Կիրակի օրը Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, այսպես կոչված՝ «Պուտինի պլանի» առաջին փուլն իրականություն դարձավ: Պուտինի գլխավորած «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը նախնական տվյալներով ստացավ ձայների ավելի քան 63%-ը։ Երկրորդ տեղը գրավեց Կոմունիստական կուսակցությունը` մոտ 12 %: Իսկ անհրաժեշտ 7 %-անոց արգելքը հաղթահարած մյուս երկու կուսակցություններն այս կամ այն չափով նույնպես Պուտինի կողմից կառավարվող ուժեր են: Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 8,5 %, իսկ «Արդար Ռուսաստանը», որը գլխավորում է խորհրդարանի Վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը՝ 8 %: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Վլադիմիր Պուտինն ամրագրեց «ժողովրդի հոր» կարգավիճակը, ինչն արդեն մի քանի տարի հետեւողականորեն քարոզվում էր ռուսաստանցիներին: Եվ բնական է, որ այդ պարագայում ազատ ուժերը պետք է պարտություն կրեին: Ռուսաստանի ընտրությունները, բնականաբար, չափազանց կարեւոր են նաեւ Հայաստանի համար, քանի որ խոսքը մեր ռազմավարական գործընկերոջ, իսկ ավելի ճիշտ՝ այն երկրի մասին է, որի ֆորպոստն է հանդիսանում Հայաստանը: Եվ, ինչպես միշտ, այս անգամ եւս մեր բախտը չբերեց, քանի որ ավտորիտար եւ «ցարի» կողմից կառավարվող երկրի ֆորպոստի կարգավիճակում Հայաստանի ճակատագիրը կախված է լինելու «ցարի» կամքից: Ինչպես եղել է հայ-ռուսական «դարավոր բարեկամության» ողջ ընթացքում: