Օրերս Հայաստանը ձեռք է բերել 1998թ. արտադրության «Էյրբաս» Ա-319 ինքնաթիռ, որը նախատեսվում է շահագործել ներկայացուցչական նպատակներով` մինչ այդ օգտագործվող 1977թ. արտադրության Տու-134 ինքնաթիռի փոխարեն: Ինքնաթիռի հիմնական օգտագործողն է լինելու հանրապետության նախագահը, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, այլ բարձրաստիճան անձանց գլխավորած պատվիրակությունները՝ արտասահմանյան այցերի մեկնելիս: Ա-319 ինքնաթիռը ձեռք է բերվել արեւելյան ավիացիոն շուկաներից մեկում: Գործարքի արժեքը կազմել է 45 մլն դոլար: Նշված գումարից 15 մլն-ն արդեն իսկ վճարել են հայ բարերարները, որոնց անուններն իրենց խնդրանքով չեն հրապարակվում: Մնացյալ գումարը վճարելու նպատակով ձեւակերպվել է վարկ՝ 10 տարի մարման ժամկետով: Ինքնաթիռի սպասարկումն իրականացնելու է «Արմավիա» ընկերությունը: