– Եկեք եւ պատմեք, թե ինչ է իրականում տեղի ունեցել,- հայերին խորհուրդ տվեց ազգությամբ թուրք լրագրող Ամբերին Զամանը` ֆրանսիական VAN (հայի զգոնություն ժխտողականության դեմ) կազմակերպությունում տեղի ունեցած «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատում» խորագիրը կրող քննարկման ժամանակ:
Նոյեմբերի 24-ի քննարկումը, որպես այդպիսին, երկրորդն էր: Առաջինն անցկացվել էր այս տարվա հոկտեմբերի 6-ին, որին մասնակցում էին այս անգամ եւս ներկա գտնվող պատմաբաններ` Միքայել Զոլյանը, Տիգրան Զաքարյանը, ՀՀ-ում «Ակոս» թերթի ներկայացուցիչ Տիրան Լոքմաջյանը եւ տարբեր մասնագիտության տեր մարդիկ: Իսկ նախորդ անգամ ներկա գտնվող Հրանտ Դինքի այրուն` Ռաքել Դինքին «փոխարինում» էր Ամբերին Զամանը.
– Թուրքիայում գտնվողների իրավունքներն ահավոր անպաշտպան են: Հազարավոր մարդիկ բանտարկվում են ազատ խոսելու, արտահայտվելու համար: Այդ երկրում սպանում են անգամ լրագրողներին: Մինչ 2001 թ. գրում էի ոտնահարված իրավունքների մասին, քրդերի հետ բախումների մասին: Փորձել եմ համատեղել հայերի մասին գրել, սակայն դա ինձ անգամ վախեցրեց: Ես միայն իմ հոդվածում ասացի, որ հայերը պատմում են ցեղասպանության գոյության մասին: Դրան հետեւեցին իմ հասցեին հնչող սպառնալիքներն ինտերնետում: Սակայն «Լոս Անջելես թայմսում» լույս տեսած հոդվածում ասում էի, որ հայերը պնդում են ցեղասպանության գոյության մասին, իսկ թուրքերը` ոչ:
Այս ամենը հիմք հանդիսացան, որպեսզի նա ավելի լավ ուսումնասիրի ցեղասպանության փաստը, ինչին նպաստեց ամուսնու հետ Հայաստան տեղափոխվելը (նրա ամուսինը Հայաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ջոզեֆ Պենինգտոնն է, որը վարժ խոսում է նաեւ հայերեն, ռուսերեն եւ թուրքերեն լեզուներով):
Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ ասել էին պրն Լոքմաջյանը եւ տկն Դինքը, այս անգամ էլ՝ Ամբերին Զամանը, հաստատեցին, որ թուրք հասարակ ժողովուրդը ծանոթ չէ ցեղասպանության փաստին: Նրանց մանկուց սնում են հակահայկական գաղափարներով եւ դաստիարակում ցեղասպանության հերքմամբ: Նրանք լսում են տարբեր պատմություններ: «Խոսքի իրավունք չունեցող» հայ համայնքը չի կարող պատմել կոտորված նախնիների մասին, իսկ թուրքը կամ չգիտի, կամ լռում է:
Լինելով դիվանագետի կին` Ամբերին Զամանը չէր մոռանում երբեմն «մեջբերել» հայերեն բառեր, որը սովորել էր 5 շաբաթում: Իսկ տարածքները վերադարձնելու մասին հարցին նա ուղղակի պատասխանեց` երբեք պետք չէ ասել` երբեք: Անգամ անգլերեն խոսքում երբեմն «ցեղասպանությունը» հայերեն էր արտաբերում:
Այսօր Թուրքիայում կան հրատարակիչներ` Զարակօղլու ամուսինները, ովքեր տպագրում են Ցեղասպանության մասին գրքեր: Եթե հրատարակման համար ձերբակալում են ամուսնուն` կինն է շարունակում նրա գործը, իսկ երբ ձերբակալում են կնոջը` ամուսինն արդեն բանտից դուրս եկած է լինում եւ շարունակում է ընտանեկան գործը: Այսօրվա հնարավորությունները` տեղեկացված լինելու համար` շատ են:
– Մի քուրդ մի անգամ ասաց` նրանք հայերին կերան նախաճաշին, իսկ մեզ կուտեն ճաշին,- իր շփումներից պատմեց Ամբերին Զամանը, ապա դարձավ ադրբեջանցիներին,- ես մտածեցի, որ ադրբեջանցին ինձ հարազատ կլինի, բայց նրանք ինձ խորթ թվացին, իսկ ձեզ ընդունեցի հարազատի պես:
Ներկա գտնվող ուսանողները հետաքրքրվեցին, թե ինչ կարելի է անել թուրք ժողովրդին տեղեկացնելու համար, իսկ երբ հնչեց նյութի առաջին նախադասությունը (եկեք եւ պատմեք, թե ինչ է իրականում տեղի ունեցել)՝ հնչեց երկրորդ հարցը` մի՞թե չեն արժանանա Հրանտ Դինքի բախտին. ինչից Ամբերինի դեմքին անզոր եւ թույլ ժպիտ հայտնվեց եւ անհետացավ:
– Դինքի համար չկար թուրք, կար Անատոլիայի ժողովուրդ, որը բաժանվում էր երկու խմբի` գիտցողներ կամ չգիտցողներ: Վերեւինը գիտի եւ ժխտում է, ներքեւինը` չիմանալով երկմտանքի մեջ է: Թուրք ղեկավարությունը չի վախենում հատուցումից, այլ վախենում է արհեստական պետության փլուզումից,- ասաց Տ. Լոքմաջյանը:
Թուրքիան այսօր հարաբերություններ հաստատելու համար դնում է նախապայմաններ, ինչին հակադարձ՝ ներկա ուսանողները առաջարկեցին դնել հայերի պայմանը` չեք բացի սահմանը` չենք անի առեւտուր:
– Այսօր շատ հայ ընտանիքների ապրուստի հիմնական միջոցն առեւտուրն է: Փակ սահմանը կրկնակի հարկերի պատճառով ավելի է թանկացնում ապրանքի գինը, սակայն դա ապրուստի միջոց է եւ անգամ փակ սահմանների առկայության դեպքում առեւտուր անել պետք է, չնայած, որ բաց սահմանը կիջեցներ ապրանքի գինը,- պատմում է առեւտրական Մարտին Գասպարյանը:
Առեւտրականն այսօր ամիսը գոնե մեկ անգամ լինում է Թուրքիայում եւ հայ-թուրքական առեւտրային հարաբերություններից բոլորովին չի բողոքում:
– Այնտեղ երբ իմանում են, որ հայ ես` ջերմ բարեւում են եւ անգամ գնի մեջ բավական զիջում: Այսօր հայ առեւտրականները Թուրքիայում բավական շատ են: Անգամ կան հայեր, ովքեր այլ աշխատանքներ են կատարում: Նրանք էլ չեն բողոքում, եթե այստեղ ավելի լավ լիներ` հետ կգային,- ասաց բազմիցս Թուրքիայում եղած Արսենը:
Քննարկմանը ներկա գտնվողներից ոմանք «մեղադրում» էին հայ առեւտրականին` Թուրքիայի բյուջեն հարստացնելու համար, իսկ մի մասն էլ հարցրեց, թե ինչո՞վ ապրի այդ դեպքում հայ առեւտրական հատվածը:
Իսկ հայի պաշտամունքի առարկա համարվող Արարատի մասին Ամբերին Զամանն ասաց. «Թուրքիայում ես բոլորի նման չէի նկատում նրա գեղեցկությունը, իսկ այստեղ ես հիանում եմ սարով»:
Իսկ քննարկման վերջին հարցին, թե լինելով լրագրող` արե՞լ է այնպիսի քայլ, ինչը կնպաստեր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կայացմանը` նա եւս մեկ անգամ խորհրդավոր ժպտաց եւ պատասխանեց` ոչ: