ՀՀ կառավարության եւ «Նաիրիտ գործարանի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերության միջեւ կնքված պայմանագրով ինֆորմացիայի տրամադրումը խիստ սահմանափակված է:
Այս համաձայնագրին վերաբերող ցանկացած տեղեկատվություն համարվում է հույժ գաղտնի (այդ թվում` իրենց աշխատակիցների ու ներկայացուցիչների համար): Իսկ հրապարակային հայտարարություններով կողմերը պարտավորվել են հանդես գալ միայն մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության դեպքում: Մենք էլ միայն նոր պարզեցինք, որ «Նաիրիտին» վերաբերող մեր հրապարակումներում, փաստորեն, զբաղված ենք եղել գաղտնազերծմամբ` հրապարակելով զուտ համաձայնագրում ամրագրված պայմանավորվածություններն ու պարտավորությունները, որոնք մինչ օրս էլ իրողություն չեն դարձել: «Նաիրիտ գործարանի» թնջուկին ստիպված ենք կրկին անդրադառնալ, քանի որ «գաղտնիության» նախապայմանը վերջապես խախտեց նաեւ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդի» կողմից «Նաիրիտում» նշանակված Գրիգոր Ստեփանյանը: Վերջինս լրագրողներին պատմել է, որ 2009 թվականից գազը թանկանալու է, եւ գործարանի արտադրանքը գնային տեսանկյունից չի կարող մրցունակ լինել միջազգային շուկայում: Ուստի լուրջ աշխատանքներ են տարվում բութադիենի արտադրամասի վերագործարկման համար: Ստեփանյանը նշում է նաեւ, որ չունեն կուտակած ներքին պարտքեր, սակայն չի խոսում արտաքին` վարկային պարտքերի ու գործարանի` վնասով աշխատելու հանգամանքների մասին: Եթե անգամ ընդունենք, որ «Նաիրիտի» սեփականատերը մեծ ցանկություն ունի առաջիկա 5 տարում 120մլն դոլարի ներդրումներ կատարել, ապա գործարանի ներկայիս հզորությունները թույլ չեն տալիս հասնել տարեկան 25.000 տոննա արտադրողականության, ինչպես խոստանում են հրապարակավ: Գործարանը կարող էր նման ծավալների արտադրանք թողարկել Չինաստանին հանձնված երրորդ հոսքագծի առկայության դեպքում միայն, եւ նման հզորությունների առկայության հաշվարկով էլ «Նաիրիտում» կատարած ուսումնասիրությունները մատնանշել են անհրաժեշտ միջոցառումների ցանկը: Բութադիենի արտադրամասի վերագործարկման համար նախ պետք է ապակոնսերվացնեն, մաքրեն, փորձարկեն արտադրական աշտարակը եւ մի շարք այլ նեղ մասնագիտական միջոցառումներ ձեռնարկեն: Այսքանից հետո գալիս է ամենակարեւոր փուլը` չափիչ-ստուգիչ սարքերի ու անհրաժեշտ պահեստամասերի ձեռքբերումը: «Նաիրիտում» աշտարակի մաքրման ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարվել են, սակայն չեն իրականացվել ամենակարեւոր միջոցառումները` ներդրումները, ինչն ուղղակիորեն կապված է փողի առկայության հետ: Իրանի հետ էլ բութադիենի ձեռքբերման մասին որոշակի նամակագրություն է եղել եւ ոչ ավելին: Իրանը պատրաստ է տրամադրել պահանջվող հումքը, սակայն այս ամենը դեռեւս չի ստացել պայմանագրի տեսք: Սակայն մինչ Իրանի հետ բութադիենի ներկրման հարցը համաձայնեցնելը՝ «Նաիրիտը» դեռ շատ ու շատ ներքին խնդիրներ ունի: Գործարանում կատարված ուսումնասիրություններն արձանագրել են, որ շարքից դուրս է եկել տեխնիկական ջրի մայրուղին, եւ հարկ է հիմնանորոգել այս ջրագիծն՝ արդեն գոյություն ունեցող նախագծերի հիման վրա: Տարեկան 25.000 տոննա կաուչուկ արտադրելու համար պետք է նորացնել նաեւ ցրտակայանները: Նման ծավալների համար հարկ է մասնակի վերանորոգել եւ քիմիական բաղադրամասերով ապահովել կաուչուկի եւ լատեքսների արտադրությունը: Այս խիստ կապակցված շղթան գործարկելու համար միայն վերանորոգման աշխատանքները կպահանջեն առնվազն մեկ տարի: «Նաիրիտը» մասնավորեցնելուց հետո 1 տարին արդեն անցել է, եւ ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարում էլ հազիվ թե իրականացվեն վերանորոգման աշխատանքներն ու միջոցներ գտնեն ներդրումների համար: Մինչդեռ «Նաիրիտի» սեփականատերերը պարտավոր են արդեն 2008թ. սկզբին անցնել բութադիենային կաուչուկի արտադրությանը` տարեկան ապահովելով 25.000 տոննա արտադրողականություն: Նոր միջոցների ձեռքբերման համար «Ռայնովիլը» բռնել է Sawex-ի «պոչից», եւ թերեւս մեր հաջորդ հրապարակումներում էլ կանդրադառնանք այս հեռանկարին:
Գրավադրված բաժնետոմսեր
Թեպետ «Նաիրիտ գործարանի» բաժնետոմսերը «Ռայնովիլի» տրամադրության տակ հայտնվելու հենց առաջին օրն էլ գրավադրվել են ԱՊՀ միջպետական բանկում, սակայն «Նաիրիտ գործարանից» տեղեկատվության արտահոսք են կատարել նաեւ բաժնետոմսերի վերջնական առքուվաճառքի ժամկետների հետ կապված: Պարզվում է, դեռեւս չեն նշվում բաժնետոմսերի գործարքի վերջնաժամկետները, որովհետեւ առկա են մի շարք խնդիրներ: Այն է` գործարանում վերջին հինգ տարիներին չեն կատարվել հիմնական եւ շրջանառու միջոցների, դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի գույքագրում: Չեն կատարվել, որովհետեւ գործարանի պահեստներում առկա է տասնյակ միլիոն դրամի հասնող պակասորդ եւ ավելցուկ: Ու այս գործը փակվել է Շենգավիթի դատախազության կողմից: Բաժնետոմսերի իրավունքների հետ կապված մի հայց էլ Ջիլբերտ Մուրադյանն է ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան, ով գործարանում 20 հատ բաժնետոմսի իրավունք ունի: Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարությունը գործարանը վաճառելիս հաշվի չի առել «Նաիրիտի» կոլեկտիվի 20 տոկոս բաժնեմասի իրավունքը: Տնտեսական դատարանը վերադարձրել է Մուրադյանի հայցը, պատճառաբանելով, որ հայցվորն իր հայցում չի նշել անձնագրային եւ սոցիալական քարտի տվյալները: Զավեշտը նրանում է, որ նախքան հայցի ընդունումը դատարանի համապատասխան ծառայությունները ստուգում են ներկայացվող փաստաթղթերի ամբողջականությունը, առավել եւս` անձին վերաբերող տվյալները: