«Կռիվ ունե՞ն իրար հետ, խնդրեմ»

28/11/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ սկսված քարոզչությանը շաբաթ օրը միացավ նաեւ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: Կառավարության նիստերի դահլիճում կայացած իր կուսակցության վերջին համագումարում Բաբայանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սպառնաց առաջիկայում «փաստերով, անուն առ անուն» հրապարակել բոլոր այն «հանցագործությունները», որոնք տեղի են ունեցել Լ. Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին:

Մինչ այս թեմային անդրադառնալը՝ նշենք, որ Բաբայանի «Դաշինք» կուսակցությունը շաբաթ օրը որոշում կայացրեց ինքնալուծարվել եւ միանալ ՀՌԱԿ-ին: Նույնը պատրաստվում է անել նաեւ Ալբերտ Բազեյանի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, սակայն մի փոքր ուշ: Հարցին, թե քաղաքական որ դաշտում են իրենց տեսնում այս միավորված ուժերը, Ս. Բաբայանը պատասխանեց, թե Հայաստանում ընդդիմադիր ուժերն ընդդիմադիր են այնքանով, որքանով պաշտոն չունեն, իսկ իշխանականներն էլ իշխանություն են այնքան, քանի դեռ պաշտոնից չեն ազատվել: «Եթե դուք դա նկատի ունեք, մենք այստեղ չկանք: Մենք հստակ ներկայացնում ենք ծրագիր, գաղափարներ եւ համագործակցելու ենք բոլոր ուժերի հետ` ելնելով մեր ծրագրի դրույթներից եւ ազգի ապագայից: Այնպես որ` չենք որոշում այդպես ծայրահեղ, ոնց որ հիմա են հարցեր տալիս, թե կա Սերժ Սարգսյան, կա Լեւոն Տեր-Պետրոսյան, ո՞րն եք ընտրում: Ես էլ ձեզ ասում եմ, որ կա երրորդ, չորրորդ, հինգերորդ մարդը, որ կարող է քիչ հետո, ասենք, ավելի լայն ընտրության հնարավորություն ունենանք»,- ասաց Ս. Բաբայանը, թերեւս, ակնարկելով ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին, որի հետ կոնկրետ ինքը պարբերաբար հանդիպումներ է ունենում: Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ինքը հանդիպել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, Ս. Բաբայանն ասել է, թե երկրի առջեւ «կանգնած» հարցերի շուրջ քննարկելու համար ինքը հանդիպում է թե՛ երկրի նախագահի, թե՛ վարչապետի եւ թե՛ ընդդիմության տարբեր լիդերների հետ: Ավելին` Ս. Բաբայանն ասաց, որ այդ մասին տեղյակ են նաեւ իր կուսակիցները, որոնց ինքն ասել է, որ այդ հանդիպումների ընթացքում ինքը փորձում է պարզել «քաղաքական դաշտի, նախագահի հավանական թեկնածուների մոտեցումները, որպեսզի դրանց ծանոթ լինի մոտիկից եւ լիարժեք ներկայացնի կուսակիցներին՝ որեւէ մեկին սատարելու որոշում կայացնելու համար»: Իսկ եթե նման հանդիպման նախաձեռնություն ցուցաբերի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպիսի՞ն կլինի Ս. Բաբայանի մոտեցումը. այս հարցին վերջինս պատասխանել է, թե Ղարաբաղի հարցում ունեցած Տեր-Պետրոսյանի տեսակետները գրեթե անհնար են դարձնում առաջին նախագահի կողքին կանգնելու հնարավորությունը: Մի խոսքով` Ս. Բաբայանը չի ուզում դառնալ «գաղափարի դավաճան»: «Եթե 1997-ին մենք եղել ենք տարբեր բեւեռներում եւ Ղարաբաղի հարցում մենք համաձայնության չենք եկել, եթե ես վաղը կանգնեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, այսինքն՝ ունենալով նույն հայացքները, եւ հայտարարում է, որ ինքը չի փոխել դրանք, դուք, որպես ազգային եք համարում, հերոս եք համարում, չգիտեմ ինչ եք համարում, ո՞նց եք նայելու ինձ: Ինչո՞վ եմ ես մեկնաբանելու ձեզ, հենց ձեզ առաջին հերթին: Ոչ մի ձեւի մեկնաբանություն չկա, դա կլինի գաղափարի դավաճանություն, կառչել իշխանության, ամեն գնով փորձել ինչ-որ միավորումներ ստեղծել: Ես դա չեմ անի: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի իր հայացքների փոփոխության մասին, կոնկրետ ազգային հարցում, կմտածենք այդ հանդիպումների, եւ այլ, եւ այլ հարցերի մասին»,- հայտարարեց Սամվել Բաբայանը: Հարցին էլ, թե իրենց միավորումը հնարավո՞ր է նախագահական ընտրություններին կանգնի Սերժ Սարգսյանի կողքին, Ս. Բաբայանը պատասխանել է. «Ցանկացած մեկին, որը մեր ծրագրերին համահունչ կլինի, եւ համագումարը մեզ կլիազորի կանգնել` կկանգնենք: Դա որոշելու է համագումարը, հունվարին (հիշեցնենք, որ հունվարին կայանալու է ՀՌԱԿ-«Դաշինք»-«Ազգային վերածնունդ» կուսակցությունների միավորման համագումարը,- Լ.Ս.): Սամվել Բաբայանը դիկտատոր չի իրականության մեջ, այո՛, որ վերցնենք-կանգնենք, Սերժ Սարգսյանի կողքին: Համագումար կա, որը կորոշի, թե ում կողքը կանգնենք եւ դուք բոլորդ ականատես կլինեք»,- վստահեցրեց նա: Ս. Բաբայանը, սակայն, տեղյակ էլ չէ, թե նույն ԼՂՀ հարցում ինչպիսին է գործող իշխանությունների մոտեցումը, եւ արդյոք այն համահո՞ւնչ է իր ծրագրերին, թե՞ ոչ: «Ես չեմ կարող ասել, թե իրենք ի՞նչ են բանակցում, կամ ընդհանրապես ի՞նչ հարցի մասին է խոսվում: Ներկայացրե՞լ են հասարակությանը, տեղյա՞կ եք: Նրանք դեռ որեւիցե համաձայնության չեն եկել Ադրբեջանի հետ: Փաստաթուղթ չկա»,- նկատեց Սամվել Բաբայանը` կոչ անելով նախագահի թեկնածուներին՝ ընտրությունների ժամանակ չշահարկել ԼՂՀ հարցը, քանի որ, ըստ նրա, ով էլ դառնա Հայաստանի նախագահ, միեւնույն է` միայնակ, թե հինգ կամ տասը հոգով, չի կարողանալու լուծել Ղարաբաղի հարցը, քանի որ դա պետք է լուծի ամբողջ ժողովուրդը: «Հաղթանակը եղել է ազգովի, եւ հարցն էլ պետք է լուծի ամբողջ ազգը»,- հայտարարեց ԼՂՀ ՊՆ նախկին նախարարը:

Իսկ հիմա այդ համագումարին հետեւած ճեպազրույցում արված Ս. Բաբայանի ամենաուշագրավ հայտարարություն-սպառնալիքի մասին: Անդրադառնալով հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից արված այն հայտարարությանը, թե 1993 թվականին Սերժ Սարգսյանը Ղարաբաղից «արտաքսված» էր Մոսկվա, որին հաջորդեցին լուրեր, թե պատճառը Սամվել Բաբայան-Սերժ Սարգսյան լուրջ հակասություններն են եղել, Ս. Բաբայանն ասել է բառացիորեն հետեւյալը. «Իրականության հետ չի համապատասխանում այն, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանն արտահայտել է: Մոտ ժամանակներս ավելի ազատ, ավելի կոնկրետ, ավելի փաստերով կներկայացնեմ, թե իրականում ինչ է կատարվել եւ ոնց է եղել, եւ թե Սերժ Սարգսյանի գործուղումն ինչի հետ ուներ կապ: Հենց կապ ուներ, որ Հայաստանի այն ժամանակվա քաղաքական գործիչները եւ քաղաքական ղեկավարությունները կատարում էին հանցագործություն, ԼՂՀ-ում թույլ չտալու ազատագրելու տարածքները: Ես կնշեմ մարդկանց, անուն-ազգանուններով, ում ինչ հրահանգներ են տվել, ինչ են արել, ինչ բանագնացներ են ուղարկել Ղարաբաղ, Զանգեզուր, չմասնակցելու համար»,- հայտարարեց Ս. Բաբայանը՝՝ զարգացնելով ներկայիս իշխանությունների կողմից «մշակված» այն թեզը, ըստ որի՝ ԼՂՀ պատերազմում տարածքները գրավվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կամքին հակառակ: Հիշեցնենք, որ առաջին անգամ այս մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանն իր հայտնի հարցազրույցում իրեն անվանեց՝ «վոյին», ըստ էության ասելով, որ ղարաբաղյան պատերազմը հաղթել է ինքը՝ դեմ գնալով ՀՀ իշխանություններին: «Հիմա, ես չէի ցանկանա այդ հարցին անդրադառնալ ավելի խորությամբ, քանի որ փաստերով, անուն-ազգանուններով, մասնակիցների, օդանավակայաններում, Սերժ Սարգսյանի դերակատարությունը, դրսից ինչ ապրանքներ է ուղարկել, ինչով էր զբաղված, ինչ զինամթերք ենք ստացել, ովքեր են այդ զինամթերքը կանգնեցրել, որ ճանապարհում եւ ինչ են արել: Իսկ ինչ վերաբերում է մեկ տարվա բացակայությանը, ապա Ս.Սարգսյանը Ղարաբաղից բացակայել է ուղիղ 3 ամիս` մայիսի վերջից մինչեւ օգոստոս: Դա՝ առաջին, երկրորդ` Սերժ Սարգսյանի ստորագրությունն է դրած Լաչին-Քելբաջարյան օպերացիայի քարտեզի վերեւում, իսկ տակը ստորագրել եմ ես՝ որպես իրականացնող, ինքը` որպես նախարար: Կան փաստեր, փաստաթղթային, որ դա հայտարարություններով չէ: Չի կարելի Սամվել Բաբայանին ներկայացնել բոբոյի դերում, ու իրենք իրար մեջ կռվեն: Կռիվ ունեն իրար հետ, խնդրեմ, թող ներկայացնեն, ոչ Սամվել Բաբայանին»: Նա նաեւ հիշեցրեց տարիներ առաջ շրջանառվող նմանատիպ լուրերը, թե ինքն իբրեւ ԼՂՀ-ից «քշել» է Արկադի Տեր-Թադեւոսյանին` Կոմանդոսին: «Ասում էին` Բաբայանն ա քշել»,- հեգնեց Ս. Բաբայանը:

«Նույն անձն ինձ հետ հանդիպում ա խնդրում, ասում ա՝ դուք ինձ փրկել եք, պարոն Բաբայան, փրկել եք այն խուճապային վիճակում: Բայց ամբողջ հայ ժողովուրդը, այդ նույն ուժերը տարածել են, որ Ս. Բաբայանն արտաքսել է: Չի՛ կարելի, չի՛ կարելի: Պատմությունը, իրականությունը շատ դառն է, եւ ես ուղղակի չեմ ցանկանում դրանք ներկայացնել մեր հասարակությանը, հիասթափվելու է հասարակությունը,- ասաց Սամվել Բաբայանը` հավելելով, թե իր այսքան տարիների պահպանած լռությունը հենց դրանով է պայմանավորված եղել,- Եթե վեճ ունեն իրար մեջ, խնդրեմ, իրար մեջ՝ գաղափարական, տնտեսական, ապագա պետության, ոնց են կառուցելու, ինչ են անելու: Բայց երբ որ արդեն իմ անունն են օգտագործում ու Բաբայանին են ներկայացնում բոբոյի դերում, խորհուրդ կտամ` իրենք իրենց անուններն օգտագործեն եւ իրենց կատարած-չկատարածները ներկայացնեն»: Ի դեպ, հարց հնչեց նաեւ այն մասին, թե արդյոք ՀՌԱԿ-«Դաշինք»-«Ազգային վերածնունդ» միավորումը կմիանա՞ առաջին նախագահի` «ավազակապետությունից» ազատվելու մասին արված կոչին` օգտագործելով նախագահական ընտրությունները: Ս. Բաբայանն ասաց, որ այդ հարցն իրենց համար «փակ» է, քանի որ Լ. Տեր-Պետրոսյանի կոչն ուղղված է եղել քաղաքական կոնկրետ անունների, որոնց մեջ իրենք չեն եղել. «Լեւոն Տեր-Պետրոսյանն, ինչքան գիտեմ, անուններով է դիմել, եւ մենք այդտեղ չկանք: Մեզ դա չի վերաբերում: Այնպես որ` մեզ համար այդ հարցը փակ է: Երբ որ կդիմի` կմտածենք»,- հայտարարել է Սամվել Բաբայանը: