Շարունակելով տաքսու վարորդների հետ ունեցած մեր զրույցների շարքը, կրկին ներկայացնում ենք առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ նրանց կարծիքը:
«Ժողովուրդը սարդոստայնում հայտնված սարդ ա»
«Ես դաժե պատրաստ եմ էս երկրի նախագահ ընտրել մարքսիստ Դավիթ Հակոբյանին, մենակ թե սրանցից ոչ մեկը չընտրվի: Լեւոն Տեր-Պետրոսյանը իմ սեւ ցուցակի առաջին տեղում ա, որի վրա վաղուց եմ խաչ քաշել, որովհետեւ նրան ընտրելն իմ համար ինքնասպանության պես բան ա: Ես չեմ կարա բացատրեմ, թե էդ մարդու անունը լսելիս ոնց ա ներվերս տակնուվրա լինում: Սեւ ցուցակիս երկրորդ տեղում Սերժ Սարգսյանն ա, որովհետեւ հենց ինքն ու Քոչարյանն էս կրիմինալի զացեպկին հիմք դրեցին: Իրանց իշխանությունը գիտե՞ք ինչի ա նման, էն սարդի բներին, որ շուրջդ ցանց ա, ուր էլ ընկնես` մեկ ա՝ խճճվելու, մոլորվելու ես ու վերջդ սատկելն ա: Իրանց գործած սարդոստայնի մեջ գտնվող էսօրվա հայ ժողովուրդը գոյատեւում ա նենց, ոնց որ սարդոստայնի մեջ ընկած սարդը: Իմ սեւ ցուցակի երրորդ տեղում Արթուր Բաղդասարյանն ա, որը պատրաստ ա իրա 2 կոպեկի համար ծախվել եվրոպացիներին: Չորրորդ պատվավոր տեղում Տիգրան Կարապետյանն ա, որը պատերազմի տարիներին Ռուսաստանում կայֆավատ էր լինում, բայց էսօր պաշտոն ստանալու համար մեզ եթերից խաբում, ասում ա՝ բոլորս կռվել ենք Ղարաբաղի համար: Տո դու ո՞ւր էիր էն տարիներին, երբ հայ ազգը արյուն էր թափում, որ էսօր Ղարաբաղի անուն ես տալիս, ա՛յ Կարապետիչ Տիգրան,- զայրացած ասում է վարորդ Մուշեղը` ավելացնելով,- Մի խոսքով, չկա տենց թեկնածու, որ առանց ափսոսելու իրան քվեարկես: Գնալու եմ ընտրության ու էնքան որ մեկին ընտրելու համար քվեարկելու եմ, բայց հաստատ էս ասածներիցս ոչ մեկին ձայն չեմ տալու: Էս ընտրությունների շրջանը չեմ սիրում, որովհետեւ ամեն անգամ սկսում ես ջղայնանալ, անկապ տեղը կռիվների մեջ մտնել, բայց մեկ ա, ոչ մի արժանի մարդ չես գտնում: Դուք ավելի լավ ա մտածեք, թե մարդիկ ինչո՞վ են Նոր տարի անելու, որովհետեւ ամեն ինչի վրա իրանց հոր գինն են դրել: Ազգս հես ա պարտքերով Նոր տարի կանի ու սոված փորով կնստի: Բա վրացիների նման դուխով չլնեի՞նք, որ ազգովի հելնեինք ու էս կառավարությանը, էս բիզնեսմեններին ու խաբեբաներին ոտնատակ անեինք: Մեր ազգը, մեր ժողովուրդը խեղճ ա, դրա համար էլ սրանք նստել են գլխներիս ու քշում են: Եթե վրացիների պես դուրս գայինք փողոց ու պահանջներ ներկայացնեինք՝ էսօր մեր հետ սենց չէին վարվի: Ինչ օյին խաղում են՝ կուլ ենք տալիս, դրա համար էլ հըլը էնքան խաղեր կխաղան, մինչեւ որ կաշիներս ու ոսկորներս կմնա»:
Ժողովուրդը նվնվան է դարձել, լավ բաները չի ուզում տեսնել
Վարորդ Միհրանը մեր հայրենակիցներին կոչ է անում վերջ տալ հոռետեսությանը եւ երեւույթներին օբյեկտիվ գնահատական տալ. «Միշտ էլ պետք է լինեն բարեխիղճ եւ վատ պաշտոնյաներ, բայց մենք, չգիտես ինչու, միշտ վատին ենք մատնացույց անում: Էսքան քննադատում են բոլորին, բայց ես կարամ ասեմ, որ իրոք մենք ունենք լավ ղեկավար մարդիկ: Օրինակ՝ ես ո՞նց չասեմ, որ Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանը համայնքի լավ ղեկավար ա: Ինքը երբ դարձավ թաղապետ, սկսեց Ավանում բարեփոխումներ անել, ճաշարաններ բացել, ծերերին ուշադրություն դարձնել, բնակիչների մասին մտածել: Երբ ասում էինք՝ մեր թաղապետը լավն ա, մյուս համայնքների բնակիչները հակառակվում էին, թե՝ Տարոնը վարչապետի տղան ա, ինքը բյուջեից, այսինքն՝ հոր փողերով ա հարցեր լուծում: Բայց լուսահոգի Անդրանիկ Մարգարյանից հետո նրա գործունեությունը չփոխվեց: Հես ա ձմեռը կգա, ու կտեսնեք, որ քաղաքի բոլոր փողոցները սառցակալած կլինեն, բացի Ավանից: Ձմռանը մենք որ Ավանում պատվեր ենք ունենում՝ ուրախանում ենք, որովհետեւ գիտենք, որ ամենաբաց ու անվտանգ ճանապարհներն այդտեղ են: Մինչեւ հիմա էլ Ավանի ցանկացած բնակիչ գիտի, որ պրոբլեմի մեջ ընկնելու դեպքում կարա հույսը դնի իրա համայնքի ղեկավարի վրա: Մենք հարեւան տատիկ-պապիկ ունենք, որ անցյալ տարի ցրտից սառցակալում էին, թոշակառու էին, գազ քաշելու հնարավորություն չունեին: Մի քանի հարեւաններով հավաքվեցինք, դիմեցինք իրան, ու անմիջապես ինքը նախաձեռնեց, որ էդ թոշակառուներն էլ գազ ունենան»: «Մեր ժողովուրդը շատ նվնվան ա դարձել ու երբեք լավ բաների մասին չի խոսում: Օրինակ՝ էսօր նայում եմ «Բարեկամության» կամրջին ու հիանում եմ: Մտածում եմ՝ բա արժե՞ր էդքան հայհոյել, եթե վերջում սենց հզոր կամուրջ էր կառուցվելու: Ասենք, էն մարդիկ, ովքեր քաղաքապետին դարձրել էին էս երկրի թշնամին, էսօր էդ լայնամասշտաբ կառույցը տեսնելուց վատ չե՞ն զգում, իրանք իրանց մեջ անալիզ չե՞ն անում, որ ա՛յ մարդ, կարգին գործ են անում, բա արժե՞ր էդքան քարկոծել: Ուզում եմ ասել, որ մենք չպիտի ամեն ինչի մեջ վատ բան տեսնենք: Լավ բանի մասին էլ պիտի խոսանք, վատին էլ պետք ա սթափ գնահատական տանք,- ասում է Միհրանն ու վստահեցնում, որ ինքն ընտրելու է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին,- Որովհետեւ ինքը իմ ասածի պես լավին լավ ա ասում, իսկ վատին՝ վատ: Ես մինչեւ հիմա չեմ լսել, որ Րաֆֆին մեկի անձը վիրավորի, անտեղի հայհոյի: Էդ մարդը սխալների մասին խոսում ա ու կոչ ա անում էդ սխալներն ուղղել: Այսինքն՝ յուղ չի վառում»:
«Նոր տարվա անվան տակ ընտրակաշառք են բաժանելու»
«Ամեն ընտրության ժամանակ մեր երկրի հարուստների առատաձեռնությունը բռնում ա: Հես ա կտեսնեք, որ Նոր տարվա անվան տակ, նախագահական ընտրությունների քողի տակ ինչ նվերներ, կաշառքներ են բաժանվելու,- ասում է վարորդ Գուրգենը՝ վստահեցնելով, որ օլիգարխները շուտով շատ մեծահոգի են երեւալու,- Ինչո՞ւ եմ ասում` երեւալու, որովհետեւ բարի գործ անողը երբեք էդ մասին չի ասում, իսկ սրանք մի տոպրակ նվեր են տալիս ու 10 րոպեն մեկ հեռուստացույցով ցույց են տալիս: Գրազ կգամ, որ հես ա, Նոր տարուն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Տիգրան Կարապետովիչը լիքը ձմեռ պապիկներ են առնելու ու լցնեն քաղաքով մեկ, որ տոպրակներ բաժանեն: Բայց ես հո գիտե՛մ, որ դա տոնական նվեր չի, այլ ընտակաշառք ա: Ասածս լավ հիշեք, որ էս տոնն օգտագործելու են որպես առիթ ու լիքը մարդկանց աչքին թոզ են փչելու: Որ անկեղծ ասեմ` ես մեր ժողովրդի էդ նվաստացումից զզվում եմ, որ մեկի ձեռքից 2 կիլո բան են վերցնում ու կամերայի առաջ խղճուկ հայացքով ասում են՝ շնորհակալություն էսինչին, առաջին անգամ մեզ ուշադրություն են դարձնում եւ այլն: Շատ ողորմելի վիճակում են հայտնվում: Ոնց որ Կարապետիչը տելեվիզրը տալիս էր, ու էդ ստացողը քիչ էր մնում ընկներ նրա ոտքերը: Սա էլ ամբողջ օրն երեսով էր տալիս, թե էսքան տելեվիզր եմ բաժանել,- ասում է վարորդ Գուրգենը՝ նշելով, որ թեեւ ինքը դեռ կողմնորոշված չէ, այդուհանդերձ հավանական է համարում, որ իր ձայնը կտա ՀՅԴ-ական թեկնածու Վահան Հովհաննիսյանին։ «Ես հարգում եմ թե՛ էդ մարդուն, թե՛ էդ կուսակցությանը: Շատ կարդացած մարդ ա ինքը: Բացի դա՝ էսքան ժամանակ չեմ լսել, որ դաշնակները կաշառք բաժանեն կամ ընտրակեղծիքի մեջ խառնված լինեն: Ինչքան գիտեմ` էդ «Երկիր մեդիան» իրանցն ա, չէ՞: Բա ինչի՞ իրանք իրանց ալիքը չեն օգտագործում, որ իրանց պաշտոնյաներին էլ ռեկլամ անեն: Ես շատ հավանում եմ իրանց հաղորդումները, լուրերը, որովհետեւ մյուսների պես սաղ օրը բաժանած 2 կիլո կաշառքի մասին ռեպորտաժներ չեն լցնում»,- ասում է Գուրգենը:
Ե՛վ նախկինները, եւ՛ ներկաները թալանում էին ժողովրդին
Վարորդ Սարգիսը հույս ունի, որ ժողովուրդն այս ընթացքում կկարողանա թացն ու չորը, լավն ու վատը տարբերակել, ճիշտ ընտրություն կատարել: «Էս լեւոնականները հեղափոխություն են ուզում մեր գլխին սարքեն: Արտասահմանի փողերով մեզ ուզում են քաշեն հեղափոխության մեջ, մեզ տանեն-փողոցները քցեն, որ իրանց աթոռների հարցը լուծեն: Բան չունեմ ասելու, մթի-ցրտի տարիները, պարզ բան ա, պիտի լիներ, պատերազմ տարած երկիր ենք, հաղթանակ ենք տարել, բա պիտի դժվարություններ լինեի՞ն, թե՞ չէ: Բայց ոչ ինքը, ոչ իրա շրջապատի մարդիկ, որ ժամանակին պետական պոստեր էին զբաղեցնում, պաշտոն ունեին, նախարար-վարչապետներ էին, իրավունք չունեն կոռուպցիայից, անարդարությունից խոսալու: Պրեզիդենտ մարդ էր Լեւոնը, բայց չկարողացավ իրա շրջապատի հախից գա: Հիշում եք, ժամանակին էլի դուք` թերթերդ էիք գրում, որ նախարարներից մեկը մի արտասահմանցու հետ հանդիպման ժամանակ էնքան խմած ա եղել, որ հետ ա տվել էդ խեղճ մարդու վրա: Ամոթ չէ՞ր, սաղ երկիրը խայտառակում էին, հիմա ինչի՞ց են խոսում: Իրանք չէի՞ն թալանում, է սրանք էլ են թալանում ժողովրդին, բայց գոնե սրանք ինչ-որ գործեր անում են, հասկանում են, որ ժողովուրդն արդեն ամեն ինչ ջոկում ա, եթե չանեն` վաղը-մյուս օրը իրանց ոչ մեկը չի ընտրի: Սերժ Սարգսյանի չափ ոչ մի քաղաքական գործիչ էդքան գյուղից գյուղ չի անցնում, նա անընդհատ մարդկանց հետ հանդիպում ա, զրուցում ա, գործ ա անում: Լեւոնը նախագահ եղած ժամանակ ե՞րբ էր մարզեր գնում, ե՞րբ էր հասարակ մարդու երես տեսնում: Լեւոնը, ճիշտ ա, գրագետ ա, խելացի ա, բան չունեմ ասելու, բայց մեզ ուժեղ ու գործունյա նախագահ ա պետք: Լեւոնն ասում ա` ժողովուրդ, ինձ ընտրեք 3 տարով, գամ քանդեմ-մաքրեմ: Ինքն իրանից պետք ա մաքրելը սկսի, էդ ի՞նչ խաբելու նոր պրոյեկտ ա գտել: Իրա ուզածը իշխանության գալն ա»,- մեկնաբանում է վարորդ Սարգիսը` ավելացնելով, որ դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, թե ում է իր ձայնը տալու:
«Ընտրատեղամասում հսկելու եմ, որ խարդավանք չլինի»
Վարորդ Խաչիկը վստահեցնում է, որ ինքը մշտապես լեւոնական է եղել. «Ես երբեք չեմ դավաճանի իմ սկզբունքներին ու Լեւոնին դեմ չեմ գնա: Լեւոնն էն ժամանակ էլ էր ավտարիտետ, հիմա էլ: Իմ համար ինքը ոչ միայն քաղաքական գործիչ ա, այլ մեծություն ա: Լեւոնը սրանց նման նյութապաշտ չի, նա գաղափարի մարդ ա: Ասածիս ապացույցն էլ էն ա, որ ժամանակին երկրի նախագահ եղած մարդն էսօր շատ հասարակ ավտոյով ա երթեւեկում, ոչ թե սրանց նման զորք ա հետեւից քաշ տալիս: Եթե Լեւոնը Հայաստանի լավը չցանկանար՝ սրանց պես կգռփեր ու 60 հատ գաղտնի բիզնես կդներ: Էդ մարդը լրիվ ձեռնունայն հեռացել ա քաղաքականությունից: Լսե՞լ եք, որ ասեն, թե՝ էսինչի բիզնեսը Լեւոնինն ա, կամ էսինչ հյուրանոցը, էլիտար շենքը Լեւոնինն ա: Էն մարդը հասարակ կյանքով ապրող մարդ ա: Կամ լսե՞լ եք, որ Լեւոնի տղեն հաբռգած երթեւեկի, մի օր մեկին քացու տակ գցի, անշնորհքություն անի,- հարցնում է Խաչիկն ու ոգեւորությամբ պատասխանում է: – Եթե արած լիներ՝ հիմա մենք մատի փաթաթան կդարձնեինք, իսկ հիմիկվա հաբռգած լակոտները, որ օրը ցերեկով մարդ են սպանում, շատ նորմալ ենք ընդունում: Ես ընտրելու եմ մեր առաջին նախագահին ու գնալու եմ տեղամասում հսկեմ, որ իրա ձայները չտանեն: Լեւոնն էսօր կամավորների պակաս ունի, բայց իմ նման հարյուրավոր մարդիկ կլինեն, որ անհատույց կերպով կկանգնեն իրա կողքին: Ես արդեն իմ ղեկավարությանն ասել եմ, որ ընտրությունների ժամանակ 3 օր գործի չեմ գալու: Առաջին երկու օրը քարոզչություն եմ անելու, որ ընտրեն իրան, իսկ երրորդ օրը կանգնելու եմ իմ տարածքի ընտրատեղամասի դռան մոտ, որ խարդավանքներ անելն անհնար լինի»:
«Քաղաքականությունը շատ հետաքրքիր բան ա»
Վարորդ Սամվելը միշտ հետաքրքրվում է քաղաքականությամբ. «Կինս անընդհատ բողոքում ա, որ էդքան փող եմ տալիս թերթերին: Մի քանի թերթ եմ առնում, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի թերթերը իշխանություններին են քֆրտում, իսկ իշխանությունների թերթերը` Լեւոնին: Օր օրի ավելի եմ համոզվում, որ պիտի Սերժ Սարգսյանին քվեարկեմ: Ես նրան եմ տեսնում էս երկրի նախագահ: Տեսեք, նա էդքան չի մանրանում, չի խոսում Լեւոնենց ժամանակներից, բայց դա չի նշանակում, որ ասելու բան չունի, էնքան փաստեր կունենա, բայց ինքը էս երկրի, էս ժողովրդի մասին ավելի շատ ա մտածում, քան Լեւոնենք, որ ժողովրդին կատաղացնում-քցում են փողոցները: Էդ Դեմիրճյան Ստեփանն ու Արամ Սարգսյանը չէի՞ն, որ ժողովրդին հանեցին փողոց, ու իրանք վախից փախան, հենց Ոստիկանությունը վրա տվեց: Հըլա տեսեք՝ ովքե՞ր են նրա կողքին կանգնած: Ո՞վ էր դրանցից, որ փախնելուց կոշիկի թայը մնացել էր պարսպի մի կողմում: Ախր հո մենակ սիրուն խոսալով չի՞, ի՞նչ կա Լեւոնի մտքին` արտասաhմանցիները կիմանան, ովքեր նրան փող են տալիս: Իմ հաճախորդներից մեկն ասում էր, թե Լեւոնը էս իշխանությունների հետ մի խաղ ա խաղում: Եթե Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ նույն խաղի մեջ լինի` իրանից էլ վերջնականապես կհիասթափվենք ու չենք էլ գնա ընտրությունների: Վա՛յ նրան, ով էս ժողովրդի հոգու հետ նորից խաղ խաղա: Սերժը գոնե գործ ա անում, իսկ Լեւոնին թողես` սիրուն խոսա: Էս ընտրությունների լավը գիտե՞ս որն ա, քիչ-քիչ իրար կեղտեր կբացեն: Տեսա՞ք Սամվել Բաբայանի միֆը ոնց ա բացվում, հիմա սաղ ասում են, թե նա Սերժին ա պաշտպանելու, բայց հիշում եք, որ թերթերը գրում էին, որ Սամվելին բանտից Քոչարյանն ազատել ա, որ օգտագործի Սերժ Սարգսյանի դեմ: Սամվել Բաբայանին Լեւոնն ա կոչում տվել, գեներալ սարքել: Ընենց որ, քաղաքականությունը շատ հետաքրքիր բան ա, որ ուշադիր հետեւում ես, ամեն ինչ իրա տեղն ա ընկնում»: