Ավելի շուտ էր պետք մտածել

01/12/2007

Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության քաղաքական քարտուղար, քաղաքագետ Էդվարդ Անտինյանից երեկ հետաքրքրվեցինք` արդյոք ընտրությունների օրինական ընթացքի վրա լուրջ ազդեցություն կունենա՞ այն հանգամանքը, որ երեկ ԱԺ մեծամասնությունը հրաժարվել է ընդունել «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունները, որոնք ԱԺ-ին է ներկայացվել ՕԵԿ-ի կողմից: Ի պատասխան՝ նա ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատը մշտապես կրկնում է, որ եթե նա առաջադրվել է, ուրեմն 100 տոկոսով հաղթելու է: Իսկ վերջերս մի հարցազրույցում հանդիպեցի, որ այդ թիվն արդեն հասել է 1000 տոկոսի: Այդ իսկ պատճառով պետք չէ գերագնահատել ընտրողների մատների թանաքոտման կամ էլ քվեաթերթիկների երկրից դուրս տպագրման ազդեցությունն ընտրությունների վերջնական արդյունքի վրա: Եթե, այնուամենայնիվ, առաջին նախագահի համար այդ կետերի ընդունումն այդքան սկզբունքային էին, ուրեմն ժամանակին, երբ «17»-ի համագործակցության շրջանակներում նման փաստաթուղթ էր նախաձեռնված եւ ուղարկված Հայաստանում գործող մի շարք դեսպանատների ու միջազգային կազմակերպությունների գրասենյակներ, լավ կլիներ, որ այն ժամանակվանից սկսվեր այդքան կարեւոր հարցի համար պայքարը: Թե չէ Սահմանադրական փոփոխություններով իշխանություններն ընդունեցին այն, ինչ ուզեցին, հետո էլ` 2007թ. խորհրդարանական ընտրություններով ամրապնդեցին իրենց դիրքերը: Իսկ հիմա միանգամայն այլ իրողություն է, որի հետ հաշվի չնստել չենք կարող: Եվ այն տեսակետը, թե որքան ընդդիմության մեջ պարտվողները շատ լինեին, այնքան այդ ցաքուցրիվ տարաբնույթ խմբերից ավելի մեծ բանակ կարելի էր հավաքել, հազիվ թե մեծ հաջողություններ են մեզ խոստանում, քանզի հավաքելը՝ հավաքել, բայց դեռ պետք է կարողանալ այն հաղթող բանակ դարձնել»: Հիշեցնենք, որ վերոնշյալ հայտարարության տակ ստորագրել էին Հայաստանի Մտավորականների Ֆորում, ԱԺԴ, ԱԺՄ, ԺՀ, ՀԱԱԿ, ՀԴԿ, ՀԺԿ, Հայաստանի մարքսիստական, ՀՍԴԿ, Հայաստանի սոցիալ-էկոլոգիական, ՀուՊ, «Հանրապետություն», «Մարդու իրավունքներ 96», «Նոր Ժամանակներ», Պահպանողական, ՍԻՄ, ՍԴՀԿ կուսակցությունները: Քաղաքագետ Է. Անտինյանի տեսակետը քաղաքական զարգացումների վերաբերյալ ամբողջությամբ կներկայացնենք մեր թերթի առաջիկա համարներից մեկում: