Անկողնու հարկ

01/12/2007

Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող նորակառույց «Ռիտց» հյուրանոցային համալիրը Հարկային պետական ծառայության հետ նամակագրությամբ փորձել է ճշտել, թե ինչպես է հարկվելու իր գործունեությունը: Զավեշտն այն է, որ հյուրանոց-մոթելները չեն համարվում հանրային սննդի օբյեկտներ, քանի որ չունեն համապատասխան տարածք եւ սեղաններ: Խոհանոցում պատրաստված սնունդն անմիջապես առաքվում է համարներ: Որպես հյուրանոց էլ չեն համապատասխանում հյուրանոցային բիզնեսի չափանիշներին: Իրենց այցելուներից չեն պահանջում անձնագրեր, չեն կատարում համապատասխան հաշվառում եւ այլն: Մոթել-հյուրանոցային այս բիզնեսը հարկվում է հաստատագրված վճարով` համաձայն զբաղեցրած տարածքի եւ սեղանների քանակի: Սակայն նման օբյեկտներում էլ, որպես կանոն, սեղաններ չեն լինում, այլ լինում են անկողիններ: Միգուցե տրամաբանված է հարկը գանձել մահճակալների՞ քանակից: Հարկային արտոնյալ վիճակում են հայտնվել Կենդանաբանական այգի տանող ճանապարհի երկայնքով սփռված «Վալենսիա» համալիրի եւ Հրազդանի ձորում «Փարվանա» համալիրին հարող քոթեջ-տնակները: