Մաքսայինը գին է բարձրացնում

07/12/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանում ապրանքների թանկացման համար շատ դժվար է տրամաբանական բացատրություններ գտնելը: Եթե որոշ ապրանքատեսակների թանկացումները պայմանավորված են միջազգային շուկաներում նույն ապրանքների գների բարձրացմամբ, ապա ապրանքների մի ստվար հատվածի գներն էլ դրսի շուկայում նվազման միտում ունեն, մինչդեռ դրանց գները բարձրանում են տեղական շուկայում:

Ստեղծված իրավիճակում խիստ դժգոհ են արտադրողները, սպառողները եւ, որքան էլ տարօրինակ է` նաեւ ներմուծողները: Դոլար-դրամ անհասկանալի դրսեւորումներից ներմուծողները պետք է, որ զգալի գերշահույթներ ստանային: Սակայն այստեղ էլ, եթե դու շուկայում մենաշնորհ չունես, ուղղակի փողաթափ ես արվում մաքսային սահմանի վրա ու տեղական մեծածախ շուկայում ստիպված ես լինում ապրանքը «նիսյայով» հանձնել շուկայում գին թելադրողներին: Սա մի կապակցված շղթա է, որի վերջնական վճարողն ու տուժողը շարքային սպառողն է: Մեր զրուցակիցն իրանահայ գործարար է, ով կարծում է, որ Հայաստանում գների աճին առաջնահերթ նպաստում է Մաքսային պետական կոմիտեն: Մեխանիզմը շատ պարզ է: Պետբյուջեի պլանային մուտքերի հետ կապված` մաքսային մարմինները բարձրացնում են ապրանքների գնահատման շուկայական գները եւ, որպես կանոն, մաքսատուրքը կարող են հաշվարկել շուկայական գնի 30-70 տոկոսի չափով: Արարատյան մաքսատանը մենք ներկայացանք՝ որպես սկսնակ գործարար, եւ փորձեցինք ճշտել, թե Իրանից նարնջի ներմուծման ժամանակ որքա՞ն կկազմի մաքսատուրքը: Մաքսային աշխատակիցը բավականին քաղաքավարի մանրամասնեց օրենքի տառը` վճարելու եք մաքսային արժեքի 32 տոկոսի չափով: Սա է օրենքը, որը երբեք էլ գործածություն չի գտնում, քանի որ մաքսավորը, որպես կանոն, կարող է չհավատալ ներկայացված հաշիվ-ապրանքագրին եւ ապրանքը մաքսազերծել շուկայականի գնահատման չափորոշիչներով: Նարինջ ներմուծող իրանահայ այս գործարարին Մաքսայինում, բնականաբար, լավ ճանաչում են եւ իր հարցումներին ի պատասխան՝ հենց Արարատյան մաքսատնից տեղեկացրել են, որ 1կգ նարնջի շուկայական գինը գնահատվել է 1.80 դոլար կամ 540 դրամ, որից մաքսատուրքը 1կգ նարնջի համար կազմում է մոտ 180 դրամ: Իրանում այս ապրանքի 1կգ-ի մեծածախ գինը 60 ցենտ է կամ 180 դրամ: Ստացվում է, որ 1կգ ապրանքի միայն ձեռքբերումն ու մաքսատուրքը 360 դրամ է կազմում, սրան դեռ պետք է հավելել տեղափոխման ծախսերը եւ, մեր զրուցակցի թվաբանությամբ, վերջնական արդյունքում ապրանքի 1կգ-ի գինը հասնում է 450 դրամի: «Եթե կարողանանք 1կգ-ի մեջ 50 դրամ աշխատել, սա արդեն հաջողված կարելի է համարել, սակայն իրացման կետերը մեզնից ապրանքը վերցնում են «նիսյայով» եւ վճարում են փաստացի վաճառվածի համար: Քանի որ ապրանքը շուտ փչացող է, մենք ստիպված ենք այս քայլին գնալ: Արդյունքում՝ ամենամեծ օգուտներ ստանում են մեծածախ շուկային տիրապետողները, ովքեր ոչինչ չանելով՝ կրկնակի գին են բարձրացնում: Ու այս գնից էլ հաջորդ ամսվա համար մաքսային մարմինները հաշվարկում են շուկայական գները ու գանձում մաքսատուրքը: Ի վերջո, ներմուծողը չէ, որ լցնում է պետական գանձարանը: Այս թանկացումների դիմաց իրական վճարողը սպառող-մարդն է»,- ասում է Իրանի քաղաքացին: Իսկ եթե մաքսատուրքը վերոնշյալ ապրանքի համար հաշվարկենք օրենքով, ինչպես ներկայացնում են մաքսային մարմինները, ապա 1կգ նարնջի մաքսատուրքը կազմում է 12 ցենտ կամ 50 դրամ` 180-ի փոխարեն, եւ ապրանքի ներմուծման ծախսերը մինչեւ 250 դրամ են կազմում` 450 դրամի փոխարեն: Արդեն իսկ վերանայվել են ներմուծվող սննդամթերքի գրեթե բոլոր տեսակների գնահատման գները: Մեր զրուցակիցը նաեւ չամիչ, բանան եւ անանաս է ներմուծում եւ պատմում է, որ այս գործելաոճը նույնն է բոլոր ապրանքների դեպքում: Արդեն իսկ մեծ իրարանցում է սկսվել, թե Մաքսայինն օրենքով բարձրացնելու է մաքսային դրույքաչափերը, եւ Մաքսային պետական կոմիտեից շտապեցին հայտարարել, որ նման բան չի լինելու: Իսկ միգուցե ավելի իրավացի կլիներ բարձրացնե՞լ դրույքաչափերը` վերջ դնելով հաշիվ-ապրանքագրին մաքսավորների հավատալ-չհավատալու կամայականություններին, որը մաքսավորին կաշառք վերցնելու բացահայտ հնարավորություն է ընձեռում: Աշխարհի ոչ մի երկրում մաքսավորը չի կարող հենց այնպես չհավատալ հաշիվ-ապրանքագրի իսկությանը, այսպես միայն Հայաստանում է լինում: Արդեն իսկ պարզ է, թե ինչպես է Մաքսային պետական կոմիտեն կարողանում կատարել պետբյուջեի մուտքերի ցուցանիշները, եւ ցավալին այն է, որ այս մեխանիզմի իրագործումը մտածված է եւ արվում է պետական մակարդակով: Կառավարությունն իրեն անզոր է համարում թանկացումների դեմ պայքարում, սակայն, մյուս կողմից էլ՝ կազմակերպված գործողություններով նպաստում է գների էլ ավելի բարձրացմանը` մինչեւ վերջին լուման թալանելով սեփական ժողովրդին: