Ձերբակալվել է Օքրուաշվիլին

01/12/2007

Գերմանական Ոստիկանությունը Բեռլինում ձերբակալել է Վրաստանի ընդդիմության վտարանդի առաջնորդ, պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին: «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ Բեռլինի դատախազը հայտնել է, որ Օքրուաշվիլիին կալանելու եւ էքստրադիցիայի ենթարկելու խնդրանքով դիմել էին Վրաստանի իշխանությունները: Բեռլինի դատախազության խոսնակը տեղեկացրել է, որ Օքրուաշվիլին ձերբակալվել է անցած գիշեր հյուրանոցում, եւ քաղաքային իշխանությունները առաջիկա օրերին կքննարկեն նրան էքստրադիցիայի ենթարկելու հնարավորությունը: Վերջնական որոշում ընդունելու համար կարող է պահանջվել մինչեւ վեց շաբաթ: «Գլխավորը, որ մենք պետք է ստուգենք, այն է, թե արդյո՞ք Վրաստանում նրան վերագրվող հանցագործությունը հանցագործություն է համարվում Գերմանիայում»,- ասել է խոսնակը՝ հավելելով, թե, ամենայն հավանականությամբ, ձեւականությունները սահուն կընթանան, քանի որ վրաց գործիչը մեղադրվում է յուրացումների մեջ: Իրակլի Օքրուաշվիլին Վրաստանից հեռացել է նոյեմբերի 1-ի գիշերը, ընդդիմադիրների պնդմամբ՝ իշխանությունների ճնշման տակ: Սեպտեմբերի 28-ին նա ձերբակալվել էր՝ կոռուպցիայի, խոշոր չափի դրամաշորթության, փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով, ապա հոկտեմբերի 9-ին 6 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակվել կալանքից: Այդուհանդերձ, այս ամիս «Ռոյթերսին» տված հարցազրույցում Իրակլի Օքրուաշվիլին պնդել է Սահակաշվիլիին հասցեագրված մեղադրանքները եւ ասել, թե դրանցից հրաժարվել էր իրեն եւ իր ընկերներին տեւական ազատազրկման ենթարկելու՝ իշխանությունների սպառնալիքների ազդեցության տակ: