Այնտեղ, ուր մենք ենք ապրում, մարդիկ բարեկիրթ չեն

03/12/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հիշո՞ւմ եք «Վիննի Թուխ» մուլտֆիլմը. երբ Վիննի արջուկը առավոտ կանուխ հյուր է գնում Ճագարին եւ այնտեղ նստում է մի քիչ, հետո՝ եւս մի քիչ, հետո՝ էլի՛ մի քիչ, մինչ դատարկվում է Ճագարի սննդի պահարանը: Երբ Վիննին, այդքան ուտելուց հետո, գիրանում է եւ շատ դժվարությամբ է հաջողացնում դուրս գալ Ճագարի բնից, մտածում է, որ, այնուամենայնիվ, երբեք այլեւս այնքան երկար չի մնա մեկի տանը, որ ընկնի անելանելի վիճակի մեջ: «Իսկ թե ինչ մտածեց Ճագարը,- շարունակում է արդեն Հեղինակը,- ոչ ոք չիմացավ. նա շատ դաստիարակված էր»:

Դաստիարակության եւ բարեկրթության դրսեւորումները բազմազան են, սակայն այդ հարցում հղում անել մեր քաղաքական ուժերին կամ հասարակական փոխհարաբերություններին, ցավոք, չենք կարող: Փոքրոգության, անհանդուրժողականության, կատեգորիկության (իսկ «Կատեգորիկությունը տգիտության նշան է»՝ պնդում է անգլիական ասույթը) եւ, ի վերջո, բարեկրթության պակասի դրսեւորումները, որոնք տեսնում ենք նախընտրական այս փուլում, թույլ են տալիս ենթադրել, որ մեր հասարակությունը` խոշոր հաշվով, տարրական դաստիարակություն չստացած մարդկանց հասարակություն է:

Իրենց մանկությունը խորհրդային տարիներին անցկացրած եւ քաղաքական արենայում այսօր առաջնային տեղ զբաղեցնելու հայտ ներկայացրած անձինք խորհրդային տարիներին գուցե թե օբյեկտիվորեն չեն հասցրել ծանոթանալ քրիստոնեական արժեքներին, սակայն խորհրդային մուլտֆիլմերի եւ մանկական կինոնկարների հերոսները, որպես կանոն, ասպետություն, մեծահոգություն էին փոխանցում էկրաններից: Սակայն եզրակացնել, թե մշակութային կամ համամարդկային արժեքների իմացությունը թելադրում են համապատասխան վարքագիծ, պարզվում է, թյուրիմացություն է:

Երբ երկրի առաջին դեմքը՝ նախագահ Քոչարյանը, իրեն թույլ է տալիս ի լուր ամենքի սպառնալ, թե «ով մոռացել է այսինչ բանը, կհիշեցնենք», սա խոսում է ոչ թե նրա քաղաքական մարտավարության, այլ ահավոր վատ տոնի, մարդկային շատ ցածր, բայց արթուն բնազդների մասին: Այստեղ կա մի նյուանս. երկրի նախագահը, որն ուժեղ դիրքում է ի պաշտոնե, զուտ մարդկայնորեն, պետք է դիսկոմֆորտ զգա նվաստացնել իր քաղաքական հակառակորդներին, անկախ դատավորին, անմեղ մարդուն ձերբակալելու որոշում կայացնելով` նաեւ ողջ հասարակությանը, մի պարզ հիմնավորմամբ` դաստիարակված մարդը կյանքի եւ ոչ մի իրավիճակում իրեն թույլ չի տա իջնել անհանդուրժողականության, վրեժխնդրության եւ իրենից թույլին վիրավորելու աստիճանի: Բարեկիրթ մարդը մեծահոգի է առանց լարվածության ու ճիգերի: Մեծահոգությունն ու հանդուրժողականությունը նրա համար անքննարկելի արժեքներ են:

Սակայն մեր հասարակության բարդությունն այն է, որ որեւէ ցածր, անպատիվ արարք անմիջապես վերցնում են լայն զանգվածները: Ռոբերտ Քոչարյանից հետո հիշելու եւ հիշեցնելու բազում դեպքեր գտան Սերժ Սարգսյանը` իր կողմնակիցներով, Սամվել Բաբայանը, Արտաշես Գեղամյանը, Պարույր Հայրիկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ու մյուսները:

Անհանդուրժող են եւ՛ իշխանությունները, եւ՛ ընդդիմադիրները (ի դեպ, ընդդիմության ագրեսիվությունը միշտ չէ, որ ինքնապաշտպանության միջոց է): Օրերս մեր թերթում հրապարակված հարցազրույցներից մեկում մեր մտավորականներից մեկը կարծիք էր հայտնել, ուր, օգտվելով վերհուշի ի՛ր իրավունքից, մատնանշել էր 1996 թվականի` ամենեւին ոչ ժողովրդավարական ընտրությունները: Կան բաներ, փաստեր, որոնց դեմ, անգամ մեծ ցանկության դեպքում, առարկել հնարավոր չէ: Այդ արարքները կարող ես պարզապես ներել: Կամ չներել: Եվ մեզնից յուրաքանչյուրն ունի իր գործողությունները, նախապատվություններն ազատորեն ընտրելու իրավունք, հիշելու կամ մոռանալու, ներելու կամ չներելու ազատություն: Եվ դրանից չի բխում, որ մեկ այլ թերթում, առանց ժամանակ կորցնելու, հայտնվի «արժանի հակահարված». յուրաքանչյուրին, ով չի պաշտպանում մեր նախապատվելի թեկնածուին, պետք է հասարակությանը ներկայացնել շատ անվայել, դաստիարակված մարդուն ոչ բնորոշ, ցածր հիշողություններով: Այսինքն, եթե որեւէ մեկը չի պաշտպանում այսինչ թեկնածուին, դրանից չի հետեւում, որ պետք է հիշել` ում հետ է ամուսնացել, քանի անգամ, ումից է բաժանվել, ում է «ձեռք գցել» կամ ում է աչքով արել: Ուրիշի կյանքի նման մանրամասներով հետաքրքրվելն ահավոր ամոթալի բան է. այդ մանրամասները չպետք է հետաքրքրեն իրեն հարգող մարդուն: Ուրիշի գրպանի պարունակությունը չհաշվելը, ուրիշի ննջարանում մոմ չպահելը, ուրիշի նամակներ չկարդալը, ուրիշի անձնական կյանքով չհետաքրքրվելը, առավել եւս` դրանք հրապարակային քննարկման առարկա չդարձնելն այն տարրական կանոններն են, որոնք յուրաքանչյուր դաստիարակված մարդ իր հետ տանում է ողջ կյանքի ընթացքում` անկախ իրավիճակից:

Անհանդուրժողականությունը վաղուց է քաղաքականությունից տեղափոխվել հասարակական, մարդկային փոխհարաբերությունների ոլորտ: Եվ, վերջապես, մամուլ: Սակայն ագրեսիվությունը՝ այլակարծության հանդեպ, հակազդեցություն է առաջացնում: Մարդկային եւ քաղաքական փոխհարաբերություններում շատ ավելի գնահատելի է դաստիարակված մարդու լռությունը: Եվ դաստիարակությունը` ընդհանրապես: