Պրոբլեմները կլուծվե՞ն

05/12/2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր: Ծանոթանալով կրթօջախի պրոբլեմներին` ոչ լիարժեք հարմարություններ, նոր զորամասի կառուցման անհրաժեշտություն, գազամատակարարման խնդիր, ինչպես նաեւ՝ այն փաստին, որ կրթահամալիրը չունի մարզադահլիճ, լուծված չեն տրանսպորտային խնդիրները, Կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն` Ս. Սարգսյանը տեղում գլխավոր շտաբի պետին հանձնարարել է հետամուտ լինել այս խնդիրների կատարմանը եւ կրթահամալիրի նկատմամբ ղեկավարություն ստանձնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ արդեն հաջորդ շաբաթ Սեյրան Օհանյանը կայցելի կրթահամալիր` մանրամասն ծանոթանալու խնդիրներին, այնուհետեւ ՀՀ կառավարությանն ու Պաշտպանության նախարարությանն առաջարկություն կներկայացնի կրթահամալիրը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ: Ս. Սարգսյանի այցը կրթահամալիր պայմանավորված էր նաեւ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան

110-ամյակով: Ըստ Ս. Սարգսյանի` ճիշտ է, որ Բաղրամյանին եւ այլ հայտնի զորավարներին հարգանքի տուրք մատուցելը մշտապես զուգակցվի նման վայրեր այցելելու եւ խնդիրները լուծելու հետ: «Կարեւորն այն չէ` կրթահամալիրը կարո՞ղ է Բաղրամյան տալ, թե՞ ոչ: Կարեւորն այն է, որ այստեղ հայրենասեր մարդ են դաստիարակում, կարեւորն այն է, որ այս երեխաները փողոցից կտրվել են լավ նպատակի համար, որովհետեւ գաղտնիք չէ, որ այստեղ սովորում են սոցիալապես անապահով եւ ծնողազուրկ երեխաներ»,- ասել է Ս. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում, որը գործում է 7 տարի, սովորում է 5-10-րդ դասարանի ավելի քան 160 սան: Նրանք ամբողջ շաբաթ ապրում են կրթահամալիրում, իսկ տուն են գնում միայն շաբաթվա վերջում: Հանրակրթական առարկաներին զուգահեռ՝ ապագա զինվորներին ուսուցանվում է նաեւ ռազմական արվեստ: «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրեն Լեւոն Մխիթարյանի խոսքով, այս կրթօջախն ազգային բանակի վաղվա օրն ու հիմքն է: «Ամենակարեւորն այն է, որ Հայաստանի զինված ուժերը վաղը կունենան փոքր հասակից զինվորական կրթություն ստացած լավ առաջնորդներ»,- ասել է նա: