Կիրակի օրը Ռուսաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները։ Թեեւ վերջնական արդյունքները կհայտարարվեն մի քանի օրից, սակայն նոր խորհրդարանի պատկերն
արդեն պարզ է։
Եվ այդ պատկերը ոչ մի անսպասելի բան չի պարունակում։ «Ջախջախիչ» հաղթանակ տարավ «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ (քվեների ավելի քան 63%-ը)։ Անհրաժեշտ 7%-անոց շեմը հաղթահարել են եւս երեք կուսակցություն՝ ՌԴ Կոմունիստական կուսակցությունը (նախնական տվյալներով, 11,7%), Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ( 8,5 տոկոս) եւ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը (8 տոկոս), որը գլխավորում է խորհրդարանի Վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը:
Նախնական տվյալների հրապարակումից հետո նույնպես անսպասելի ոչինչ տեղի չունեցավ. «Եդինայա Ռոսիան» շնորհավորանքներ է ստանում, Ժիրինովսկին դժգոհ չէ, Միրոնովը՝ նույնպես։ Դժգոհ են կոմունիստները եւ խորհրդարան չանցած մյուս ընդդիմադիրները՝ օրինակ, «Աջ ուժերի միությունը» եւ «Յաբլոկոն»: Նրանք խոսում են բազմաթիվ ընտրակեղծիքների մասին եւ պատրաստվում են վիճարկել ընտրությունների արդյունքները։ Անսպասելի չէր նաեւ արեւմտյան ԶԼՄ-ների արձագանքը, որոնք միշտ էլ քննադատել են Ռուսաստանի ներկայիս իշխանություններին։ Օրինակ, անգլիական «The Independent»-ը գրում է. «Ինչ-որ բանի հասան բոլոր նրանք, ում կարծիքը տեղավորվում է Կրեմլի «թույլատրած» սպեկտրի շրջանակներում։ Մյուսները ոչինչ չստացան»։ Անգլիական թերթը խորհրդարանական ընտրությունները համեմատել է Պուտինի որդեգրած քաղաքականությանը վերաբերող հանրաքվեի հետ։ «The Independent»-ը ընտրությունների արդյունքները «հալած յուղի» տեղ չի ընդունում նաեւ այն պատճառով, որ «Եդինայա Ռոսիան» հաղթանակ է տարել գրեթե բոլոր հեռուստաալիքները հսկողության տակ պահելու եւ «այլ կասկածելի միջոցների» շնորհիվ։ Նույն թեմային է անդրադարձել նաեւ մեկ այլ բրիտանական թերթ՝ «The Guardian»-ը, որի հրապարակման երկարաշունչ վերնագիրն արդեն ամեն ինչ ասում է՝ «Ահաբեկումը եւ կեղտոտ խաղերն օգնում են Պուտինին վստահ հաղթանակ տանել»։ Հոդվածում խոսք է գնում պետական համակարգում աշխատողների նկատմամբ գործադրվող ճնշումների, ահաբեկման, ընդդիմության ակտիվիստների ձերբակալությունների եւ այլ երեւույթների մասին։ Ֆրանսիական «Les Echos»-ը ՌԴ խորհրդարանական ընտրություններն անվանել է «օպերացիա «պլեբիցիստ» եւ հեգնել. «Ժողովուրդը ակտիվորեն մասնակցեց ընտրություններին՝ ողջ աշխարհին հայտարարելով, թե որքան պոպուլյար է Պուտինը, որը մտադիր է իշխանությունը պահպանել նաեւ մարտի 2-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո»։
Գերմանական «Sueddeutsche Zeitung»-ի կարծիքով՝ նույնպես, այս ամենը միայն մեկ նպատակ ուներ՝ պահպանել Պուտինի իշխանությունը, թեեւ դեռ հարց է, թե նա կոնկրետ ինչպես է իրականացնելու «իշխանության պահպանում» հատուկ գործողությունը (ձեւակերպումը «Sueddeutsche Zeitung»-ինն է)։ Գերմանական թերթն իր հոդվածը վերնագրել է «Կապիտալիզմ՝ սովետական դեմքով»։ Իսկ ամերիկյան «The New York Times»-ը կարծիք է հայտնել, որ ռուսաստանցիներին հետաքրքրող գլխավոր հարցը պատասխան այդպես էլ չստացավ. «Հարյուրավոր տարիներ Ռուսաստանում իշխանությունը եկել է «ամենավերեւից»՝ կարեւոր չէ՝ ցարի՞ց, ԽՄԿԿ առաջին քարտուղարի՞ց, թե՞ Ռուսաստանի նախագահից։ Այժմ մարդիկ գուշակում են, թե ում հանդեպ իրենք պետք է պահպանեն վասալային հավատարմությունը»։ Ըստ NYT-ի, մի բան, այնուամենայնիվ, պարզ դարձավ՝ նախագահն ամենեւին էլ մտադիր չէ ասպարեզից հեռանալ (կամ հայկական տերմինաբանությամբ՝ դառնալ երիտասարդ թոշակառու։
Ընտրություններով հիացած չէ ոչ միայն ամերիկյան մամուլն, այլ նաեւ ԱՄՆ վարչախումբը։ Բուշի ադմինիստրացիան արդեն իր անհանգստությունն է հայտնել ընտրությունների արդյունքների արժանահավատության հետ կապված։ «Ռուսաստանից եկած առաջին հաղորդագրություններում, ի թիվս այլ բաների, կան նաեւ մեղադրանքներ՝ ընտրությունների օրը թույլ տրված խախտումների վերաբերյալ։ Մենք Ռուսաստանի իշխանություններին կոչ ենք անում այդ պնդումների առթիվ հետաքննություն անցկացնել»,- ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Գորդոն Ջոնդրոն։ Միջազգային դիտորդների կարծիքները նույնպես շատ չեն տարբերվում վերեւում հնչած գնահատականներից։ «Հիմնական եզրակացությունն այն է, որ կիրակնօրյա քվեարկությունը չի համապատասխանել մեր սկզբունքներից եւ չափանիշներից շատերին»,- հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը:
Ընտրությունների ընթացքը քննադատել է նաեւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Լյուկ վան դեն Բրանդը, որի խոսքերով, նախագահի աշխատակազմը եւ նախագահը մեծ ճնշում են գործադրել ընտրարշավի վրա, եւ ակնհայտորեն նկատվել է վարչական ռեսուրսի չարաշահում: «Հետեւաբար, մենք չենք կարող ասել, որ այս ընտրություններն արդար էին»,- ասել է Բրանդը։
Ռուսաստանն, ի դեմս ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Իգոր Բորիսովի, արդեն պատասխանել է այդ մեղադրանքներին՝ նշելով, որ ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունները չեն արտահայտում օբյեկտիվ իրականությունը։
Իսկ իրականությունն այս է. ռուսները թքած ունեն նման հայտարարությունների վրա, եւ ընտրությունների արդյունքները դժվար թե որեւէ փոփոխություն կրեն։ Ի դեպ, այդ իրականությունը քաջ ծանոթ է նաեւ հայաստանցի ընտրողներին։ Միակ տարբերությունն այն է, որ եվրոպացի դիտորդները սկսել են չնկատել մեզ մոտ կատարվող խախտումները, իսկ միջազգային մամուլին մենք ընդհանրապես չենք հետաքրքրում։