Էլի մի հայտարարություն

03/12/2007

Մադրիդում տեղի ունեցած տարեկան նիստում ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհուրդը հայտարարություն է ընդունել ԼՂՀ վերաբերյալ: «Մենք բավականությամբ նշում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնել են գալիք տարում շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները»,- ասված է փաստաթղթում, որը «վճռականորեն կոչ է անում 2 կողմերին` հաղթահարել մնացող վերջին տարաձայնությունները, դրանով իսկ հավանություն տալ կարգավորման ընդհանուր հայեցակարգին եւ դրա հիման վրա անցնել համընդգրկուն խաղաղ համաձայնության մշակմանը»: Նշենք, որ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, երեկ ԵԱՀԿ-ի նախագահությունը Իսպանիայից փոխանցվել է Ֆինլանդիային, որի նոր նախագահող` Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե կաջակցի ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների բոլոր քայլերին: «ԵԱՀԿ-ն պետք է բոլոր ջանքերը գործադրի Ադրբեջանում, Վրաստանում եւ Մոլդովայում առկա հակամարտությունների կարգավորման հարցում տեղաշարժի հասնելու համար»,- հայտարարել է նա: