Երկու օր առաջ հեռուստատեսությամբ խոսում էր Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը։ Չեմ հիշում՝ ինչ կոնտեքստում էր, բայց հստակ հիշում եմ նրա այս խոսքերը. «պատմաբանները կեղծում են անցյալը, տեսաբանները՝ ապագան»։ Պարոն Մնացականյանը համեստորեն չի խոսել ներկայի մասին, քանի որ, ներկան կեղծելու գործով, ըստ էության, զբաղված է նրա ղեկավարած կառույցը:
Իսկ երեկ ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի ցուցանիշները՝ այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսների համար։ Այդ տվյալները հասարակ մահկանացուների համար, ինչպես միշտ, զարմանալի են։ Օրինակ, պարզվում է, որ 2006թ. դեկտեմբերի նկատմամբ այս տարվա նոյեմբերի գները բարձր են ընդամենը 5.1%-ով։ Իսկ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում գներն աճել են 4.2%-ով։
Եթե պարզ ասենք, ապա սա նշանակում է հետեւյալը։ Եթե անցյալ տարվա նոյեմբերին տանտիրուհին մտնում էր խանութ եւ կատարում 5000 դրամի գնումներ, ապա այս տարի նույն չափով (բնեղեն արտահայտությամբ) ապրանքներ գնելու համար նրան անհրաժեշտ կլինի 5210 դրամ՝ ընդամենը 210 դրամով ավելի։ Մինչդեռ ցանկացած խանութ մտնող մարդ շատ տպավորիչ կերպով կպատմի, թե այս տարվա 5000-ը նախորդ տարվա 5000-ի համեմատ որքանով է արժեզրկվել։ Մի խոսքով, եթե այս մարդկանց հարցնեք՝ եթե անցյալը կեղծում են պատմաբանները, ապագան՝ տեսաբանները, ովքե՞ր են կեղծում ներկան, նրանք, ծանոթանալով այս ցուցանիշներին, հստակ պատասխան կտան։
Ավելին, «2007թ. նոյեմբերին 2006թ. դեկտեմբերի համեմատ՝ կարագի, բուսական յուղի, հացի, ալյուրի գնաճը նպաստել է սպառողական գների ընդհանուր աճին 4.53 տոկոսային կետով: Առանց վերը նշված ապրանքատեսակների գնային փոփոխությունների սպառողական գների ինդեքսը նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված 105.1%-ի փոխարեն կկազմեր 100.6%», – ասվում է ԱՎԾ հրապարակման մեջ։
Փաստորեն, եթե վերը նշված ապրանքների գների բարձրացումը մեծ հնչեղություն չստանար, ապա հնարավոր է երկնիշ տնտեսական աճի ֆոնին 1%-ից էլ ցածր գնաճ արձանագրվեր։
Իհարկե, «եթե»-ներով առաջնորդվելը սխալ է, սակայն, քանի որ վերը նշված պնդումը՝ «առանց վերը նշված ապրանքատեսակների գնային փոփոխությունների» արտահայտությունը «եթե»-ի բնույթ ունի, կարելի է առաջ քաշել հետեւյալ հարցը՝ ի՞նչ կարժենար բենզինը, եթե դոլարի գինը տարվա սկզբի 367 դրամից չհասներ 300 դրամի։ Եվ ի՞նչ ազդեցություն կունենար փոխարժեքն ընդհանրապես գների մակարդակի վրա։ Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է՝ պետք է ընտրենք՝ կա՛մ դրամի արժեւորում, կա՛մ գնաճ։ Ստացվում է՝ ընտրել ենք (ավելի ճիշտ կլինի ասել՝ մեր փոխարեն ընտրել են) առաջին տարբերակը (թեեւ պաշտոնապես հայտարարվում է, որ ԿԲ-ն կառավարում է գնաճը եւ փոխարժեքի հետ գործ չունի)։ Բայց արի ու տես, որ երկրորդը՝ գնաճը, դրանից չի շահում։ Գները շարունակում են բարձրանալ։ Այլ հարց է, որ փորձ է արվում դա կոծկել։ Այնուամենայնիվ, անգամ պաշտոնական վիճակագրությամբ երեւում է, որ գնաճի առումով մենք ետեւում ենք թողել ԱՊՀ շատ երկրների (աղյուսակ)։
ԱՊՀ մայրաքաղաքների մի քանի ապրանքների գների աճը, 2007-ի հոկտեմբերը՝ 2006-ի հոկտեմբերի նկատմամբ, %
Այս աղյուսակը կազմել ենք ԱՎԾ հրապարակման հիման վրա։ Ինչպես երեւում է, օրինակ, կարագի գների աճի տեսանկյունից «կրած ունենք» բոլորին, իսկ բուսական յուղի դեպքում՝ աննշան չափով զիջում ենք միայն Աստանային։
Ավելին, նույն հրապարակման մեջ բերված են նաեւ համեմատական գները, որտեղ կարող ենք տեսնել, որ տեղ-տեղ առաջ ենք անցել անգամ աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը համարվող Մոսկվայից։ 2007թ. հոկտեմբերի վերջի դրությամբ` 1 լիտր բուսական յուղը Երեւանում արժեր 972 դրամ, Մոսկվայում՝ 828 դրամ, 1կգ ալյուրը՝ Երեւանում՝ 299 դրամ, Մոսկվայում՝ 271 դրամ, մեկ տասնյակ ձուն՝ Երեւանում՝ 584 դրամ, Մոսկվայում՝ 504 դրամ։
Այնպես որ, գլուխ գովելու եւս մի առիթ ունենք. եթե անշարժ գույքի գների թանկացումով, ըստ մեր իշխանությունների, կարելի է պարծենալ, ապա սննդամթերքի դեպքո՞ւմ ինչն է խանգարում։