Երեկ առավոտյան Թուրքիայի Իսպարտա ավանի մոտակայքում աղետի է ենթարկվել Ստամբուլ-Իսպարտա չվերթը կատարող MD-83 մարդատար ինքնաթիռը, ինչի հետեւանքով զոհվել են օդանավում գտնվողները՝ անձնակազմի 7 անդամները եւ 49 ուղեւոր: Բոլոր զոհվածները Թուրքիայի քաղաքացիներ են: Ինքնաթիռը կործանվել է վայրէջք կատարելուց հաշված րոպեներ առաջ՝ Իսպարտայի Սուլեյման Դեմիրելի անվան օդանավակայանից ընդամենը 12 կմ հեռավորության վրա: Միաժամանակ, թուրք դիսպետչերները հայտնել են, որ կապն օդանավի հետ ընդհատվել է Իսպարտայից դեռ 150 կմ հեռավորության վրա, երբ անձնակազմի հրամանատարը վայրէջքի թույլտվություն է խնդրել եւ դրական պատասխան է ստացել: Աղետը տեղի է ունեցել լեռնային շրջանում, իսկ վթարի ստույգ վայրը հայտնաբերել են թուրքական զինուժի մարտական ուղղաթիռները, ինչից հետո այնտեղ են մեկնել փրկարարական ծառայության ջոկատները: