Սա շարժում է հանուն Հայաստանի անկախության

03/12/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնական գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Արզումանյանի հետ

– Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իրականացվող հակաքարոզչության համատեքստում այսօր խոսվում է Ղարաբաղյան պատերազմի որոշ դրվագների մասին, որոնց մասին կարծեք թե ցանկացած դեպքում չպետք է խոսվեր: Մասնավորապես, խոսքը Սամվել Բաբայանի հայտարարությունների մասին է: Չե՞ք կարծում, որ ինչ-ինչ բացահայտումները կամ դրանց սպառնալիքները արդեն վտանգավոր են դառնում մեր երկրի համար եւ հետագայում Ադրբեջանին հնարավորություն կտան դրանք մեր դեմ օգտագործել՝ անկախ նրանից, թե ինչ է հնչում կամ այդ հնչածն իրականության հետ որքանով կապ ունի:

– Նախ ասեմ, որ նման որեւէ բացահայտումից Տեր-Պետրոսյանի թիմում որեւէ մեկը չի վախենում: Տեր-Պետրոսյանի թիմն աշխատել է շատ թափանցիկ, բոլոր փաստաթղթերը, որոնք քննարկվել են, մամուլում հրապարակվել են, հրապարակվել են նաեւ մեր պատասխաններն այդ առաջարկներին: Դրա համար, այն, որ ասում են՝ ինչ-որ բաներ ունեն հիշեցնելու, ընդամենը սեւ PR-ի դրսեւորումներից է: Բայց ձեր հարցի մեջ, այո, մի բան կա: Մենք պետք է հաշվի առնենք, որ դրանք պատերազմական տարիներ են եղել, եւ պատերազմը դեռեւս ավարտված չէ. ընդամենը զինադադար է հաստատված: Բանակցային գործընթացը շարունակվում է, եւ պետք է գիտակցել, որ ցանկացած ինֆորմացիա, որը պետք է որ նորմալ երկրներում կոնֆիդենցիալ լիներ եւ գաղտնի պահվեր, չի կարելի շահարկել ընտրությունների ընթացքում: Ես վստահ եմ, որ մարդիկ, որոնք եղել են շատ պատասխանատու պաշտոնների, եղել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Ղարաբաղի բանակի գլխավոր հրամանատար, այնքան խոհեմ կլինեն, որ կգիտակցեն, որ կան բաներ, որոնց մասին չի կարելի խոսել նույնիսկ ընտրվելու ամենամեծ ցանկության դեպքում: Այսօր, եթե մենք բոլոր հետազոտությունների արդյունքներն ուսումնասիրենք, պարզ է, որ ԼՂ հիմնահարցը Հայաստանի հասարակության համար այս ընտրություններում թիվ մեկ գերակայությունը չէ: Մարդիկ շատ այլ պրոբլեմներ ունեն, եւ այդ պրոբլեմներն են իրենց գերակայությունները: Եվ ինքը՝ փաստը, որ գործող վարչախումբը փորձում է ԼՂ հարցը դարձնել հիմնական հարց նախընտրական այս փուլում, շատ վտանգավոր է: Արման Մելիքյանի թեկնածության առաջադրումը հենց այդ մասին է խոսում. որ փորձ է արվում հասարակությանը հրամցնել այն միտքը, որ հենց ԼՂ-ի հետ է կապված այս ամբողջ նախընտրական գործընթացը: Մելիքյանի, այսպես կոչված, ոչ ղարաբաղցի լինելը, եւ Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված նրա կոշտ դիրքորոշումները գալիս են ապացուցելու, որ ընդամենը հերթական մի թեկնածու օգտագործելու է ամբիոնը, որպեսզի ցեխ շպրտի Լ. Տեր-Պետրոսյանի վրա եւ նախընտրական փուլում շահարկի ԼՂ հարցը: Այնպես որ, վտանգներ շատ կան այս ամեն ինչում:

– Նախագահի որոշ թեկնածուներ՝ օրինակ Արտաշես Գեղամյանը, նույն Արման Մելիքյանը, իրենց առաջադրման «հիմնավորումը» սկսում են «այ, քանի որ Տեր-Պետրոսյանըգ , դրա համար էլ առաջադրվում ենք» ձեւակերպմամբ: Այս ընդհանրությունից կարո՞ղ ենք եզրակացնել, որ այս ամենը գուցե ինչ-որ մի կենտրոնում մշակված եւ իրականացվող մարտավարություն է:

– Ակնհայտ է, որ իշխանությունները շատ լուրջ միջամտություն ունեն առաջադրման գործընթացներում: Դա նորություն չէ մեզանում: Դա եղել է եւ՛ 1998-ին, եւ՛ 2003-ին: Գեղամյանը, ինչպես հիշում եք, 2003թ. կարող էր աջակցել Ստեփան Դեմիրճյանին եւ կոչ անել իր ընտրողներին՝ իրենց ձայները տալ Ս.Դեմիրճյանին, սակայն հրաժարվեց՝ դրանով իսկ շատ ավելի դյուրացնելով Ռ.Քոչարյանի՝ խախտումների միջոցով իշխանությունը պահելու գործընթացը: Հիմա ի՞նչ է անում Գեղամյանը: Տեսեք, կան քաղաքական ուժեր, որոնց տրվում է եթեր հանրային հեռուստատեսությամբ, իշխանությունների կողմից վերահսկվող բոլոր ԶԼՄ-ներով, որպեսզի նրանք քննադատեն Լ. Տեր-Պետրոսյանին: Նրանց ֆունկցիան այս ընտրական գործընթացում հենց դա է՝ ցեխ շպրտել Լ.Տեր-Պետրոսյանի վրա: Դա բացատրելու կամ դա հիմնավորելու համար հազար ու մի պատճառներ կարող են բերել: Միշտ էլ հիմնավորում գտնում են: Գեղամյանը եւ՛ 2003-ին հիմնավորումներ գտավ, եւ՛ 2007-ի ԱԺ ընտրություններում հիմնավորումներ գտավ, հիմա էլ է շարունակում նույն գործընթացը: Բայց պետք է գիտակցվի, որ այսօր որոշ քաղաքական ուժեր, կամա թե ակամա, իրենց գործելակերպով աջակցում են եւ նպաստում են այս իշխանությունների վերարտադրությանը: Հիմնական մտահոգությունը, որը հնչեցվեց նոյեմբերի 16-ի հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանի կողմից, այն էր, որ եթե մենք չենք կարողանում համատեղ պայքարել այս չարիքի դեմ, իսկ չարիք մենք անվանում ենք այսօրվա իշխանություններին, այս ավազակապետությունը, ապա դրանով կնպաստենք այս ավազակապետության վերարտադրությանը: Անկեղծությունը ցույց տալու ամենակարճ ճանապարհն այն է, որ՝ եկեք օգտագործենք այս հնարավորությունը, ձեւավորվող շարժումը՝ ռեժիմից ձերբազատվելու համար: Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստակամություն հայտնեց նման պարագայում 3 տարի հետո ընդհանրապես հեռանալ քաղաքականությունից եւ հնարավորություն տալ ազատ, արդար ընրությունների միջոցով ձեւավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Վերջին հաշվով՝ մեր ժողովրդից առեւանգված է ընտրության միջոցով իշխանություն ձեւավորելու իր իրավունքը: Այն պետք է վերադարձվի: Հիմա դրա համար կան նախադրյալներ: Եվ առաջին նախագահի առաջադրումը ցույց է տալիս, որ հասարակության մեջ արդեն չկա այն հուսալքության, հիասթափության մթնոլորտը: Արդեն հասարակությունը տեսնում է այլընտրանք Ս. Սարգսյանին: Եվ այդ այլընտրանքը Լ. Տեր-Պետրոսյանն է: Եթե հասարակության մոտ ձեւավորվել է նման մոտեցում, ապա շատ տրամաբանական կլիներ, որ մյուս քաղաքական գործիչները՝ ընդդիմադիր կոչվող կամ ընդդիմադիր ներկայացվող, իրենց ընդդիմադիր ներկայացնող, կոնսուլտացիաներ անեին եւ համատեղ ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեին:

– Երբ առաջին նախագահը միավորման կոչ արեց, եւ ոմանք շտապեցին մերժել այն, դուք կարծիք հայտնեցիք, թե դա հավանաբար նրանց առաջին՝ էմոցիոնալ արձագանքն է: Սակայն անցած օրերը ցույց տվեցին, որ այդ դիրքորոշումն ամենեւին էլ չփոխվեց: Դուք սա ինչո՞վ եք բացատրում:

– Մեր հանրապետությունը, ՀՀ անկախությունն է այսօր վտանգված: Եվ ես հույս էի հայտնում, որ իրենց քաղաքական այրեր համարող մարդիկ պետք է առաջնորդվեն առաջին հերթին ՀՀ ազգային շահով եւ ոչ թե անձնական ամբիցիաներով կամ էմոցիոնալ գնահատականներով: Ցավոք, կարծեք որոշ քաղաքական գործիչներ չեն կարողանում դուրս գալ այդ էմոցիոնալ հարթությունից եւ անձնական ամբիցիաների շրջանակներից, եւ բոլոր գնահատականներն անում են հենց այդ հենքի վրա, ինչը բացառում է նրանց կողմից որեւէ քաղաքական մոտեցում ցուցաբերելը: Ցավում եմ, որ այդպես է, մանավանդ, որ մարդիկ են, որոնք վերջին 15-20 տարիներին եղել են մեր քաղաքական դաշտի ամենաակտիվ դերակատարները: Ցավալի իրողություն է, բայց ոչ մի ողբերգական բան չեմ տեսնում: Ամեն մարդ իրավունք ունի ինքն իր որոշումները կայացնել: Ընդամենը դեռեւս 1-2 բացասական արձագանք է եղել առաջարկին, մյուս քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաները շարունակվում են:

– Մինչեւ այսօր ավելի շատ «հիշեցումներ» են լինում, իսկ Տեր-Պետրոսյանի թիմն էլ պատասխանում է դրանց: Մտավախություն չունե՞ք, որ այդպես կարող եք ներքաշվել անցյալի հարթություն, ու ապագայի մասին խոսելու ժամանակ այլեւս չի մնա:

– Լ. Տեր-Պետրոսյանի թիմը հիշեցման խնդիր չունի: 10 տարվա լռությունից հետո, ակնհայտ է, որ պետք էր ինչ-որ գնահատականներով հանդես գալ: 10 տարի այդ մարդու հասցեին ինչ ասես չէր ասվել: Եվ արդեն միֆեր էին ստեղծվել նրա վերաբերյալ: Հասարակությունը սպասում էր ինչ-որ պատասխանների: Եվ Տեր-Պետրոսյանի ելույթները ոչ թե ինչ-որ հիշեցումներ են, այլ ընդամենն իր պատկերացումներն են այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է ՀՀ-ում: Նա տալիս է ՀՀ այսօրվա իշխանության, այսօրվա պետության, պետական կառուցվածքի գնահատականը: Եվ առաջարկելու է այն լուծումները, որոնցով հնարավոր է երկիրը վերադարձնել ժողովրդավարական ուղի: Վստահ եմ, առաջիկա ելույթներում լինելու են ապագային միտված մոտեցումներ, որովհետեւ ի վերջո ձեւավորվող շարժումը ոչ թե «ընդդեմ» շարժում է, այլ՝ հանուն ՀՀ անկախության, հանուն ՀՀ պետականության: Ուղղակի պետք է հստակ գնահատականները տրվեն. ի՞նչ է եղել, ի՞նչ ունենք ու ի՞նչ ուղղությամբ կարող է զարգանալ երկիրը, եթե որեւէ բան չփոխվի, եւ ի՞նչ պետք է անել փոփոխություններ արձանագրելու համար: Ինչ վերաբերում է հակառակ դաշտին, հակառակ դաշտը՝ իշխանությունը, ընդամենը զբաղվում է ընդդիմադիր դաշտին վարկաբեկելով, նախ՝ ընդդիմադիր դաշտը պառակտելով, որը միշտ էլ հաջողվել է (թե՛ 1998-ին, թե՛ 2003-ին) եւ, ընտրելով հիմնական մրցակցին, ամեն կերպ, ջանք չխնայելով, վարկաբեկել այդ ուժին ու օգտագործել, այսպես կոչված, գրպանային ընդդիմությանը՝ այդ սեւ գործն անելու համար: Իշխանությունն ասելիք չունի:

– Եթե հակիրճ ներկայացնելու լինենք իշխանական քարոզչամեքենայի՝ այս պահին շրջանառվող թեզերը, դրանք հետեւյալն են. առաջին՝ հակառակ Լ.Տեր-Պետրոսյանի կամքի, մենք ազատագրել ենք Արցախը, եւ երկրորդ՝ Տեր-Պետրոսյանի առաջադրումը թուրքերին շատ է ուրախացրել:

– Դրանք այնքան պարզունակ, պրիմիտիվ հայտարարություններ են: Տեր-Պետրոսյանը եղել է ՀՀ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, եւ ցանկացած գործողություն կատարվել է գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով: Եվ այսօր ասել, թե կարող է հրամանատարը տեղյակ չլինի, թե ինչ է կատարվել, դա այնքան պրիմիտիվ բան է: Ես չեմ էլ պատկերացնում մեր հասարակության այն խավերին, որոնց միտված են նման անհեթեթ խոսակցությունները: Անհասկանալի է, թե ինչո՞ւ, երբ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր առաջադրման մասին, սկսվեցին այդ խոսակցությունները, եւ այդ մասին չէր խոսվում անցած 10 տարիներին: Այդ մասին չէր խոսվում Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ, ընդհակառակը՝ ԼՂ-ից հնչում էին միայն շնորհակալական հայտարարություններ եւ երախտագիտություն ՀՀ կառավարությանը, որը սատար է կանգնել իր քույրերին եւ եղբայրներին ԼՂՀ-ում, ազատագրել է ԼՂ-ն, ստեղծել ապահովության գոտի ԼՂ-ի շուրջ: Մյուս հարցի մասին: Նախկին իշխանությունների օրոք ընդամենը եղել է մոտեցում, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չպետք է լինի ՀՀ-ի արտաքին քաղաքականության օրակարգի հիմնական խնդիրը: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստան պետությունը չպետք է աջակցի սփյուռքահայ մեր եղբայրներին եւ քույրերին այդ արդարացի պահանջն իրենց կառավարությունների, խորհրդարանների առջեւ բարձրացնելու գործում: Ինչի՞ են հասել այս իշխանությունները 10 տարում: Որեւէ առաջխաղացում չկա: Եվ ասել, որ թուրքական ինչ-ինչ ուժեր շահագրգռված են, որ Տեր-Պետրոսյանը գա, դա ընդամենը փողոցային եւ շատ պարզունակ հնարք է: Վստահ եմ, այդ թեմաներին առաջիկա ելույթներում կանդրադառնա Տեր-Պետրոսյանը: Նախորդ հարցում մեղադրանքների մասին նշեցիք: Մենք երբեմն հարկադրված ենք շատ պարզ ճշմարտությունների մասին բազմիցս խոսել եւ շատ մանրամասն խոսել, որովհետեւ, եթե եթերը հեղեղված է նման անհեթեթ մեղադրանքներով, եւ հասարակության մոտ փորձում են ձեւավորել այնպիսի տեսակետ, որ դա համապատասխանում է ճշմարտությանը, ապա մենք ստիպված պետք է ինչ-որ կերպ անդրադառնանք այդ ամենին՝ շատ ամփոփ, ծավալուն մի պատասխանով, որից հետո կարողանանք շարունակել մեր ասելիքը: Վստահ եմ, ինչպես անդրադարձավ, այսպես կոչված՝ «մթի, ցրտի տարիներին», «մազութի գործին» եւ այլ մեղադրանքների, այնպես էլ անդրադառնալու է թե՛ ԼՂ հիմնահարցի կարգավորման նրբություններին, թե՛ հայ-թուրքական հարաբերություններին:

– Եվ մի վերջին հարց: Ձեր դեմ հարուցված գործում ինչ-որ նորություն կա՞:

– Այս ընթացքում նույնիսկ որեւէ կոնտակտ այդ քննչական մարմնի հետ չի եղել: Իմ տվյալներով՝ որեւէ գործողություն չի կատարվել նաեւ ՌԴ-ում: Համենայնդեպս, այն մարդը՝ իմ ընկեր Սաշիկ Աղազարյանը, որի գործունեությունն իբր պետք է ստուգվեր, նրա հանդեպ նույնպես որեւէ գործողություն չի կատարվել ՌԴ-ում: Կարծում եմ, որ տեսնելով, որ չկարողացան գործ սարքել, նրանք ընդամենն ուզում են մոռացության տալ: Դրա հետ մեկտեղ էլ՝ ինձ իմ գործողություններում կաշկանդելու բան էլ կա, քանի որ ես ստորագրություն եմ տվել չբացակայելու մասին: Այնպես որ, դա երեւի ճնշում գործադրելու ձեւերից մեկն է: Բայց վաղ թե ուշ պետք է ոչ միայն կարճվի այդ գործը, այլեւ հրահանգողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջեւ: Գիտեք, ես դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իհարկե, ժամանակ պահանջող գործ է, բայց վստահ եմ՝ այդ ապօրինի կալանավորումն իր գնահատականը ստանալու է նաեւ եվրոպական ատյաններում: