայն «ՀայՌուսգազարդն» իրավունք ունի բաժանորդների բնակարաններում իրականացնել գազասպառման համակարգերի ստուգում, անվտանգության պահպանում եւ անսարքությունների վերացում: Այս որոշումից հետո նույն հանձնաժողովը հաստատեց նաեւ տվյալ ծառայությունների համար պահանջվող սակագները՝ գազօգտագործման 1 սարքավորման համար՝ 2400 դրամ, 2 սարքավորման դեպքում՝ 5700 դրամ, իսկ երեքի համար՝ 6900 դրամ: Նույն թվականի դեկտեմբերի 9-ին հանձնաժողովը հաստատեց նաեւ պայմանագրի նոր ձեւը: Եթե մինչ այդ բաժանորդները «ՀայՌուսգազարդի» հետ պայմանագիրը կնքում էին միայն մատակարարման համար, ապա 2006թ. հունվարի 1-ից՝ նաեւ տեխնիկական սպասարկման համար: Այդ իսկ պատճառով պայմանագրի գրքույկում ավելացավ «Համաձայնագիր» բաժինը: Այսինքն` բնակիչը մատակարարման պայմանագիրը կնքելով՝ մեխանիկորեն դառնում է բաժանորդ նաեւ տեխնիկական սպասարկման համար: Ցանկության դեպքում նա չի կարող մատակարարումից օգտվել, իսկ սպասարկումից՝ ոչ, որովհետեւ պայմանագիրն արդեն ստորագրել է: Իսկ համաձայնագրի «Կողմերի պարտավորությունը» բաժնի «Գ» կետը սահմանում է, որ «Բաժանորդը պարտավոր է սահմանված ժամկետներում ու կարգով վճարել Մատակարարի կողմից մատուցած ծառայության համար»: Այսինքն՝ բաժանորդն այլընտրանք չունի, որովհետեւ ՀԾԿՀ-ն իր որոշումով արդեն պարտադրում է օգտվել եւ վճարել: Մինչ հանձնաժողովի այս որոշումը Հայաստանում կային բազմաթիվ կազմակերպություններ, որոնք իրականացնում էին գազասպառման համակարգի ներտնային սպասարկումը: Սակայն ՀԾԿՀ որոշումից հետո այդ կազմակերպություններն այլեւս իրավունք չունեին նման գործունեություն իրականացնել: Ու նաեւ տեխնիկական սպասարկման մենաշնորհը բաժին հասավ «ՀայՌուսգազարդին»:

Կարճ ժամանակում բաժանորդների հին պայմանագրերը փոխարինվեցին նորով, սակայն նոր պայմանագիրը ստորագրելուց հետո ոչ բոլոր բաժանորդներն էին վճարում այդ պարտադիր սպասարկման վարձը: Բնակիչներից շատերը դժգոհում են, որ «գազի մարդիկ» գալիս են իրենց տուն եւ հաճախ սարքավորումներն առանց նայելու՝ հեռանում են՝ համարելով, որ իրենց գործը կատարել են: «Էդ աշխատողը եկավ մեր տուն, հարցրեց՝ հոպար, պրոբլեմ ունե՞ք: Ասացի` չէ: Ասաց՝ դե, ակտը ստորագրի, գնամ,- պատմում է բաժանորդներից մեկը: -Էլ չնայեց, թե ի՞նչ կա-չկա»: «Իմ տանը նայելու բան էլ չկա,- ասում է մեկ այլ բաժանորդ: -Ես գնել եմ ջեռուցման համակարգ եւ գազօջախ, եւ խանութի աշխատողներն են եկել-տեղադրել: Այդ մասնագիտացված խանութների աշխատողները «ՀայՌուսգազարդի» աշխատողներից շատ ավելի որակյալ են: Եվ եթե կարիք լինի, ես կդիմեմ խանութի աշխատողներին: Ես դեմ չեմ, անվտանգության համար կդիմեմ «ՀայՌուսգազարդին» եւ կվճարեմ, սակայն սպասարկման համար նրանց չեմ դիմի»:

Հավանաբար սպասարկման վճարը բոլոր բաժանորդներից գանձել չկարողանալու համար «ՀայՌուսգազարդը» շենքերի մուտքերում գրություն է փակցրել, թե՝ «խնդրում ենք ժամանակին կատարել բնական գազի ՆԵՐՏՆԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ամսական վճարումները, հակառակ դեպքում Ձեր գազամատակարարումը կդադարեցվի առանց զգուշացման»:

«Ես անցած տարի եմ ջեռուցման համակարգը տեղադրել, եւ տեղադրող խանութը 2 տարվա սպասարկման երաշխիք է տվել,- ասում է մեր զրուցակիցներից մեկը: -Խնդիրներ ունենալու դեպքում այս տարի էլ կարող եմ նրանց դիմել: Իսկ եթե ես այս երկու տարում գազի մարդկանց կարիքը չեմ զգում, ինչո՞ւ պիտի նրանց վճարեմ: Բայց եթե չտամ, կգան ու կանջատեն: Բողոքել կամ դատի տալ չեմ կարող, որովհետեւ վճարելը պարտադրված է: Ստացվում է մի անգրագետ ու անպատասխանատու տեռոր: Եվ այդ տեռորը հանձնաժողովի պատճառով է: Ուրեմն կամ նրանք չեն հասկացել, թե ինչ են անում, կամ էլ նրանք մեծ փող ունեն այդտեղից»:

2005թ. նոյեմբերին գազասպառման ներտնային համակարգի սպասարկման մենաշնորհը «ՀայՌուսգազարդին» հանձնելիս՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, թե այդ միտքը «ՀայՌուսգազարդինը» չէ, իրենցն է: Իրենք են խնդրել մատակարարին՝ ստանձնել այդ «ծանր բեռը», որովհետեւ գազի պատճառով վթարները եւ դրանց հետեւանքով զոհերը շատ են: Իսկ ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե հաշվարկել եւ գտել են, որ այդ ծառայությունն իրենց համար վնասատու է լինելու: Մոտավոր հաշվարկ կատարենք, թե այդ «ծանր բեռը» որքան վնաս է տալու «ՀայՌուսգազարդին»: Երեկ տեղեկատվություն հրապարակվեց, թե մինչեւ տարեվերջ ընկերությունը կունենա 515.000 բաժանորդ: Վստահաբար կարող ենք ասել, որ նրանցից յուրաքանչյուրն ունի գազօգտագործման 2 սարքավորում, շատերն ունեն նաեւ 3 կամ 4 սարքավորում: Սակայն հաշվարկը կատարենք 2-ի, այսինքն` 5700 դրամ սպասարկման վարձի դեպքում: Եվ կստանանք, որ միայն 2008թ. այս ծառայությունը կբերի մոտ 3,1 մլրդ դրամի եկամուտ:

Ճիշտ է, այս սպասարկումն իրականացնելու համար ընկերությունը պետք է ձեռք բերի մեքենաներ, համակարգիչներ, սարքավորումներ, սակայն դա ամեն տարի չի անելու: Դժվարն առաջին 2 տարիների համար է, որն արդեն անցել է: Հաջորդ տարիներին այս սպասարկման համար նորաստեղծ «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ն կամ «ՀայՌուսգազարդն» ունենալու են արդեն նկատելի շահույթ, որը լինելու է բաժանորդների հաշվին:

«Գազ սպառող շատ երկրներում, թեկուզ՝ նույն Ռուսաստանում կամ Վրաստանում, նման ծառայություն կամ առանձին վճար գոյություն չունի,- ասում է սպառողների իրավունքների պաշտպան Աբգար Եղոյանը: -Դա շատ չնչին չափով մտած է սակագնի մեջ, եւ մատակարար ընկերության աշխատակիցներն իրականացնում են ստուգումները: Բացի այդ, մեր երկրի դեպքում այդ սպասարկման ծախսերը բավականին ուռճացված են: Մենք առաջարկում էինք չգնել առանձին համակարգիչ կամ չվարել առանձին հաշվապահություն: Դա թող անեն «ՀայՌուսգազարդի» տեղամասերում, պարզապես սպասարկման համար համապատասխան վարպետներ պահեն: Իսկ այս դեպքում պետք է տեղամասի առանձին պետ, հաշվապահ եւ նման այլ աշխատողներ պահել: Դա տեղին չէ, աշխատակազմը բավականին ուռճացված է, ուռճացված են նաեւ ծախսերը, որը դուրս է գալիս մեր բոլորի գրպանից»:

Հ.Գ.
Նյութը պատրաստ էր հրապարակման դեռեւս անցյալ շաբաթ, սակայն որպեսզի այն միակողմանի չլինի, մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ «ՀայՌուսգազարդից» կամ «Էյ-Ի-Ջի սերվիս» ընկերությունից: «ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվական ծառայության պետ Շուշան Սարդարյանը խոստացավ, որ առաջիկայում անպայման գազասպառման ներտնային համակարգի սպասարկման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրեն: