Դեռ չի աշխատում

05/12/2007

«Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» (ԱՈԱՁ) դեռեւս չի վերսկսել աշխատանքները: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ին ընկերության սեփականատեր հնդկական «Vedanta resources» ընկերությունը 86 մլն դոլարով ԱՈԱՁ-ն վաճառեց վրացական «Մադնեուլի» ընկերությանը, որն էլ իր հերթին պատկանում է ռուսական «Գեոպրոմինվեստ» ընկերությանը: Վաճառելու ընթացքում գործարանը պարապուրդի մեջ էր, եւ դեռ հայտնի չէ, թե երբ կսկսի աշխատանքները: Բացի այդ, ընկերությունը Բնապահպանության նախարարության հետ գտնվում էր դատական պրոցեսների մեջ: Նախարարությունը մի քանի տասնյակ մլն դոլարների հասնող տուգանքներ էր սահմանել, իսկ ընկերությունը չէր ցանկանում վճարել: ԱՈԱՁ-ն ուներ նաեւ մոտ 10 մլն դոլարի հարկային պարտավորություններ: Ընկերության տնօրեն Վարդան Վարդանյանը չցանկացավ պատասխանել՝ արդյոք դեռ շարունակվո՞ւմ են Բնապահպանության նախարարության հետ ունեցած դատական պրոցեսները, ընկերությունը կատարե՞լ է հարկային պարտավորություններն ու տուգանքները եւ մեր շատ այլ հարցերի: «Եթե չեմ սխալվում՝ որոշ գումար վճարվել է, հարկային մասով կարծեմ վճարումներ չի եղել,- ասաց Վ.Վարդանյանը: -Մյուս հարցերով տեղեկություն չունեմ»: Ի դեպ, տեղեկություններ կան, որ «Մադնեուլին» կամ նույն ինքը՝ «Գեոպրոմինվեստ» ընկերությունը ցանկություն ունի ձեռք բերել նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը: