Կարեւորը՝ նախագահն իսկական տղամարդ լինի

01/12/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մայրաքաղաքում երթեւեկող տաքսու վարորդների մի մասն արդեն որոշել է, թե 2008թ. նախագահական ընտրություններին ում է իր ձայնը տալու: Որոշ վարորդներ էլ ընդհանրապես անտարբեր են. «Բոլորն էլ նույն սանրի կտավն են: Ոչ մի բան էլ չեն կարա փոխեն»,-ասում են նրանք:

«Կամ Լեւոնը, կամ ես»

Վարորդ Մելիքը միշտ կատակում է, նույնիսկ՝ քաղաքի ճանապարհատրանսպորտային խցանումների ժամանակ, երբ նյարդայնանում է. «Լավ ա, գոնե պատվիրատուի հետ ենք ընկնում պրոբկի մեջ, թե չէ` մարդ կգժվի: Մեր ժողովուրդը լավն ա, սենց վիճակներում սկսում ենք համով-հոտով զրույցներ անել: Կարող ա ժամերով սենց մնանք փողոցներում, բայց նենց հետաքրքիր, հավեսով խոսակցություն ա սկսվում, որ մարդ հա ուզում ա լռվի փողոցում: Հիմա մոդա ա դարձել ընտրություններից խոսալը: Մեկ էլ տեսար՝ պատվիրատուդ սկսում ա իրա քաղաքական ենթադրություններն անել, դու էլ քո տեսակետն ես արտահայտում, ու շատ հավեսով երկխոսություն ենք սկսում: Էն օրը մի 40-ն անց տղամարդ ա նստել, ու սենց փողոցում զրույց ենք անում: Ասում ա՝ կինս էն օրը հարցնում ա, թե՝ ո՞ւմ ես ընտրելու: Ասում եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, մեկ էլ հո չի հարձակվել, պորտը լավ տեղն ա դրել: Ասում ա՝ Լեւոնը որ եկավ` էլի բայղուշություն ա սկսվելու, Հայաստանը դարձնելու ա պատերազմի դաշտ: Էդ մարդը պատմում ա, թե կնիկն ասել ա՝ եթե դու Լեւոնին ընտրես` ես քեզնից կբաժանվեմ, որովհետեւ հազիվ խելքի ենք եկել, նորմալ-նամուսով ապրում ենք: Ուրեմն՝ նայի, թե կնանիքի մոտ ինչ վախ կա, ասել ա` եթե Լեւոնն եկավ՝ դու էլի սաղ օրն անաշխատանք նստելու ես տանը: Էդ մարդը պատմում, ասում ա՝ մասնագիտությամբ էլեկտրիկ ա ու հիմա նորմալ աշխատում ա, նորմալ տուն ա պահում: Էն տարիներին համարյա մի 5 տարի չի աշխատել, իսկ կնիկը մանկավարժ հալով հավաքարարություն ա արել: Էդ մարդը պատմում էր, որ շատ նեղությունների միջով են անցել, դաժե 3 սենյականոց տունը ծախել են ու 4-րդ գյուղում տուն են առել, որ կարողանան երեխեքին պահեն: Երեւի դրա համար էլ էդ կնկա մեջ վախ ա մտել: Հիմա էս մարդը կնկա ասածն անեկդոտ ա դարձրել, թե` կամ Լեւոնը, կամ իրա կինը: Ես էլ ասում եմ՝ ա՛յ ընկեր ջան, քեզ թվում ա՝ հիմա գործազուրկ մարդիկ չկա՞ն, էնքա՜ն մարդ կա, որ Քոչարյանի օրոք էլ ա սոված կոտորվում, ուղղակի էն ժամանակ Հայաստանի գլխին շատ դժբախտություններ թափվեցին, ու Լեւոնը ընկավ ուդառի տակ»։ Պատվիրատուի անձնական կյանքը վերլուծելուց հետո վարորդ Մելիքն անդրադառնում է նաեւ իր նախընտրած թեկնածուին. «Ես ընտրելու եմ Արթուր Բաղդասարյանին, որովհետեւ համ խելացի տղա ա, համ էլ իրա ծրագրերը լավն են: Ես ժամանակին «Օրինաց երկիր» կուսակցության անդամ եմ եղել, բայց ԱԺ ընտրություններից առաջ դուրս եմ եկել, որովհետեւ դուրս չէր գալիս, որ տենց կպռշկում էին: Մեր սաղ թաղը գնացել, էդ կուսակցությանն էր անդամագրվել, որովհետեւ հենց մի հարց լինում էր, դիմում էին իրանց գրասենյակ, սրանք էլ ասում էին, թե՝ եկեք-դարձեք կուսակցական, որ միջամտենք ձեր հարցերին: Մեր թաղում ինչքան գող, խուլիգան, բոմժ կար՝ դարձել էր ՕԵԿ-ական: Գիտեին, թե էդ կուսակցական քարտով աշխարհ են շուռ տալու: Ես որ տեսա, թե ովքեր դարձան էդ կուսակցության անդամ` միանգամից հիասթափվեցի, դուրս եկա: Հենց Մարտի 8 կամ Ապրիլի 7 էր լինում՝ սրանք ղրդաբով գնում էին գրասենյակ միջոցառման: Մի 200 դրամանոց ծաղիկ ու մի 300 դրամանոց չստիկ էին նվեր տալիս, ու սաղ երջանիկ դեմքերով գալիս էին տուն: Էդ ժամանակ ես շատ հիասթափվեցի, որովհետեւ մարդիկ արժանապատվություն չունեն, որտեղից օգուտ ունեն` վազում են: Ճիշտ ա, հիմա կուսակցական չեմ, բայց ամեն դեպքում հարգում եմ Արթուր Բաղդասարյանին: Իրան եմ ընտրելու, որովհետեւ ինքը մեր երկրի Սահակաշվիլին ա, կարա շատ ուժեղ հեղափոխություն անի, օրենքը գերակա դարձնի»,- ասում է Մելիքն ու հիշեցնում է, որ Ա. Բաղդասարյանը ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց, որովհետեւ այս համատարած խաբեության մեջ չկարողացավ աշխատել:

Մեզ տուրիստ նախագահ պետք չի

Վարորդ Լյուդվիգն իր որոշումը կայացրել է. «Ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին,- ասում է նա ու ավելացնում,- Սերժը գործի մարդ ա»: «Լեւոնը, որ էդքան խոսում ա, թող իրա արարքներն էլ հիշի, ինքը էս ժողովրդի հավատը կոտրեց, ոտի տակ տվեց: Ինքը էս ժողովրդին չի սիրում, վաբշե նենց տպավորություն ա, որ ինքն, իրանից բացի, ոչ մեկին չի սիրում: Ասում են` դրսից փողեր ա ստացել, որ ստեղ հեղափոխություն անի: Մարդ, որ սիրի էս երկիրը, էս ժողովրդին` տենց քայլի կգնա՞: Հանգիստ ապրում ենք, հիմա իրա սեւ դղյակից դուրս ա եկել, ասում ա` սրանք թալանել են: Բա ինքն ու իրա բարեկամներն ի՞նչ էին անում: Իրա վախտ էր ընտրությունները կեղծվում, լույսը անջատում` ինչ ասես անում էին, դռները քացով էին բացում, մոռացե՞լ ենք: Հիմա ասում են` Լեւոնը ինտելիգենտ ա… Իրա պես ինտելիգենտներ, սիրուն խոսացողներ շատ կան, դու ասա գործ անողներ լինեն: Լեւոնին թողես` ոտը ոտին քցի, ծխի ու գիրք գրի: Նա գործի մարդ չի: Սերժն ա գործ անում: Երբ տենում ես` էդ մարդը հանդիպումների մեջ ա, ժողովրդի հետ ա հանդիպում, ով հարց, դարդ ու ցավ ունի` իրան ա դիմում` համ ուժեղները, համ թույլերը: Սերժը կարում ա սաղին աշխատացնի, սթափացնի: Պաշտոնյաները նրանից քաշվում են, նրա խոսքը հաշվի են առնում: Իսկ Լեւոնը էնքան թույլ էր, որ իրա շրջապատը իրան քցեց: Մեզ ուժեղ ու աշխատող նախագահ ա պետք, ոչ թե տուրիստ նախագահ կամ սիրուն խոսացող մարդ: Սերժը բարձր ա կանգնում, տենո՞ւմ եք` Լեւոնն ինչքան ուզում ա նրան ներքաշի իրա խաղերի մեջ` Սերժը բանի տեղ չի դնում, չի պատասխանում, դաժե՝ երբ ախպորն են կպնում: Լավ ասեց, թե Լեւոնի ընտանիքի ու ախպերների մասին ոչ մի բան չեմ ասի, այսինքն` նա չիջավ Լեւոնի մելկիության մակարդակին»:

«Ժանգոտ գործիքը դիշովի գործիքից թանկ ա»

Վարորդ Սուրենն իր վրդովմունքն է արտահայտում Լեւոն Տեր-Պետրոսյանին ի պատասխան՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ժանգոտ գործիք» բնորոշմանն՝ ասելով. «Նախ՝ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականներն ու աշխատակազմն իզուր են բյուջեից աշխատավարձ ստանում, որովհետեւ, եթե նրանք նորմալ աշխատած լինեին, ՀՀ առաջին դեմքը էդ տեսակ արտահայտություն անել իրան թույլ չէր տա: Քոչարյանը չի զգում, որ կամերաների առաջ կանգնելով ու խոսալով՝ մի ամբողջ ժողովրդի կարա հիացնի կամ հիասթափեցնի: Վարորդ հալով՝ իմ կուլտուրան թույլ չի տա, որ որեւէ մեկի հասցեին էդ աստիճանի ստորացնող արտահայտություն անեմ, իսկ հանրապետության առաջին դեմքին երեւի էթիկայի կանոններին չեն ծանոթացրել,- բարկացած ասում է վարորդ Սուրենն ու վստահեցնում, որ մինչ այդ հայտարարությունն ինքը մշտապետ Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչին համակրել է:- «Հա՛, ես միշտ էլ իրան եմ պաշտպանել ու ընտրել: Համարում եմ, որ մեր երկրի համար ինքը շատ բան ա արել, շատ բան ա փոխել, բայց, համենայնդեպս, մարդկային չէր իրա վերաբերմունքը Լեւոնի հանդեպ: Մանավանդ, որ մենք ինչքան էլ Լեւոնին քննադատենք՝ մեկ ա, ինքը մեր համար բարձր ինտելեկտի տեր, բանիմաց մարդ ա: Լեւոնին մենք հարգում ենք, իսկ Քոչարյանին նաեւ գնահատում ենք: Ես էլ կարամ Քոչարյանի ասածին շատ համոզիչ պատասխան տամ, որովհետեւ որոշ ժանգոտ գործիքներ ինչքան հնանում, անտիկվար են դառնում՝ էնքան նրանց պահանջարկը մեծանում ա ու գինն էլ թանկանում ա: Քոչարյանը երեւի էս վերջին տարիներին վերնիսաժ չի գնում, որովհետեւ էնտեղ լիքը ժանգոտ գործիքներ կան, որոնց գինն ու պահանջարկը եռակի, քառակի անգամ ավելի թանկ ա, քան ժամանակակից, պլպլան, դիշովի գործիքները: Հիմա, եթե համեմատենք մեր երկրի դիշովի ու ժանգոտ գործիքներին, ուրեմն` կարանք հետեւություն անենք, որ էդ ժանգոտների մեջ գոնե գրագիտություն ու սկզբունքներ կան, իսկ հիմիկվա դիշովիները մենակ ընդունակ են լափելու, իսկ հոգեւորը նրանց համար փողն ա: Ուզում եմ ասել, որ էդ գործիքներին պիտակավորելիս տուժում են հենց գործող ղեկավարները, որովհետեւ որպես մարդ՝ նրանցից շատ քչերի մեջ կարելի ա բարձր բան տեսնել: ՀՀՇ-ականների մեջ գոնե մտավորականները, գրողները շատ էին, իսկ հանրապետականներին մենակ կարելի ա փորի ու վզի հաստությունով ճանաչել»,- ասում է Սուրենն ու վստահեցնում, որ Ռ. Քոչարյանի «ինադու» ընտրելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ մեծ հիասթափություն է ապրել:

«Կարեւորը տղամարդ լինելն ա»

Վարորդ Կարենն էլ մատնանշում է ՀՀ նախագահի թեկնածուների տղամարդկային հատկանիշները. «Տո, ով ինչ ա արել, ինչքան ա կերել ու երկիրն ինչքան ա թալանել` էդքան կարեւոր չի, ինչքան, որ կարեւոր ա տվյալ մարդու իսկական տղամարդ լինելը: Այ բալամ, ես երեկվանից, կարելի ա ասել, շոկի մեջ եմ, որովհետեւ նենց մի հատ սիտուացիա եղավ, որ կարող ա ես մարդասպան դառնայի: Երեկ գիշերվա 11-ին երկու ղզիկ լակոտ նստել են ավտոն, թե՝ մեզ տար էսինչ օբյեկտ: Վրներից էլ երեւում էր, որ սրանք կիսակնիկ, կիսատղամարդ են: Նստել են հետեւի սիդելնիկին ու իրար են լպստում: Էն ա, էն ա` ավարիա էի տալու էդ տեսարանից: Ոչ էն ա նայեի, ոչ էլ` անուշադրության մատնեի: Ախր տենց լկտիություն, տենց պոռնկություն ես անգամ կինոներում չէի տեսել: 20-25 տարեկան դոդիկ, լպստած տղերք են, նենց են գրկախառնվում, իրար ձեռք բռնում ու սիրո նշաններ ցույց տալիս, որ, եթե իմ սեփական ավտոն լիներ` ռույլը կթողեի, լավ գազ կտայի, ես կթռնեի` թող ավտոն տաներ դրանց ջարդուխուրդ աներ: Երեկվանից ես իմ տեղը չեմ գտնում, չգիտեմ, զզվանք, սրտխառնոց, ջղայնություն ու զարմանք խառնվել են իրար, ու չեմ կենտրոնանում: Էդքան, որ էդ գոմիկների մասին խոսում են` ես չէի պատկերացնում, որ տենց բացահայտ ա ամեն ինչ: Ախր դրանք նամուս չունեն, որ գոնե իրանց զսպեն, չեն մտածում՝ տարիքով մարդ ա, գոնե իմ մոտ զսպեն իրանց անբարոյական ցանկությունները: Եթե ես քիթմռութ չանեի, կարող ա հենց մեքենայի մեջ սեռական ակտ տեղի ունենար: Կներեք, որ սենց բաց եմ խոսում, բայց ախր սա լկտիություն ա: Իրանց եվրոպական արժեքներով քանդեցին մեր երկիրը, էս էին երեւի ուզում, որ Հայաստանի տղամարդիկ դառնան պատրուս արած, անհասկանալի երեւույթներ,- ասում է վարորդ Կարենն ու անդրադառնալով ընտրությունների թեմային հայտարարում է,- Ում էլ ընտրենք՝ կարեւորն՝ իսկական տղամարդ լինի: Չգիտեմ՝ ո՞ւմ կընտրեմ, բայց ես հիմա էն վիճակում եմ, որ պիտի նայեմ, թե հաստա՞տ տղամարդ ա, թե՞… Էս պահին ես ծիկվել եմ էդ մտքի վրա: Հիշո՞ւմ եք, որ մեր պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ վերեւներում դրանցից լիքը կան: Էն ժամանակ ես մտածում էի, թե բլեֆ են անում, հավատս չէր գալիս, բայց կամաց-կամաց համոզվում եմ, որ վերեւներում էլ կլինեն: Եթե փողոցներում էդ սուսլիկներն իրանց ազատ են զգում, արդեն իրար սիլի-բիլի են անում, ուրեմն` մի օր էլ վերեւների մարդկանց համար էդ սովորական բան կդառնա: Վայ մամա ջան, մարմինս փշաքաղվեց: Էս ինչ ա կատարվում: Ես ուշադիր հետեւելու եմ թեկնածուների շարժուձեւին, նիստուկացին, նոր ընտրեմ, թե չէ` կարող ա մեկ էլ պարզվի, որ մեր նախագահն էլ ա պատրուս դրած մարդ»: