Մանկատների երեխաների թիվը կրճատվում է

01/12/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը եւ «Զատիկ» մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանը երեկ ներկայացրեցին ՀՀ-ում գործող մանկատների եւ դրանց բեռնաթափելու ծրագրերը:

Ներկայումս Հայաստանում գործում են թվով 8 պետական մանկատներ, որտեղ խնամվում են մոտ 900 երեխաներ: Բացի պետական մանկատներից, գործում են նաեւ բարեգործական 5 մանկատներ, որտեղ խնամվում են մոտ 200 երեխաներ: Մանկատները նախատեսված են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը, դաստիարակությունն ու պաշտպանությունն իրականացնելու համար: Անդրադառնալով մանկատների նկատմամբ պետական քաղաքականությանը՝ Լ. Ղազարյանը տեղեկացրեց. «Պետությունը ստեղծել է երեխային դաստիարակելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Մանկատան երեխաները հաճախում են հանրակրթական դպրոցներ, եւ նրանց կրթությունն իրականացվում է պատշաճ կերպով»: Բացի այդ, գործում են խնամակալության հաստատություններ, այսինքն՝ նախկին գիշերօթիկ դպրոցները, որտեղ երեխաների կրթությունն ու խնամքը համատեղ է արվում: Վերջին տարիներին մանկատները բեռնաթափելու դրական միտում է նկատվում, որի ապացույցն է երեխաներին մանկատներից ետ վերադարձնելու հանգամանքը: Տիկին Ղազարյանի հավաստմամբ՝ ամեն տարի մանկատներից մոտ 200 երեխաներ են վերադառնում ընտանիքներ, այսինքն` սոցիալական ծանր պայմանների պատճառով իրենց երեխաներին մանկատան խնամքին հանձնած ծնողները վերադարձնում են իրենց երեխաներին: Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետի խոսքերով՝ մանկատներում խստացվել է ընդունելության կարգը, քանի որ գոյություն ունի այլընտրանք: Հետեւաբար՝ սոցիալական խնդիր ունեցող ընտանիքների երեխաների համար այսօր գործում են թվով 7 գիշերօթիկ խնամքի հաստատություններ: Ի դեպ, Հայաստանում գոյություն ունի 2 մասնագիտացված մանկատուն՝ մտավոր եւ ֆիզիկական արատներով երեխաների համար նախատեսված: 0-6 տարեկան երեխաների համար նախատեսված մանկատունը Գյումրիում է, իսկ 6-18 տարեկան երեխաներինը՝ Խարբերդում: Ըստ Լ. Ղազարյանի՝ մանկատան երեխաների հետագա խնդիրների լուծման համար պետությունը ծրագիր է մշակել. դա պետական աջակցությունն է մանկատան շրջանավարտներին, որը գործում է 2003-ից: Ծրագրի շրջանակներում մանկատան 120 շրջանավարտների տրվել են բնակարաններ, ինչպես նաեւ՝ ապրելու համար առաջնային անհրաժեշտության գույք: «Այսօր պետության քաղաքականությունը գնում է նրան, որպեսզի մանկատների թիվը կրճատվի եւ պետությունը կողմնակից է, որ երեխան առավել շատ գտնվի ընտանիքում: Այսինքն՝ պետությունը շատ կարեւորում է երեխայի` ընտանիքում ապրելու հանգամանքը: Ներդրվում է խնամակալության ինստիտուտը, ունենք փորձնական ծրագիր»,- վստահեցրեց տիկին Ղազարյանն՝ ասելով, որ փորձնական ծրագիրը մասնավորապես իրականացվել է Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում, որտեղից 25 երեխաներ մանկատներից տեղափոխվել են խնամակալ ընտանիքներ: Կարեւորելով երեխայի` ընտանիքում ապրելու գաղափարը, պետությունն իրականացնում է նաեւ կենսաբանական ընտանիքների աջակցության ծրագիրը, որի շրջանակներում մանկատանը կամ հատուկ հաստատությունում գտնվող երեխային վերադարձնում են կենսաբանական ընտանիք՝ աջակցելով տվյալ ընտանիքին: Սյս ծրագրի շրջանակներում 2 տարվա ընթացքում մոտ 100 երեխա մանկատներից վերադարձել են կենսաբանական ընտանիքներ: Ի դեպ, հարկ է նշել, որ թե՛ նախարարության, թե՛ մարզային եւ համայնքային կառույցների համապատասխան աշխատակիցները պարբերաբար այցելություններ են կատարում խնամակալ ընտանիքներին՝ երեխաների կենսակերպին հետեւելու նպատակով: Տիկին Ղազարյանի տվյալներով՝ մանկատան նախկին սաներից բոլորն էլ իրենց շատ լավ են զգում խնամակալ ընտանիքներում, հետեւաբար մանկատուն վերադառնալ ցանկացող երեխաներ չկան: «Այսինքն՝ պետական քաղաքականությունը, գաղափարախոսությունն այն է, որ երեխան պետք է ապրի ընտանիքում: Բնականաբար, ունենք խնդիրներ, որոնք աստիճանաբար լուծվում են: Ունենք մանկատների թվի եւ մանկատներում գտնվող երեխաների թվի կրճատման հարց, որն աստիճանաբար լուծվում է»,- նշեց տիկին Ղազարյանը: «Զատիկ» մանկատան տնօրեն Ա. Մնացականյանը հաստատեց Լ. Ղազարյանի այն խոսքերը, որ մանկատան սաների թիվը գնալով նվազում է: Նա մասնավորապես նշեց, որ դրան նպաստում են որդեգրումները, երեխաներին խնամակալ ընտանիքներ, ինչպես նաեւ՝ գիշերօթիկ խնամքի հաստատություններ տեղափոխելը: Մասնագիտացված մանկատանն ապրող մեկ երեխայի համար պետությունն օրական հատկացնում է մոտ 3000 դրամ, իսկ ոչ մասնագիտացված մանկատան մեկ երեխայի ծախսը 2700 դրամ է: