Վրաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլին խոստացել է բնակչությանը՝ նախագական ընտրություններում իր հաղթանակի դեպքում, մասնավորապես, լուծել բոլոր սոցիալական հիմնախնդիրները: Ընտրողների առջեւ ելույթ ունենալով Ռուսթավի քաղաքում եւ Աջարիայում՝ նա խոստացել է կենսաթոշակները բարձրացնել մինչեւ 100 դոլար (ներկայում Վրաստանում նվազագույն կենսաթոշակը 34 դոլար է): Բացի այդ, երկրում ծնելիության աճը խթանելու նպատակով թեկնածուն պատրաստ է 2008թ. հունվարից յուրաքանչյուր նորածնի համար ծննդկաններին տալ 1000 լարի (620 դոլար): Նա նաեւ պատրաստ է լավ սովորող ուսանողներին ամսական կրթաթոշակ նշանակել 100 լարիի (62 դոլար) չափով: Կառավարող կուսակցությունից նախագահի թեկնածուն, հաղթելու դեպքում, 2008թ. սկզբից կիրագործի զբաղվածության ծրագիր՝ գործազրկության հիմնախնդիրը լուծելու համար: Ի դեպ, BCG սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի հարցախույզի տվյալների համաձայն, Սահակաշվիլին առաջատարն է Վրաստանի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում: Հարցախույզի արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների 54,5 տոկոսը, որոնք որոշել են գնալ ընտրությունների, կքվեարկեն Սահակաշվիլու օգտին, 15,5 տոկոսը՝ միացյալ ընդդիմությունից նախագահի թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի օգտին, Բադրի Պատարկացիշվիլու օգտին պատրաստ է քվեարկել 14,5 տոկոսը, Դավիթ Գամկրելիձեի օգտին՝ 6,4 տոկոսը: Հարցախույզի արդյունքները հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Ըստ հաղորդագրության՝ հետազոտությունը կատարվել է կառավարող «Ազգային շարժում» կուսակցության պատվերով: Այսօրվա դրությամբ գրանցված է Վրաստանի նախագահի պաշտոնի 18 թեկնածու: