Երեկ հայտարարություն է տարածել «Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայաստանում սկսված քաղաքական թեժ իրադարձությունների նախընտրական ներկա շրջափուլում առավել օրհասական եւ առաջնային են դառնում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ ազատ խոսքի պաշտպանության հիմնահարցերը: Երկրի քաղաքական իշխանությունը մերժելով իր ընդդիմախոսներին եւ այլախոհ գործիչներին, շարունակում է հաշվեհարդար տեսնել ազատազրկման, քաղաքական հետապնդման, հարկահանության, աշխատանքից հեռացման, մահվան սպառնալիքների եւ այլ` հնարավոր օրինական եւ ապօրինի բոլոր միջոցներով: 2006թ. հունիսից իմ դեմ սկսված անօրինական քրեական հետապնդումն ու դատավճիռները` ուղղորդված երկրի բարձրագույն իշխանական վերնախավից, ոչ այլ ինչ էին, քան քաղաքական հետապնդում: Ապօրինությունների շղթան գնալով անհույս ու անհեռանկարային դարձրեց Հայաստանում արդարության հասնելու գործընկերներիս, տեղացի եւ արտասահմանցի փաստաբան-պաշտպաններիս եւ իմ բոլոր ջանքերը: Սույն թվականի մայիս ամսից լրացել է իմ վաղաժամկետ պայմանական ազատման օրենքով նախատեսված ժամկետը, որը նախատեսում է պատժի 1/3-ի կրումից հետո համապատասխան ընթացակարգով պայմանական ազատ արձակում: Ընթացիկ տարվա հուլիս ամսին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով, այսպես կոչված, «անկախ» հանձնաժողովը մերժեց «Նուբարաշեն» ք.կ. հիմնարկի` ինձ վաղաժամկետ պայմանական ազատելու վերաբերյալ արված միջնորդությունը: Դեկտեմբեր ամսին ինձ վաղաժամկետ պայմանական ազատելու հերթական հնարավորություն է ընձեռված, եւ ակնկալում եմ, որ Հայաստանի միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպությունները շահագրգիռ հետաքրքրություն հանդես կբերեն Հայաստանի նախագահական նստավայրից ապօրինի հրահանգներով առաջնորդվող պետական պաշտոնյաների գործողություններին: Առաջիկա նախագահական ընտրություններից առաջ մեկնարկած նախընտրական գործընթացներն ավելի կոշտացրել է նախագահականի դիրքորոշումը իմ խնդրի առնչությամբ, որի իրականացման համար առաջիկայում գործի են դրվելու ապօրինի, մինչ օրս չօգտագործված քայլեր եւ միջոցներ: Անազատության մեկուկես տարիներին, ինձ արված ոչ մի գործարքի եւ պայմանավորվածության չեմ մասնակցել, որովհետեւ հավատացել եմ, որ նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների անդուլ աշխատանքի շնորհիվ՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ թե ֆիկցիա է, այլ վեհ առաքելություն է եւ հավատամք: Ուզում եմ հավատալ, որ տեղական եւ արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ զանգվածային լրատավամիջոցների համերաշխ ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա երկրում արմատախիլ անել քաղաքական հետապնդումները եւ ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները: Հույս ունեմ, որ նաեւ այստեղ ներկա իրավապաշտպանների հետեւողական եւ համառ աշխատանքի շնորհիվ օրենքով նախատեսված կարգով իմ ազատությունը իրականություն կդառնա, եւ նաեւ ձեր օգնությամբ կվերադառնամ իմ ստեղծագործական աշխատանքին»: