Կասկածում է

07/12/2007

«Թըրքիշ դեյլի նյուսում» երեկ լույս տեսած հոդվածի հեղինակ Ջեմ Օգյուզը, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական գործընթացները հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման հնարավորության տեսանկյունից, գրել է, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերադառնալով քաղաքականություն եւ 2008-ի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելով, իր հրապարակային ելույթներում ընդգծում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու եւ երկրի տարածաշրջանային մեկուսացմանը վերջ տալու անհրաժեշտությունը, ինչին, ըստ Հայաստանի առաջին նախագահի, խոչընդոտում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած «ավազակապետության» վարած քաղաքականությունը:

Հիշեցնելով, որ հենց Տեր-Պետրոսյանն էր գլխավորում 1988թ. սկզբներին հիմնված «Ղարաբաղ» կոմիտեն, հոդվածագիրը շարունակում է, թե «1998թ. ղարաբաղյան վեճի աստիճանական լուծում ենթադրող միջազգային խաղաղության օգտին հանդես գալու համար նրան հրաժարական պարտադրեցին իր առանցքային նախարարները՝ այն ժամանակվա վարչապետ Քոչարյանի, ինչպես նաեւ Սարգսյանի գլխավորությամբ»: «Իրո՞ք նա այժմ անկեղծ է, կամ ավելի անկեղծ է, քան Քոչարյանը եւ նրա զինակիցները,- հարց է տալիս Օգյուզը,- Ադրբեջանցիներն այդպես չեն կարծում: Նրանք գտնում են, որ ԱՄՆ-ը կարող է սատարել Տեր-Պետրոսյանին՝ հույսով, որ նա կորդեգրի ավելի արեւմտամետ դիրքորոշում եւ կնպաստի Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության կրճատմանը: Նրանք նաեւ վախենում են այն հնարավորությունից, որ Վաշինգտոնը կարող է Բաքվի նկատմամբ ճնշում գործադրել՝ ղարաբաղյան հակամարտության որեւէ լուծում պարտադրելով»: «Կարո՞ղ է արդյոք Տեր-Պետրոսյանի ընտրությունն իրոք լույս դառնալ թունելի վերջում: Անկեղծորեն ասած՝ կասկածում եմ: Սակայն հստակ է, որ նա շատ ավելի լավը կլիներ, քան Քոչարյանը եւ Սարգսյանը»,- ամփոփում է իր հոդվածը «Թըրքիշ դեյլի նյուսի» մեկնաբանը: