Ճաղերի ետեւում՝ սոսկալի հանցանքներ

01/12/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ճաղերի ետեւում հայտնված մարդուն ժամանակը ստիպում է մտածել` շարունակե՞լ հանցագործ կյանքով ապրել, թե՞, այնուամենայնիվ, ինքնամաքրվել: Ոմանք իրենց մեջ ուժ գտնելով՝ կարողանում են հաղթահարել անցյալում կատարած մեղքերի հետեւանքներն, իսկ ոմանց` միեւնույն է, գայթակղում է քրեական աշխարհը: Դատապարտված եւ կալանքից ազատված մարդը դժվարությամբ է ադապտացվում նորմալ կյանքին, մարդկանց հետ շփվելիս մշտապես բախումներ է ունենում եւ չի հարմարվում երկար սպասված ազատությանը: Հասարակության մեջ նա մեկուսանում է, քանի որ իր մեջ կրում է «նստած-հելածի» բարդույթը: Պատիժը կրած եւ ինքնամաքրման ճանապարհը բռնած նախկին կալանավորներից շատերը դառնում են մելամաղձոտ, ծանր ապրումներ են ունենում, իրենք իրենց չեն ներում, քանի որ հոգեբանորեն պայքարում են անցյալի եւ ներկայի հետ: Անցյալը ենթագիտակցաբար բարդույթներ է առաջացնում, իսկ ներկան փորձում է ոչնչացնել դրանք: Պատահական չէ, որ դատապարտված եւ ազատություն ստացած որոշ մարդիկ տարբեր հոգեկան խանգարումներ են ստանում: Դա հոգեբանական, ներքին պայքարի հետեւանք է: «Նստած-հելածի» պիտակն այն «ես»-ն է, որին նախկին դատապարտյալն ամբողջ կյանքում փորձում է թաղել, սակայն հասարակական անհանդուրժողականությունն այդ «ես»-ին թարմացնում եւ դիտմամբ հիշեցնել է տալիս:

Կալանավայրը կարող է մարդուն թաղել

Մի երիտասարդ (անունը հասկանալի պատճառով չենք նշում) տարիներ առաջ կալանավայրից դուրս գալուց հետո հատուկ զգուշավորությամբ փորձել է ինտեգրվել հասարակությանը: Զգուշավորությունը ցանկացած նախկին կալանավորի համար կարեւոր հանգամանք է կրկին ճաղերի ետեւում չհայտնվելու համար: Փորձել է նորմալ աշխատանք գտնել, ընտանիք ստեղծել եւ «մնաս բարով» ասել հանցագործ կյանքին: Սակայն կալանավայրի չգրված օրենքները նրան խորտակել են արդեն ազատության մեջ գտնվելիս: Ազատազրկման տարիներին կալանավորները նրան ներքաշել են թղթախաղի մեջ (ղումար), սկզբնական շրջանում հաղթելով գումարներ է վաստակել, սակայն պարտությունը նրա համար ճակատագրական է եղել: Պարտված գումարը չի կարողացել «մուծվել», իսկ դա կալանավայրում աններելի երեւույթ է: «Ղումարում» պարտված կալանավորը հաճախ սեռական բռնությունների է ենթարկվում: Պատահում է, երբ դատապարտվածի հարազատներին տեղեկացնում ու սպառնում են, որ գումար ուղարկեն իրենց «փակված» հարազատին կամ հասցեատիրոջը, այլապես նրա կյանքին վերջ կտան: Սակայն լինում են նաեւ ավելի դաժան եւ սոսկալի հետեւանքներ: Մեր հերոսի համար «ղումարով» պարտվելը եղել է ճակատագրական: Նրա պարանոցից ներարկիչով նավթ են ներարկել արյան մեջ: Երիտասարդն արդեն ազատության մեջ է, սակայն ոչինչ չի կարող անել անցյալից մնացած հետեւանքները հաղթահարելու համար: Նրա մարմինը սարսափելի դեղնած է, պարանոցն ու գլուխը ցնցվում են` կաթված է ստացել, արյան վարակում, մի խոսքով, ազատության մեջ նրա կյանքը կամաց-կամաց մարում է: Սա՝ այն մասին, թե ինչպես կալանավայրը կարող է մարդուն «թաղել»:

«Ինձ դուր ա եկել պուտանկի գործը, էդ կայֆը սիրում եմ»

Գոյություն ունի մարդկային մի կատեգորիա, որը պարզապես սիրում է հանցագործ կյանքը, եւ կալանավայրում բնակություն հաստատելը նրա համար դարձել է կենսակերպ: Որպես մարդկային տեսակ՝ նրանք բիրտ ու դաժան են եւ առաջնորդվում են պաշտպանական բնազդով:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման մեջ գտնվող կին դատապարտյալների մեջ տղամարդկային կոպտություն կա: Նրանցից շատերը կտրականապես դեմ էին, որ իրենց պատմությունը լուսաբանվի: Մեր հերոսուհին, սակայն, ճիշտ հակառակը` հանգիստ է, եւ թվում է` գաղութում իրեն զգում է՝ «ինչպես իր ափսեի մեջ»: Նա խնդրեց իր մասին գրելիս իրական անվան փոխարեն կեղծանունը` Մարինե անունն օգտագործել, որովհետեւ որպես մարմնավաճառ ինքը ճանաչված է Մարինե անունով: Մարինեն 37 տարեկան է եւ ամենեւին էլ չի թաքցնում մարմնավաճառի իր մասնագիտությունը: 1 տարի 3 ամիս է, ինչ կալանավայրում է: «Ընկերոջս պատճառով եղավ: Միասին գողություն արեցինք, ուզում էինք բնակարան թալանել, բռնվեցինք, ինքը փախավ Հայաստանից, իսկ ինձ բռնեցին: Ես ուղղակի իրա հանցակիցն եմ եղել, տանտիրոջը զբաղացրել եմ, որ ինքը փողերը թալանի»,- սառնասրտությամբ պատմում է Մարինեն` չմանրամասնելով, թե տանտիրոջն ի՞նչ ճանապարհով է զբաղեցրել: Թեեւ նա վստահեցնում է, որ ինքը պարզապես հանցանքին մասնակից է եղել, այդուհանդերձ, նրան դատապարտել են որպես գողություն կատարող: Ի դեպ, կալանավայրում գտնվող դատապարտյալների մոտ զարմանալի օրինաչափություն կա. նրանք կարծում են, որ իրենց պատիժն ավելի մեղմ պետք է լիներ: Սա նրա երկրորդ դատվածությունն է, քանի որ ազատազրկումից հետո բացահայտվել են եւս մի քանի գողություններ Մարինեի մասնակցությամբ։ Նրան դատապարտել են 5 տարի 7 ամիս ազատազրկման:

Ինչեւէ, Մարինեն Արթիկի շրջանի Փանիկ գյուղի բնակիչ է: Հայրը վաղուց մահացել է, մի քանի տարի առաջ էլ մայրը մեկնել է Ռուսաստան` Մարինեի խորթ եղբոր մոտ, մենակ է մնացել: Որոշել է գյուղը թողնել եւ «բախտ» որոնել Երեւանում, ինչն, ի դեպ, գյուղացի շատ աղջիկների երազանքն է: 37-ամյա այս կինը նույնիսկ անձը հաստատող փաստաթուղթ չունի, որովհետեւ չափահաս դառնալուց հետո անձնագիր չի ստացել: Երեւանում գյուղացի աղջկա «աչքերը բացվել են»: Ասում է, որ քաղաք մուտք գործելուց անմիջապես հետո փողոցում պատահաբար ծանոթացել է մի ծերունու հետ, որը Մարինեին առաջարկել է իր տանը հանգրվանել: Ապրել է ծերունու եւ նրա տղայի հետ: «Տարավ իրա տուն ու ինձ պահեց: Էդ տանը մնում էինք ես, ինքը ու իրա տղեն: Շատ լավ մարդիկ էին, ինձ օգնում էին, բայց ես էլ կողքից իրանց էի օգնում, էդ գործով էի զբաղվում, լույսի փողն էի մուծում: Էդ բիձեն ինձ 20 տարեկանից պահել ա»: Ծերունին եւ նրա որդին քաջատեղյակ են եղել, թե նա ինչ ճանապարհով է գումար վաստակում, նույնիսկ իրենց տանն է Մարինեն «կլիենտների» սպասարկել: Նա պատմում է, որ կալանավորվելուց հետո, երբ ինքը մեկուսարանում էր` ծերունին այցելել եւ հանձնուք է թողել իր համար: «Դե՛, հարազատություն չունեմ, ոչ ոք մոտս չի գալիս, մի անգամ ինքն ա եկել, բայց չենք տեսնվել, ես մեկուսարանում էի, հանձնուքը թողել, գնացել էր»,- ասում է նա: Հարցնում եմ` «Ինչո՞ւ դարձար մարմնավաճառ»: Երկար մտածելով, ամենայն հավանականությամբ՝ խելքին մոտ պատճառ գտնելու որոնումներից հետո ասում է. «Կարիքներից դրդված»: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Հարությունյանի մոտ այս պատճառաբանությունը տարակուսանք է առաջացնում: Ասում է` «Դե՛, բարի գործ էր անում: Աղջիկները տղերքի համար անհասանելի են, չէ՞»: Մարինեն վստահեցնում է, որ կալանավայրից դուրս գալուց հետո անմիջապես անձնագրի հարցերով կզբաղվի, այնուհետեւ աշխատանք կփնտրի, թեկուզ փողոցներում հավաքարարություն անելով կապրի: Երազում է Փանիկի իր տան մասին, որտեղ ազատվելուց հետո կզբաղվի հողագործությամբ, սակայն, երբ պետի տեղակալը սենյակից դուրս է գալիս` Մարինեն սկսում է անկեղծանալ: Ասում է, որ իրեն որեւէ մեկը չի ստիպել, որ մարմնավաճառությամբ զբաղվի, իր կամքով է ընտրել այդ ճանապարհը եւ ափսոսում է, որ ազատություն ստանալուց հետո տարիքն այն չի լինի այդ գործով զբաղվելու համար: Ասում է` «Ես սիրում եմ ուտել, խմել, սաունաներում, բաղնիքներում քեֆ անել»: Քանի որ Մարինեին տիրություն անող ծերունին ապրում է Քոչար փողոցում, հետեւաբար, նա մարմնավաճառությամբ զբաղվել է հենց այդ փողոցին հարակից խաչմերուկներում: «Կոմիտասի, Մերգելյանի վրա լիքը տեղեր կան, որ կանգնել եմ»: Հարցնում եմ` «Մարմնավաճառություն անելով յուրաքանչյուր «կլիենտից» ինչքա՞ն գումար էիր ուզում»: Պատասխանում է` «Նայած ում հետ ինչ ես անում»: Հարցնում եմ` «Չէի՞ր ուզենա ամուսնանալ, նորմալ կյանքով ապրել»: Երազկոտ հայացքով ասում է` «Էլ ի՞նչ ամուսնանալ, կուզեի հավատարիմ ընկեր ունենալ: Ես սիրած տղա ունեի, տարել եմ բիձու տուն, կերել, խմել ենք, մնացել ենք իրար հետ: Ամեն ինչ շատ լավ ա անցել: Ես գիշերով դուրս եմ եկել «Պարտեզ» խանութից բան առնելու, եկել-տեսել եմ իմ տեղաշորի մեջ ուրիշի հետ պառկած ա»: Ասում եմ` «Էսօր շատ աղջիկներ են մարմնավաճառությամբ զբաղվում: Դու հիմա ազատազրկված ես, ի՞նչ խորհուրդ կտաս իրենց»: Շատ անկեղծ պատասխանում է` «Դե՛, ի՞նչ պիտի ասեմ, ամեն մարդ իրա գործը գիտի: Ես սկի իմ համար չեմ կարա ասեմ, թե դուրս գալուց հետո ինչ կանեմ, բայց կուզենամ իմ հողամասը մշակեմ: Կալենդառ կնստեմ, դուրս կգամ արդեն 41 տարեկան հասակում, էլ իմ վրա նայողն ո՞վ ա: Ես էդ գործից չեմ հոգնել, ինձ դուր ա եկել մարմնավաճառությունը, էդ կայֆը»:

Ասում եմ` «Քո խոսքերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես չես զբաղվի մարմնավաճառությամբ, որովհետեւ արդեն տարիքդ չի ների, բայց սրտի խորքում կուզենայիր էդ գործն անել»: Պատասխանում է` «Ինձ էդ գործը շատ-շատ ա դուր եկել: Էն վախտ ջահել էի, կարայի թռվռալ, ուտել, խմել, պռոստը հիմա էլ չի ստացվի»: Ասում եմ` «Պատահե՞լ է, երբ «կլիենտդ» հարբած է եղել, քեզ ծեծել, անպատվել է»: «Ուրիշ աղջիկների հետ շատ անդուր բաներ ա եղել, բայց իմ հետ` չէ: Եղել ա, որ մի 2 բաժակ խմել, իրանց կորցրել են, այլանդակ քֆուրներ են տվել: Եղել ա, որ թքել եմ վրեն, դուրս եմ եկել»: Մարինեն պատմում է, որ «կլիենտներին» հիմնականում սպասարկել է նման դեպքերի համար նախատեսված վայրերում, մոթելներում: Ասում է` «Թանկանոց եւ էժանանոց պուտանկեք կան, բայց էդ թանկանոցներին որ հանվացնես` սիրտդ կխառնի, կփախնես»: Ըստ Մարինեի` մարմնավաճառի գինը հաճախ խաբուսիկ է, քանի որ բարձր գները հիմնականում «ֆուտլյարով»` մակիաժով եւ հագուստով են պայմանավորված: Մարինեն չի ասում, թե ինքն ինչ գնանոց մարմնավաճառ է եղել, բայց վստահեցնում է, որ այդ գործով կարելի է տուն պահել: Պատահել է, որ օրվա մեջ 3-4 հաճախորդի սպասարկել է, բայց եղել է, որ ընդհանրապես «գործ չի կպել»: Մարմնավաճառության աշխատանքային փորձի ժամանակ նրա հիշողության մեջ մի տղամարդ է տպավորվել, որովհետեւ այդ գիշերը Մարինեի համար անմոռանալի է եղել: «Խուժան, այլասերված մարդիկ շատ կան, բայց էդ տղայի հետ մենք ոչ մի բան չարեցինք: Ինքը ինձ վարձեց, տարավ, խմեցինք ու ամբողջ գիշեր խոսում էինք: Ասում էր` մի արա էդ գործը: Ինքը շատ, վերին աստիճանի լավ մարդ էր: Իրա նման քիչ մարդ կա: Ջահելները շատ վատ են վերաբերվում պուտանկեքին, ծեծում, ջարդում, այլանդակ քֆրտում են: Բայց պուտանկա ընկերուհիներն էլ ահավոր են: Խառնում են գործերդ, կլիենտ են փախցնում»: Ասում է, թեեւ խմել շատ է սիրում, բայց թմրադեղ երբեք չի օգտագործել. «Աղջիկները նարկոտիկներ, դեղեր օգտագործում էին, իսկ ես` չէ»:

Մարինեն ասում է, որ մայրն ու խորթ եղբայրը տեղյակ չեն իր ազատազրկման մասին, այլապես իրեն գաղութից կհանեին: «Էստեղ աղջիկներից շատ շնորհակալ եմ, ինձ օգնում են, բան են անում, թե չէ մոտս եկող չկա»: Համագյուղացիները նույնպես չգիտեն, որ Մարինեն մարմնավաճառ է եւ դատապարտված է ազատազրկման:

«Դեղը դնում են դեմդ, ասում են՝ դեղը վեկալ, գնա»,- ասում է Բոյովը

Կանանց գաղութի «կլիչկով» դատապարտյալներից մեկն էլ «Բոյովն» է` Անահիտը: Ասում է, որ իրեն «կլիչկով» դիմում են միայն գաղութում, իսկ ազատության մեջ` Անահիտ, սակայն ազատության մեջ նա հազվադեպ է լինում: Բոյովն իր կյանքի մեծ մասն անցկացրել է ազատազրկման վայրում, քանի որ դուրս գալուն պես մի նոր հանցագործություն կատարել է: 6 անգամ դատվել է եւ 6 անգամ ետ է եկել կանանց գաղութ: 16 տարի կալանավայրում է: Նրա հայացքի սառնությունն ու դաժանությունը շատ վախեցնող է, պատրաստ է առանց աչք թարթելու ժամերով սառած նայել ուղիղ աչքերիդ մեջ: Խոսում է առանց լիրիկական զեղումների, կարճ, կոնկրետ, առանց ավելորդությունների: Բառերի եւ ասելիքի այսչափ կոռեկտությանը հավանաբար սկսել է տիրապետել բազմիցս Ոստիկանության աշխատակիցների՝ իրենից ցուցմունք կորզելու ընթացքում: Վերջին անգամ դատապարտվել է գողության հոդվածով` 5 տարի ազատազրկման: Հարցնում եմ` «Բնակարա՞ն ես թալանել»: «Չէ՛,- ասում է,- սումկից պորտման եմ գողացել»: Ուշադիր նայում է ձայնագրիչին ու սպառնալիքի տոնով ասում է. «Էս զապիս ես անում, հա՞»: «Հա՛,- ասում եմ,- որ ասածներդ հիշեմ»: Ավելի է փակվում, բայց հետո ցույց է տալիս, որ ինքն ավելի ուժեղ է, «վախենալու չունի». «Ես պրոբլեմ չունեմ, ի՞նչ պրոբլեմ»: 37 տարեկան Բոյովը վաղուց ամուսնալուծված է, սակայն 17 տարեկան մի աղջիկ ունի, որը ոչ մի կերպ չի ներում մորը: Աղջիկը գտնվում է «Զատիկ» մանկատանը, 1 տարեկան հասակում պետությունը նրան հանձնել է մանկատուն, եւ 17 տարի այնտեղ է: Բոյովն ասում է, որ հարազատներ չունի, միայն տատիկ ունի: Ասում եմ` «Աղջկադ 18-ը լրանում է, մանկատնից դուրս գալուց հետո ո՞ւր է գնալու»: Պատասխանում է` «Հովանավոր կգտնի, Հոլանդիա կգնա: Մեկ-մեկ մոտս գալիս ա, բայց ինձ չի հասկանում, չի ներում»: Բոյովը նախկինում աշխատել է տպարանում, այնուհետեւ, երբ տպարանը փակվել է` գողություն է արել ու դատապարտվել է: «Կրկնակի դատվածություն ա, բայց ես ձգտել եմ աշխատել: Քաղմասներն ինձ շատ են անհանգստացրել: Որտեղ էլ աշխատել եմ` նույն թաղի օպերն ամեն անգամ անհանգստացրել ա, ստիպված դուրս եմ էկե, ուրիշ տեղ եմ աշխատե` էլի անհանգստացրել ա»: Հարցնում եմ` «Ինչի՞ էին անհանգստացնում, փո՞ղ էին ուզում»: «Բացի փողը, օրը մեջ կանչում էին քաղմաս, որտեղ ինչ ըլներ ինձ էին կանչում: Էդ տարածքներում ով նախկինում հանցագործ էր եղել, հավաքում, տանում էին»: Հարցնում եմ` «Էդ ժամանակ հսկողության տա՞կ էիր, թե՞ անկապ էին կանչում»: «Չէ՛,- ասում է,- ոչ մի հսկողության տակ էլ չեմ էղե»: Ասում եմ` «16 տարի գաղութում… չլինի՞ գողությունը բնավորություն է դարձել»: Ասում է` «Երշիկի ցեխ էլ եմ աշխատե, տպարան էլ եմ աշխատե, Մալաթիա էլ, տարի ու կես հո դուսն եմ էղե, բա խի՞ չեմ արե: Էնքան քաղմաս տարան` էլի քցին ստե: Երշիկի ցեխն աշխատել եմ, իրիկունը տուն եմ գնացե, վարչությունը վեկալե տարել ա քաղմաս: Ո՞ւրդուց ես գալի` աշխատանքից: Ճշտում են, որ աշխատանքից եմ գալի: Բա՝ էսինչ թվին սպանություն ա էլե: Զանգում, ճշտում են, որ էտինչ թվին ես նստած եմ էլե»: Հարցնում եմ` «Ուզում էին գո՞րծ սարքել»: Պատասխանում է` «Իյա, տենց էնքան ա էլե: Որ մի քաղմասն էլ բռնում ա՝ ծեծի, բռնի ուժով սարքում ա: Դեղը դնում են դեմդ, ասում են՝ դեղը վեկալ, գնա: Եղել ա, որ շատ են ծեծե, բայց մենակ իմ գործն եմ վեկալե իմ վրա»: Հարցնում եմ` «Աշխատում, փող էիր վաստակում. գողությունն ինչի՞ էիր անում, ինչի՞դ էր պետք ուրիշի փողը»: «Կարիքից ելնելով, մենակ իմ հմար չեմ արե, հոգս էի քաշում: Հաճույքների համար չեմ արե: Էնքան քցին քաղմասները, որ հանցագործ դարձրին»:

Կենակցել է որդու, եղբոր հետ, ապա սպանել է

76 տարեկան նոյեմբերյանցի այս տատիկին նայելիս՝ բացի խղճահարությունից, ուրիշ ոչինչ չես զգում: Կիմա տատն, արդեն 9 տարի է, ինչ գտնվում է գաղութում: Մի շարք սպանությունների համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Մեր այցելության պահին նա անկողնու մեջ պառկած էր, մի քանի օր առաջ էլ ինքնազգացողությունը վատացել էր: Խոսում է շատ անհասկանալի բառերով, մտքերը՝ դեսից-դենից վերցրած: Ամեն ինչ անում է, որ հարցերիս պատասխաններից խուսափի: Հարցնում եմ` «Ո՞նց ես»: Պատասխանում է` «Վատ եմ, առողջություն չունեմ, ստեղից դուրս չեմ գա, կմեռնեմ: Ամիսներով պառկում եմ, վատանում եմ, նորից լավանում, էլի վատանում եմ: Ես իմ վշտի հետ եմ»: Հարցնում եմ` «Ի՞նչ վիշտ»: «Դե՛, էն, ինչ որ դրսում եղել ա»: Կիմա տատը 5 երեխա, թոռներ, ծոռներ ունի, ովքեր կամ գալիս են տարվա մեջ 1 անգամ, կամ` ընդհանրապես չեն գալիս նրան տեսակցելու: Վերջին անգամ հարազատներին տեսել է մեկ ու կես տարի առաջ: Մահճակալի կողքին դրված նկարներով պաստառը հանում ու ցույց է տալիս` «Էս տղես ա, էս մեր առաջվա պետն ա, էս թոռս ա…»: Հարցնում եմ` «Ինչո՞ւ ես էստեղ հայտնվել»: Պատասխանում է` «Դե՛, հիմի մարդ սխալվում ա, իմ սխալն էլ էդ ա: Լավ անունս էլ գնաց ջուրը, էդ չի մոռացվում բալամ, էդ մոռանալու չի»: Սկսում է լաց լինել, ու ահավոր ազդեցիկ տեսարան է ստեղծվում: Ասում եմ` «Լավ, լաց մի լինի, սխալվել ես, կանցնի, կգնա»: «Չէ,- ասում է,- իմ արածը մոռանալու բան չի: 35 տարվա առաջվա դեպքը բերին, դրին վրես։ Գիտե՞ս քանի զոհվածի եմ բերել, հողավորել»: Կիմա տատը երկար-բարակ պատմություններ է պատմում էպիլեպսիկ մի տղայի դեղահաբեր խմացնելու մասին, մի տղայի բռնաբարելու դեպքի մասին է խոսում, սակայն այնքան կցկտուր է խոսում, որ ոչինչ չի հասկացվում: «Երեխեն էր, հետո գրել էին, մթամ իրա պապային, կեսրայրիս ախպերին, 2 ծեր մարդի եմ արե»,- աղավաղված խոսքերով ասում է Կիմա տատը: Կիմա տատը չի պատմում, թե ինչ է կատարվել իրականում: Իսկ իրականում շատ դաժան բան է կատարել: Կենակցել է որդու, եղբոր հետ, ապա սպանել է նրանց: Կիմա տատն ազատազրկման է դատապարտվել 4 հոգու սպանության համար: