Փտախտով հիվանդ, մահամերձ կինը

07/12/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր այցելության ժամանակ Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանի 7-րդ հարկի դռներից մեկի ետեւից կնոջ ճիչ էր լսվում: Նույն հարկի բնակիչները սառնասրտորեն արձագանքելով այդ ճիչերին` անտարբերությամբ այս ու այն կողմ են անցնում:

Հարցնում եմ՝ «Էս ի՞նչ ձայն է, կարո՞ղ է ինչ-որ բան է պատահել»: Հարեւաններն ասում են՝ «Չէ՛, էդ ոռնոցն ամեն օր լսում ենք: Էստեղ հիվանդ կին ա ապրում, ոտքերը գանգրենա ա, ցավից ա լաց լինում: Չմտնես հանկարծ, քեզ դուրս կհանի, վրեդ կգոռգոռա, ինքը շատ ագրեսիվ ա դարձել իրա հիվանդությունից»: Դուռը թակում եմ, սակայն ներսից միայն լուտանքների, բղավոցի ու զայրույթի ձայներ են հնչում: Որքան դուռը թակում եմ, այնքան ներսում ինչ-որ մեկն էլ ավելի է զայրանում: Դռան փականը շարժելով՝ ուզում եմ ներս մտնել, սակայն բնակիչները վրա են տալիս. «Աղջիկ ջան, որ ասում ենք՝ մի մտի, ուրեմն՝ մի բան գիտենք, չէ՞: Դե՛, որ էդքան համառ ես, ուրեմն՝ հակագազ հագի, նոր մտի»։ Սա ասում է հարակից սենյակի բնակիչն ու սկսում է քահ-քահ ծիծաղել:

Սենյակի դուռը բացելուն պես՝ էս աշխարհի գեղեցիկ ու դրական ամեն բան անմիջապես դառնում են հոտած ու տգեղ, որովհետեւ այս տան գարշահոտը խեղդամահ է անում: Հիվանդ կնոջ տան օդը շնչահեղձ անելու չափ ճնշող է: Ուզում եմ դուրս փախչել ու մի քիչ օդ շնչել, բայց մեկ էլ ձայն եմ լսում։ «Քեզ ո՞վ կանչեց, որ եկար, հը՞… Դրանց նման եկել ես, որ ինձ ծաղրես, հա՞: Դուրս արի, դուրս արի, թող ես տառապեմ իմ ցավի մեջ: Հերիք ա ինձ տանջեք…»,- ասում է սենյակի պատի անկյունում հատակին պառկած կիսամեռ կինը: Հիվանդի վիճակը տեսնելուց հետո լեզուս չի պտտվում, որ պատասխանեմ: Սենյակի սաստիկ ցրտի ու գարշահոտի պայմաններում հատակին պառկած կնոջ տեսարանն ուղղակի դժոխք է հիշեցնում: Ասում եմ՝ «Դռան ետեւից ձեր ձայնը լսեցի, կարո՞ղ եմ ինչ-որ բանով օգնել ձեզ»: Բղավելով պատասխանում է՝ «Ի՞նչ պիտի օգնես, բոլորի պես պիտի նայես, խղճաս ու հեռանաս: Բոլորի պես պիտի ոտքերս տեսնես ու վախենաս, բայց հետո վրաս սրանց պես ծիծաղես, չէ՞: Չեմ հավատում, դուրս արի, գնա: Թողեք իմ ցավի մեջ ես մեռնեմ, հերիք ա ինձ անհանգստացնեք, բոլորդ էլ կորեք էստեղից, չեմ ուզում ոչ մեկին տեսնեմ»:

Ելենա Անդրեասյանը 57 տարեկան է, բայց մարմնի ցավից ծերացել, կորցրել է կենսունակությունը: Ցավից չարացած է բոլորի հանդեպ: Ասում եմ՝ «Հանգստացեք, ես ուղղակի ուզում եմ, որ մի քիչ խոսենք»: Տիկին Ելենան հասկանալով իր վերաբերմունքի անարդարությունը, սկսում է անճարությունից բարձրաձայն լաց լինել: Մոտ 10 րոպե հեկեկում է, իսկ ես վախենում եմ անգամ նրան մոտենալ: «Եթե ուզում ես օգնել` ինչի՞ ես դեմքդ ծռմռել, գիտեմ, որ օդը ծանր ա, բայց ես պառկած տեղից վեր չեմ կենում, ոտքերս չեն աշխատում ու կարիքներս էլ հոգում եմ պառկած վիճակում»,- մի քիչ հանգստանալով՝ ասում է նա: Ասում եմ՝ «Դե՛, օդը ծանր է, մի քիչ վատ եմ զգում»: Ուզում է նորից գոռալ, բայց երեւի մտնում է դրությանս մեջ: Տիկին Ելենան նույնիսկ իր հիվանդությունը չի կարողանում բնորոշել: Ասում է, որ մարմինը թարախակալել է, հետո էլ, թե՝ քաղցկեղ ունի, սակայն ոտքն ամբողջովին փտել է, ոսկորները քայքայվել են: Ասում է, որ փտախտով է տառապում։ Նրա ոտքերի դաժան տեսարանը հնարավոր չէ նկարագրել: Ամիսներ առաջ նրա վիճակը շատ է վատացել, տարել են հիվանդանոց: «Բժիշկը ոտքս կտրեց, որ տեսնի՝ թարախ կա՞, թե՞ չէ, ու տենց կտրած էլ թողեց, ոչ վերքը կպնում ա, ոչ էլ: Էդ ժամանակվանից արնաթաթախ մինչեւ էսօր մնացել եմ, ոտքս հիմա բացվածք ունի: Կտրեցին ու տուն ուղարկեցին»,- պատմում է նա՝ ասելով, որ ոտքը կտրելուց հետո բժիշկներն ասել են, որ բուժելն անհնար է: Տիկին Ելենան անշարժ ապրում է, օր ու գիշեր իր սենյակի հատակին պառկած վիճակում: Հիվանդության հետ մեկտեղ՝ սովի ու ցրտի պայմաններում նա ողջ-ողջ մեռնում է: «Փարոսի» նպաստառուների ցանկում ընդգրկված չէ, իսկ թոշակ չի ստանում, որովհետեւ տարիքը չի լրացել: Թե ինչպես է այս կինը պաշտպանում իր գոյությունն, Աստված գիտե: Փտախտով հիվանդ կինն անգամ հաշմանդամության թոշակ չի ստանում: «Ինձ ոչինչ էլ չեն տալիս: Մեռնում եմ, մեռնում… Գնա, խնդրում եմ, ինչի՞ ես եկել, որ ինձ տանջե՞ս: Ինձ հարց մի տուր, գնա, գնա, չեմ ուզում, որ ինձ էս վիճակում տեսնես»,- դողդողացող ձայնով արդեն ոչ թե վռնդում, այլ խնդրում է տիկին Ելենան:

Հեռանում եմ, որովհետեւ զղջում եմ այս դռնից ներս մտնելուս համար: Զղջում եմ, որովհետեւ գուցեեւ պետք էր լսել նրա հարեւանների խորհուրդն ու ականատես չլինել այս ծանր տեսարանին: Դռան ետեւից խոսակցությանն ականջ դրած կանայք ասում են՝ «Գիտե՞ս ժամանակին ինչ մաքրասեր, կոկիկ ու գրագետ կին էր ինքը: Էս մի տարի ա, ինչ հիվանդացավ ու էս օրն ընկավ»: Գուցեեւ պետք չէր իմանալ, որ այս սոսկալի պայմաններում ապրում է մի կին, որն անօգնական վիճակում է: Երեւի ճիշտ են մեր երկրի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների ներկայացուցիչները, ովքեր նման մարդկանց պաշտպանելու համար տարեցտարի բյուջեի գումարներ են ավելացնում, բայց այդ գումարների հասցեատերերի տեղն էլ չգիտեն:

Տիկին Ելենայի տանից հեռանալուց հետո օրեր են անցել, բայց շնչառությանս մեջ ու աչքիս առջեւ դաջված այդ հոտն ու տեսարանն ամեն վայրկյան հիշեցնում են նրա մասին: