Հանդիպելու են

05/12/2007

Նախօրեին Հայաստան են ժամանել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Նեւեն Միմիցան, հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն: Նրանք Հայաստանում մի շարք հանդիպումներ կունենան՝ այդ թվում՝ Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի, Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի, ԱԺ խմբակցությունների, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Համազեկուցողները Երեւանից կմեկնեն դեկտեմբերի 6-ին: Մեր տեղեկություններով` մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները հանդիպելու են նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ի դեպ, հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ եվրոպական կառույցները դրական են արձագանքել Լ. Տեր-Պետրոսյանի ու այլոց կողմից իրենց ուղղված դիմումին, որով առաջարկվում էր հորդորել ՀՀ իշխանություններին կատարել ընթացակարգային որոշ փոփոխություններ ու ՀՀ նախագահի առաջիկա ընտրության քվեաթերթիկները տպագրել արտասահմանում` բացառելու համար հավելյալ քվեաթերթիկների տպագրումը: Առաջարկվել էր նաեւ ընտրության ժամանակ բազմակի քվեարկությունները կանխելու նպատակով կիրառել ցուցամատի թանաքոտման եղանակը: Մեր տեղեկություններով՝ եվրոպական համապատասխան կառույցներն արդեն իսկ նման առաջարկներով դիմել են ՀՀ իշխանություններին: