Երկու օր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռուսական «Ռուդը եւ Սեմը» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերակատարներն էին հայտնի դերասաններ Արմեն Ջիգարխանյանն ու Ալեքսանդր Կալյագինը։
Այդ երկու հիանալի դերասանները միասին վերջին անգամ խաղացել էին «Բարեւ, ես ձեր մորաքույրն եմ» կատակերգությունում։ Իսկ այժմ արդեն պատկառելի տարիքում նրանք նկարահանվել են ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանի նոր ֆիլմում, որը շատ թեթեւ, կատակներով ու զվարճալի իրավիճակներով լի կոմեդիա է։ «Ռուդը եւ Սեմը» այն ֆիլմերի շարքից է, որը հիշեցնում է հին ու բարի ժամանակների խորհրդային կոմեդիաները, որոնք մարդկանց հիշողության մեջ մնում են ամուր սցենարով ու դերասանների բազմաշերտ խաղով։ Գրիգոր Գյարդուշյանը պատմեց, որ ֆիլմը հատուկ Արմեն Ջիգարխանյանի համար է ստեղծվել։ «Որտեղ էլ որ հայտնվի Արմեն Ջիգարխանյանը, հաստատ կարելի է ասել, որ մարդիկ նրան ժպիտով են դիմավորելու։ Նա արդեն դարձել է մեր ժողովրդի այցեքարտը»։ Պրեմիերային ներկա գտնվող Արմեն Ջիգարխանյանն ասաց, որ տարեց մարդկանց համար սցենարներ քիչ են գրվում, եւ ժպիտով ավելացրեց. «Երբ Ռոբերտ Դե Նիրոն իմացավ, որ նման ֆիլմում եմ նկարահանվել, նա նախանձից ուղղակի «կանաչեց»։
Ծերանոցում իրենց օրերը փնթփնթոցով անցկացնող երկու ծերուկները ոչ մեկին այս աշխարհում պետք չեն։ Մոռացված ու հարազատներ չունեցող այս երկու ընկերները ճակատագրի զավեշտական պտույտով փողերով լի ճամպրուկի տեր են դառնում։ Եվ հանկարծ հասկանում են, որ կյանքը չի կորցրել իր «համն ու հոտը», որ դեռ կարելի է ապրել ու շնորհակալ լինել բախտից։ Պատճառը փող չէ, այլ այն փաստը, որ այս մարդիկ հանկարծ բոլորի ուշադրության կենտրոնում են հայտնվում, նրանց հետապնդում են մաֆիան, հատուկ ծառայությունները, տարբեր տրամաչափի գերատեսչություններն ու ավազակները։ Իսկ նրանց աչքերում կայծեր են բոցկլտում, քանի որ երկարատարեւ նիրհից արթնանում է նրանց երեւակայությունը։ Արկածներ որոնող երկու ընկերները հետապնդողներից փախչում են իմաստուն ու առատաձեռն կեցվածքով։ Այնպես, ինչպես վայել է կյանք տեսած ու կյանքի արժեքը հասկացած մարդկանց։ Եվ ինչպես կարող են անել միայն Ջիգարխանյանի ու Կալյագինի պես համակրելի ծերուկ-ավազակները։ Նրանք պատրաստ են հենց այս վայրկյանին իրենց երազած սպիտակ կոստյումը գնել, օգնել փողոցում լաց լինող եւ աշխատանքից վռնդված Մաշային (դերասանուհի եւ երգչուհի Գյուկոզայի դերակատարմամբ), եւ հենց նույն վայրկյանին ցանկանում են նրան իրենց թոռնիկը դարձնել։
Ֆիլմի բոլոր երկրորդական դերակատարները միայն ֆոն են հանդիսանում այս տաղանդավոր «ծաղրածու-դերասանների» (դա վիրավորական բառ չէ, այլ հենց այն բառը, որով իրենց մասնագիտությունը բնորոշում են այս տաղանդավոր դերասանները) խաղն ընդգծելու համար։ Վստահորեն կարելի է ասել, որ արեւմտյան անվանում ունեցող, սակայն մեզ համար շատ ճանաչելի միջավայր ստեղծող այս ֆիլմը սիրելի ու սպասված կլինի նախկին Խորհրդային Միության տարածքում։ Իսկ հերոսների օպտիմիզմով ու իմաստուն հեգնանքով լի արտահայտություններից շատերը թեւավոր կդառնան։ Գրեթե բոլորս կարող ենք անգիր ասել Գայդայի, Դանելիայի կամ Ռյազանովի ֆիլմերից հիշված աֆորիստիկ արտահայտությունները։ «Ռուդը եւ Սեմը» այդ ֆիլմերի շարքից է։ Գրիգոր Գյարդուշյանը ֆիլմի համար շատ անսպասելի ու թատերական ավարտ էր հորինել։ Վերջում հերոսները նախապատրաստվում են ֆիլմ նկարել իրենց արկածների մասին ու ընդունում, որ գլխավոր դերերը կարող են կատարել միայն Արմեն Ջիգարխանյանն ու Ալեքսանդր Կալյագինը։ «Ես այնքան եմ սիրում այդ դերասաններին, որ շատ էի ուզում իրենց անունները վերջում հնչեցնել։ Կարծում եմ՝ վատ չի ստացվել»,- ասաց Գ.Գյարդուշյանը։ Իրականում, շատ լավ է ստացվել։