Երեկ Սիլիկյան թաղամասում, Հաղթանակ գյուղում հրազենի կրակոցից վիրավորվել են «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ սեփականատերեր հայր եւ որդի Կառլեն եւ Հրանտ Մարտիրոսյանները: Նրանք զբաղվում են մարմարի, բազալտի, գրանիտի եւ այլ քարերի, ինչպես նաեւ՝ այդ քարերից պատրաստված իրերի ներկրմամբ եւ վաճառքով: Մեր տեղեկություններով՝ նրանց վրա կրակողը եղել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի փեսան: Մեր աղբյուրի հավաստմամբ` վերջինս Մարտիրոսյաններից վերցրել է 6000 դոլար արժողությամբ քարեր, սակայն գումարը չի մարել: Մարտիրոսյանները պահանջել են պարտքը եւ ստեղծված վիճաբանության ժամանակ փեսան եւ նրա թիկնապահները կրակել են հայր եւ որդի Մարտիրոսյանների ոտքերին: Կրակողները փախչելուց շտապել էին եւ Մարտիրոսյանների ընկերության բակում թողել էին սպիտակ գույնի ջիպը։