«Գելլապը» ԱՄՆ-ում
«Ջորջ Գելլապը միշտ գիտեր, թե ով է լինելու Ամերիկայի նոր նախագահը»,- այսպես է գրում արեւմտյան մամուլը «Գելլապ» հայտնի ինստիտուտի հիմնադրի մասին: Քաղաքական կանխատեսումների բնագավառում առաջնության դափնին պատկանում է այս ընկերությանը, որն իր կանխատեսումները սկսել է 1936թ. եւ սխալվել է միայն մեկ անգամ` 1948թ.: Ջորջ Գելլապն ու նրա աշակերտները 15 անգամ ճիշտ կանխատեսում են արել: Միայն 1948թ. նրանք վաղ ավարտեցին իրենց հետազոտություններն ու կանխատեսեցին հանրապետական Թոմաս Դեւեյի հաղթանակը, սակայն ձայների 4,5% առավելությամբ նախագահ ընտրվեց Հարրի Տրումենը: Դրանից 50 տարի անց փորձագետները կատակում էին, թե սա այն դեպքն է, երբ սխալ էին ընտրությունները, ոչ թե կանխատեսումը: Քանակական առումով՝ «Գելլապի» կանխատեսումները, որպես կանոն, քիչ էին տարբերվում ընտրությունների արդյունքներից: Ամերիկայում 1936-1952թթ. անցկացված ընտրությունների արդյունքների անճշտությունները միջին հաշվով կազմում էին 3,85%: Իսկ 1956-1988թթ. անցկացված ընտրությունների ժամանակ անճշտությունները կազմել են 1,6%: Այս ֆոնի վրա անհավատալի մեծ է թվում 5,8% կազմող անճշտությունը` 1992թ. Բիլ Քլինթոնի ընտրության ժամանակ, ինչն էլ փորձագետները բացատրում են Ամերիկայի համար չլսված փաստով` նախագահական ընտրություններին շատ ուժեղ անկախ թեկնածուի` Ռոսս Պերոյի մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ նախագահական 16 ընտրությունների արդյունքում «Գելլապ» ինստիտուտի կանխատեսումների եւ պաշտոնական արդյունքների տարբերությունը կազմում է ընդամենը 2,7%: Ինչպե՞ս են արվում այդ կանխատեսումները: Ո՞րն է գաղտնիքը: Ջ. Գելլապն ու նրա հետեւորդները երբեք չեն թաքցրել իրենց աշխատանքի մեթոդները, նույնիսկ այդ մասին 1972թ. գիրք է հրատարակվել: Միակ տարբերությունը դասական եւ ժամանակակից մեթոդներն են` հաշվի առնելով նոր տեխնոլոգիաները: Ամերիկայում գրեթե 190 մլն ընտրող կա: Թվում է` կանխատեսումների համար անհրաժեշտ է պարզել բազմահազար, նույնիսկ միլիոնավոր մարդկանց կարծիքը: Ընտրազանգվածն ուսումնասիրելիս, սակայն, ինչպես «Գելլապ» ինստիտուտը, այնպես էլ արեւմտյան շատ ու շատ այլ վերլուծական կենտրոններ հարցման են ենթարկում ընդամենը 1000 մարդու: Ջ. Գելլապն առաջին սոցիոլոգներից էր, որ ընտրազանգվածը հետազոտելիս սկսեց կիրառել ընտրովի վերլուծության մաթեմատիկական օրենքները: Ոչ ոք չէր հասկանում, թե ընտրողների կարծիքի վերլուծության ժամանակ ինչո՞ւ էր «Գելլապը» նույն թվով մարդկանց հարցման ենթարկել եւ՛ ամենամեծ` Նյու Յորք նահանգում, եւ՛ գավառական փոքրիկ քաղաքներում: «Գելլապն» այսպես է պատասխանում. «Պատկերացրեք` խոհարարը երկու տեսակի ապուր է պատրաստում, մեկը` մեծ կաթսայով, մյուսը` փոքր: Ճաշի համը փորձելիս խոհարարը մեծ կաթսայից ավելի մեծ գդալով չի համտեսում, իսկ փոքրից` փոքր գդալով: Նույն գդալով է դա անում»: Հարցախույզ անցկացնելիս կարեւոր է երկու բան` հարցվածների քանակը եւ որակը, այն, թե ո՞ւմ են հարցման ենթարկել: Ընդ որում, երկրորդն ավելի կարեւոր է: Ջ. Գելլապը դեռ իր գործունեության սկզբում եկել էր այն եզրակացության, որ մարդկանց պետք է հարցման ենթարկել ըստ բնակության վայրի` հեռախոսազանգերի միջոցով: Պատահական ընտրության մեջ չեն ընկնում զորանոցներում բնակվող զինվորականները, տանից դուրս բնակվող ուսանողները, կալանավորները, հիվանդանոցում գտնվողները եւ մի շարք այլ խմբեր: «Գելլապ» ինստիտուտի հարցախույզ անցկացնողներն օգտագործում են Ամերիկայի տնային հեռախոսների մշտապես նորացվող արխիվները եւ ընտրում պատահական 1000 հեռախոսահամար: Հարցերն այնպես են ձեւակերպվում, որ առավելագույնս չեզոք լինեն եւ չազդեն հարցվողների պատասխանների վրա: Սոցհարցումների վերջին փուլը ստացված պատասխանների վերլուծությունն է եւ եզրակացությունները, որոնց վրա կազմվում է կանխատեսումը: Ճշգրիտ կանխատեսում չի կարող արվել մի հարցման արդյունքների հիման վրա, եւ սոցիոլոգները մարդկանց կարծիքը սկսում են ուսումնասիրել ընտրությունների ամենասկզբից: Նրանք վերլուծում են ընտրողների կարծիքի փոփոխությունները եւ գտնում դրա վրա ազդող գործոնները, համեմատում նախորդ ընտրությունների, երբեմն նաեւ՝ այլ երկրներում անցկացված ընտրությունների հետ: Միայն այս ամենից հետո են կանխատեսումներ արվում: Չափազանց դժվար է անել նախագահական ընտրությունների թեկուզ մեկ ճշգրիտ կանխատեսում: Սակայն Ջ. Գելլապն ու նրա հետնորդները ճիշտ են կանխատեսել նախագահական 16 ընտրություններից 15-ի արդյունքները, սկսած` ԱՄՆ նախագահներ Ֆ. Ռուզվելտի, Դ. Էյզենհաուերի, Ջ. Քենեդու, Լ. Ջոնսոնի, Ռ. Նիքսոնի, Ջ. Քարտերի, Ռ. Ռեյգանի, Ջ. Բուշի, Բ. Քլինթոնի ժամանակներից: Եվս մի փաստ. այս տարիների ընթացքում Գելլապի ինստիտուտը 14 անգամ կանխատեսել է, թե ո՞ր կուսակցությունն է գերակշռելու ԱՄՆ Կոնգրեսում: Եվ 14 անգամ կանխատեսումն իրականացել է:
«Գելլապը» Հայաստանում
Հայաստանում վերջին տարիներին սոցհարցումներով զբաղվող կազմակերպությունները շատացել են: Դրան զուգահեռ՝ ավելացել է կասկածը որեւէ սոցհարցման արդյունքի նկատմամբ: Քամահրանքով են վերաբերվում ոչ միայն տեղական, այլեւ արեւմտյան կազմակերպությունների կողմից անցկացված սոցհարցումներին: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի կատարած սոցհարցումները ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլեւ հասարակության կողմից լուրջ չեն ընդունվում, քանի որ ըստ տարածված կարծիքի` Ա. Ադիբեկյանի թեթեւ ձեռքով բարձր վարկանիշներ են ստանում միայն իշխանական կուսակցությունները, այսինքն` Ադիբեկյանը նկարչությամբ է զբաղվում: Սոցհարցումների մասին խոսելիս բոլորը միանշանակ հիշում են ռուսական հայտնի ասացվածքը՝ երաժշտություն պատվիրում է նա, ով վճարում է: Հայաստանում սոցհարցումներ են անցկացրել «Գելլապ», «Պոպուլուս» հեղինակավոր ընկերությունները: Ի դեպ, երբ նրանց հարցումները վերաբերել են հասարակական խնդիրներին, տրամադրություններին, երկրում տիրող կոռուպցիային, եւ՛ քաղաքական գործիչները, եւ՛ հասարակությունը համաձայնել են այդ կանխատեսումների արդյունքների հետ: Իսկ երբ հարցումներն արվել են կոնկրետ քաղաքական ուժերի, կուսակցությունների, քաղաքական գործիչների ռեյտինգի շուրջ, ապա հիմնականում դժգոհություններ են եղել եւ անվստահություն այդ կանխատեսումների օբյեկտիվության շուրջ: Բոլորը (բացի իշխանություններից), կարծես թե, համաձայնեցին «Գելլապի» եւ մեկ այլ կազմակերպության սոցիոլոգիական հետազոտության թվերի հետ, ըստ որոնց՝ Հայաստանի բնակչության 70 տոկոսը վախեցած է: Ընդդիմադիր քաղաքական գործիչներից մի քանիսն ընդվզեցին ամերիկյան «Գելլապի» անցկացրած սոցիոլոգիական հարցումների դեմ, երբ նրանց կողմից 2006թ. կատարված սոցհարցումներով պարզվեց, որ ՀՀ բնակչության 67-70 տոկոսն անընդունելի է համարում Հայաստանում հեղափոխության ճանապարհով իշխանափոխությունը: Ժամանակին ՀԺԿ նախագահ, ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը «Գելլապի» սոցիոլոգիական հարցումների մասին ասաց, թե դրանք հատկապես Հայաստանում ուղղորդված են իշխանությունների կողմից եւ իրականության հետ որեւէ կապ չունեն: Այդ ժամանակ «Գելլապի» ինստիտուտի «Ֆոկուս խումբը» եկել էր այն եզրակացության, որ եթե ՀԺԿ-ն իշխանության գա, ապա արդյունաբերության մեջ կգործի ժառանգականության սկզբունքը: «Ես որեւէ գործարան չեմ ժառանգել»,- ի պատասխան սոցհարցումներին՝ ասել էր Ս. Դեմիրճյանը: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը 2006թ. խոսելով երկրում առկա կոռուպցիայի, կրիմինալի, անօրինականությունների մասին, կարեւորել էր այն խնդիրը, որ հասարակությունն առհասարակ վստահություն չունի ապագայի, ընտրությունների նկատմամբ: Իսկ «Գելլապի» կատարած այն հետազոտությունը, ըստ որի՝ հայ ընտրողների 70 տոկոսը չի վստահում ընտրություններին, Վ. Մանուկյանի գնահատմամբ՝ ճշմարտացի է, որքան էլ մենք թերահավատ վերաբերվենք ցանկացած սոցիոլոգիական հարցումներին: Հիշեցնելով «Գելլապի» մեթոդը, այն է` վերջնական եւ ճշգրիտ կանխատեսումներ անելու համար հարցումներն արվում են մի քանի անգամ եւ մարդկանց կարծիքը սկսում են ուսումնասիրել ընտրությունների ամենասկզբից` հաշվի առնելով ընտրողների կարծիքի փոփոխությունները, դրանք համեմատում նախորդ ընտրությունների հետ: Միայն այս ամենից հետո են կանխատեսումներ արվում:
2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների շուրջ ԱՄՆ ֆինանսավորմամբ «Գելլապը» սոցհարցումներ է անցկացնում: «Գելլապի» մասնագետները որեւէ երկրում հետազոտություն կատարելիս գործում են փակ-գաղտնիության պայմաններում: «Գելլապը» հետազոտել է ՀՀ նախագահի 13 հավանական թեկնածուների ռեյտինգը եւ հասարակության վստահությունը նրանց հանդեպ: Հոկտեմբերին նրանք ավարտել են իրենց հետազոտություններից մեկը, որն արվել էր, փաստորեն, մինչեւ ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումները: Ի դեպ, նրանց ներկայացուցիչները, հետազոտությունն ավարտելուց հետո կուսակցություններին են ներկայացնում միայն իրենց թեկնածուի ռեյտինգի ցուցանիշը: Սանդղակում մյուսների անունները չեն նշում, այլ միայն նշում են տվյալ կուսակցության անունը (յուրաքանչյուրին` իր ցուցանիշը եւ իրենց թեկնածուի անունը): Ցանկացած կուսակցություն, ՀՀ նախագահի թեկնածու կարող է հրապարակել իր ցուցանիշները, սակայն «Գելլապի» սկզբունքն է` յուրաքանչյուրին իր սեփական տվյալները փոխանցելը: Մեզ հաջողվեց առայժմ գտնել ՀՀԿ-ին տրամադրած «Գելլապի»` 2007թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը կատարած հարցումների արդյունքը, ըստ որի՝ ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը գլխավորում է ցուցակը: Այն հարցին, թե «Նախագահի թեկնածուներից ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի (%)», հարցվածների 29%-ը նշել է Սերժ Սարգսյանին: «Այլ թեկնածուի» անվանակարգում` 1 %, «Ոչ մեկին»` 14 %, իսկ 8 %-ը պատասխանել է «Չգիտեմ/ Պատասխան չկա» (ներկայացնում ենք ՀՀԿ-ին տրված արդյունքների սանդղակը): Ինչ խոսք, այս արդյունքները կասկածի կենթարկեն քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչներն ու նախագահի թեկնածուները: «Գելլապն» իր այս հարցումների արդյունքները քաղաքական բոլոր ուժերին է ներկայացրել, այնպես որ, մենք քաղաքական բոլոր կուսակցություններին կդիմենք` հրապարակելու իրենց տվյալները, որի իրավունքն իրենք ունեն: Արդյունքում մենք կտեսնենք, թե ովքեր են հայտնվել թեժ 13-յակում հոկտեմբերի 26-նոյեմբերի 3-ի ընթացքում, ըստ այդքան հեղինակավոր «Գելլապի», որն ամեն ինչ գիտի: