Այսօր Հայաստանում մեկ շնչին բաժին է ընկնում 0.1 հա անտառ: Այսպիսի տվյալ է հրապարակվել «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության զեկույցում: Այս տվյալը հետաքրքիր է հատկապես այն առումով, որ այս ցուցանիշը ԱՊՀ այլ երկրներում գերազանցվում է 27 անգամ եւ 1 շնչի հաշվով կազմում է 2.7 հա: Ըստ հրապարակված զեկույցի, տարեկան Հայաստանում հատվում է մինչեւ 1.1 մլն խմ բնափայտ եւ ըստ «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Աֆրիկյանի՝ եթե անտառահատումները շարունակվեն նույն տեմպերով, 20 տարի հետո Հայաստանում անտառները կոչնչանան:
Հրապարակված այս ցուցանիշների ֆոնին առավել հետաքրքիր է այն, որ Հայաստանը դառնում է փայտանյութ արտահանող երկիր: Վերջին մի քանի տարիներին, ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանից փայտանյութի արտահանման տեմպերն աճել են մի քանի անգամ: Եթե 1999 թվականին Հայաստանից արտահանվել է 1.028 տոննա փայտանյութ, ապա 2003 թվականին այդ ցուցանիշը կազմել է 10.641 տոննա: Իսկ փայտանյութի արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի Իրանը՝ 8.7 հազար տոննա, ապա Թուրքիան՝ հազար տոննա: Հայաստանից փայտանյութ է արտահանվում նաեւ Ռուսաստան, ԱՄԷ, Իտալիա, Ֆրանսիա: Բնականաբար, արտահանվող փայտանյութն օգտագործվում է հիմնականում կահույքի արտադրության նպատակով՝ այն դեպքում, երբ այսօր Հայաստանում վաճառվում է, ասենք, նույն Իրանից կամ Թուրքիայից ներմուծված ցածրորակ կահույք՝ հաստատ ոչ հայկական փայտանյութից արտադրված: