Երեկ սեփական կուսակցության համագումարին 10 րոպե ուշացումով դահլիճ մտավ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա մտնելուն պես դահլիճում հավաքված ՕԵԿ-ականներն անմիջապես ոտքի կանգնեցին ու սկսեցին վանկարկել` «Ար-թուր, Ար-թուր», հետո անմիջապես բոլորը միասին սկսեցին գոռալ` «հաղ-թա-նակ»: ՕԵԿ-ականներն այդ ժամանակ թափահարում էին նաեւ իրենց նստատեղերի մոտ նախապես դրված Ա. Բաղդասարյանի նկարով թռուցիկները: Ամենաուշագրավը, սակայն, այն էր, որ նրանք վանկարկում էին շատ կանոնավոր, առանց շեղումների, ինչից տպավորություն էր ստեղծվում, որ մինչ համագումարը նրանց հետ «պարապել» էին եւ հանձնարարել, թե քանի անգամ «Արթուր» գոռալուց հետո պետք է անցնել «հաղթանակ» բղավելուն: Ինչեւէ: Ա. Բաղդասարյանն իր ելույթում` անդրադառնալով գործող իշխանություններին, նկատեց, թե «իշխանությունը չպետք է զբաղվի` հսկելով բիզնեսների բաշխման համակարգը երկրում, մենաշնորհ կամ արտոնյալ պայմաններ տրամադրի որոշ ընտրյալների, անսահման իշխանություն տա որոշ ընտրյալ իշխանավորների», քանի որ, ըստ նրա` անհնար է ստեղծել մրցակցային միջավայր, առանց կոռուպցիայի դեմ պայքարի: Ըստ Ա. Բաղդասարյանի` չնայած այսօր Հայաստանը փոխվում է, փոխվում են մարդիկ, փոխվում են բարքերը, սակայն, այդ փոփոխությունների մեջ գերակշռում է «համառ ու հետեւողական հետընթաց», որից էլ տուժում է ազգային արժեհամակարգը: Արթուր Բաղդասարյանին, սակայն, ամենաշատը մտահոգում է երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: «Խնդիր, որ նախեւառաջ պետք է մտահոգի իշխանությանը… Փողով գնված հավատն ու իշխանությունը, ճնշումներով ու փշալարերով ստացած քվեները, ստով ու երեսպաշտությամբ քողարկվող ճշմարտությունը ոչ միայն երկար ճանապարհ չեն կարող անցնել, այլ այդ ճանապարհին այնպիսի հարվածներ կարող են հասցնել, որը վերականգնելու համար կպահանջվի շատ երկար ժամանակ»,- իշխանություններին խորհուրդ տվեց Ա. Բաղդասարյանը: ՕԵԿ նախագահն իր կուսակիցներին հորդորեց չվախենալ ապագայից, որովհետեւ ինքը համոզված է, որ Հայաստանը ոչ թե անցյալի կամ ներկայի երկիր պետք է լինի, այլ` ապագայի: Այսօր, ըստ Ա. Բաղդասարյանի` մեր քաղաքացիները կանգնած են լուրջ ընտրության առաջ` ընտրել նախկի՞նը, ինչը «դեռեւս նրանց հիշողության մեջ է», ընտրել «խարխուլ ու անորոշ հեռանկարով ներկա՞ն», թե՞ ընտրել ժողովրդավարական արժեքների, ազգային նկարագրի, մարդու իրավունքի եւ ազատությունների վրա կառուցվելիք ապագան: Ա. Բաղդասարյանի ասածներից ամենակարեւորը, թերեւս, սա էր: Նա սրանով իր կուսակիցներին հասկացրեց, որ միանշանակ պետք է բացառել նախկինների, այսինքն` Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը: Այսպիսով, ՕԵԿ նախագահը միացավ հայտնի «երրորդ բեւեռին», որի նպատակը, ինչպես արդեն ապացուցվել է` բացառապես Լ. Տեր-Պետրոսյանին վարկաբեկելն է: