ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-20-ը կանցկացվեն «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ: «Կարծում եմ, այս առումով կան քիչ, թերի ասված բաներ, շատերը փորձում են գլխավոր կնճիռները շրջանցել, բայց որքան բաց խոսենք եղած կնճիռների, խնդիրների մասին, այնքան նաեւ հասարակությունն ավելի մեծ հնարավորություն կունենա մասնակցելու այդ խնդիրների լուծմանը, քանի որ դա չի կարելի վերապահել միայն պաշտոնյաներին: Սա իշխանությունից իշխանություն տեղափոխված հարց է եւ օրվա իշխանությունների մոտեցումներով չէ միայն պայմանավորված: Կարծում եմ, ԱԺ քննարկումների բնույթը, որն իր մեջ որոշակի ազատություն, բացախոսություն է ենթադրում, հնարավորություն կտա այս խնդիրների մասին խոսել եւ նաեւ՝ հանգել եզրակացության, որը հստակ կարտացոլի հայկական կողմի դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ»,- ասել է ԱԺ վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը` ավելացնելով, որ այդ լսումներին ակնկալվում է երեք մակարդակի ներկայություն. պաշտոնական տեսակետները ներկայացնող պաշտոնատար անձինք, քաղաքական ուժեր եւ մասնագետներ, միջազգային փորձագետներ: Հրավերներ են ուղարկվել նաեւ Թուրքիա: «Եթե նրանք անընդհատ խոսում են մասնագետների, պատմաբանների շփումների մասին, սա, կարծում եմ, լավագույն առիթն է ներկայացնելու իրենց տեսակետները»,- ասել է Ա. Ռուստամյանը: