Սատարելու են ՀՀ վարչապետին

03/12/2007

Հայաստանի եզդիների միությունը եւ եզդիական համայնքը նախագահական ընտրություններին սատարելու է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: «Ես շրջել եմ բազմաթիվ համայնքներում, եւ ինձ համար պարզ է դարձել, որ Հայաստանի եզդիների ճնշող մեծամասնությունը վստահում է Ս. Սարգսյանին եւ ընտրելու է նրան: Մենք գիտենք նրա աշխարհայացքը, հոգատար վերաբերմունքը ոչ միայն եզդիների, այլեւ Հայաստանի ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ: Նա միշտ կանգնած է եղել մեր կողքին, այժմ մենք կլինենք նրա կողքին,- նշել է Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը,- Հայաստանի ազգային փոքրամասնությունները պաշտպանում են գործող իշխանություններին, քանզի տեսնում են նրանց կատարած աշխատանքը: Մեր հաշվարկներով՝ մոտ 60 հազար եզդիներ կան, եւ նրանք բոլորը միշտ գոհ են եղել կատարված աշխատանքից, տեսնում են, որ իրենց խնդիրները լուծում են ստանում: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ եզդիների դիրքորոշումը միասնական չէր, սակայն այժմ մենք միասնական ենք»: Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը նույն ասուլիսում նշել է. «Հայաստանի հրեաները անցել են նույն դժվարություններով, որոնցով անցել է ՀՀ ցանկացած այլ քաղաքացի: Մենք տեսել ենք, թե ինչ աշխատանք են կատարել ներկայիս իշխանությունները, եւ ցանկանում ենք այդ աշխատանքն ըստ արժանվույն գնահատել: Խելագարություն կլինի վերադառնալն այն սարսափելի ժամանակներին, որոնցից մենք կարողացանք ազատվել: Ս. Սարգսյանը մեծ ներդրում ունի ՀՀ զարգացման գործում, եւ նա արժանի է լինելու ՀՀ նախագահը»: