Կվարձատրվե՞ն արտաժամյա աշխատանքի համար

28/11/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«ԱրմենՏել»(ԱՏ) ընկերության մամուլի ծառայությունը չի ժխտում, որ «ԱրմենՏելում» հերթական աշխատակիցների կրճատումներ են կատարվել: Այս անգամ տնօրինությունն աշխատակիցներին ազատել է զբաղեցրած պաշտոններից` հաշվի առնելով ատեստավորման արդյունքները:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատողների իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխանությունը որոշում է գործատուն: Այդ գործընթացում աշխատողների նկատմամբ կամայական մոտեցումները եւ խտրական վերաբերմունքը բացառելու նպատակով ընկերությունը ատեստավորման կարգ է հաստատել, ինչին համապատասխան էլ իրականացվում է աշխատողների որակավորման ստուգման գործընթացը»,- ահա նման արդար սկզբունք է որդեգրել ԱՏ-ի տնօրինությունը: Սովորաբար ատեստավորման անհրաժեշտություն առաջանում է այն ժամանակ, երբ ընկերությունը նոր տեխնոլոգիաներ է ներդնում եւ աշխատում է նոր ծրագրերով: Սակայն մինչ ատեստավորումն ընկերության ներսում կազմակերպվում են «թրեյնինգներ», որպեսզի աշխատակիցները ծանոթանան նորարարություններին: Այս դեպքում դժվար է ենթադրություններ անել, թե մասնագետներից քանիսը չեն յուրացրել դասընթացները, ինչի արդյունքում ատեստավորման ընթացքում կորցրել են աշխատատեղը: Քանի՞ մարդ է ազատվել աշխատանքից. «ԱրմենՏելից» այս հարցը չեն մանրամասնել, սակայն նշել են, որ ընկերության աշխատակիցների թիվն այս պահին հասնում է մոտ 4500-ի:

«ԱրմենՏելի» մարզային մասնաճյուղերում բավականին ցածր են վարձատրվում` մոտ 40-45 հազար դրամի չափով ստանում են գծային ինժեներները, սակայն, որպես կանոն, նրանք օրական աշխատում են ոչ պակաս, քան 10-12 ժամ: Մեր թերթի նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք, որ արտաժամյա աշխատանքի համար գծային ինժեներները չեն ստանում համապատասխան վարձատրություն: Վերջերս Տավուշի մարզի ԱՏ-ի մասնաճյուղերում թվայնացման աշխատանքներ են ընթանում, որի պատճառով էլ գծային ինժեներների աշխատանքային օրն ասես ավարտ չունենա: Իսկ ահա ԱՏ-ից մեկնաբանում են. «Տավուշի մարզում այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կատարում է արտաժամյա աշխատանք` ըստ անհրաժեշտության: Խումբը ստեղծվել է՝ հաշվի առնելով աշխատակիցների ցանկությունը, այսինքն՝ տվյալ աշխատակցի հետ համաձայնեցվել է նրա արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամությունը»: Սակայն, այստեղ խնդիրը ոչ թե արտաժամյա աշխատանքն է, այլ կատարած աշխատանքի համար չստացած վարձատրությունը, եւ այս առիթով էլ բավականին դժգոհություններ է առաջացել գծի ինժեներների շրջանում: Եթե անգամ արտաժամյա աշխատանքի անհրաժեշտություն էլ չլինի, ԱՏ-ի ստորին շարքերի աշխատակիցները մի շատ պարզ պատճառով չեն կարող աշխատանքը սկսել առավոտյան ժամը 9-ին եւ ավարտել երեկոյան ժամը 18:00-ին: Յուրաքանչյուր մարզի ԱՏ-ի ողջ հեռախոսագծերը սպասարկում են 4-5 մարդ: Այս մարդկանց` քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու եւ վթարված գծերը վերանորոգելու համար որեւէ փոխադրամիջոց չեն հատկացնում: Խոսքն ընդամենը գոնե հեծանվով երթեւեկելու հնարավորության մասին է: Մարզերում, որպես կանոն, կանոնավոր չեն աշխատում ներքաղաքային փոխադրամիջոցները, եւ տվյալ տեղամասը սպասարկող աշխատակիցը վթարները վերացնելու համար ստիպված է օրական 20-30 կմ ոտքով տարածք կտրել-անցնել: ԱՏ-ից ասում են, որ արտաժամյա աշխատանքը ենթակա է վարձատրության, իսկ գծի ինժեներներն էլ դժգոհում են, որ իրենք շուրջտարի արտաժամյա ռեժիմով են աշխատում, որի դիմաց ոչինչ էլ չեն ստանում:

Ամանորյա նվերը

Նոր տարին սարերի հետեւում չէ, եւ շուտով ԱՏ-ի բաժանորդներն ընդվզելու առիթ են ունենալու: Քո մտերիմներին ու ընկերներին շարժական կապի միջոցով ամանորյա ցանկացած բարեմաղթանք-SMS կամ զանգ կատարելը անհաջողության է մատնվելու: Եվ ընդհանրապես, սա ոչ միայն ԱՏ-ի, այլ նույնքան էլ «Վիվա Սելլի» խնդիրն է: Շարժական կապի ոլորտում մրցակցող այս երկու օպերատորներն էլ գումար չեն խնայում գովազդային մեծաքանակ պաստառների համար, որոնց գովազդային էֆեկտիվությունը զրոյի է հավասար: Սակայն նրանք կարող էին նոր բաժանորդներ ներգրավել, ինչպես նաեւ ամանորյա նվեր մատուցել իրենց բաժանորդներին` Նոր տարվա գիշերն անջատելով հաշվող համակարգը: Հաշվող համակարգի անջատման դեպքում բաժանորդների նամակներն ու զանգերը կարող էին հասնել ցանկալի նպատակին: Բավականին հետաքրքիր են նաեւ նշյալ օպերատորների կողմից առաջարկվող շարժական կապի գների փաթեթները: Արդեն կարելի է ասել՝ Հայաստանում բջջային հեռախոս ունեցող բոլոր բաժանորդներն էլ ինչ-որ փաթեթի մեջ են եւ խոսում են ավելի էժան գնով, քան փաթեթից դուրս մնացածները: Հետաքրքիր է, որ մեկ րոպե խոսելաժամանակի համար տարբեր ցանցերում մինչեւ 120 դրամ է գանձվում, մինչդեռ փաթեթը կարող է խոսելավարձի գինն իջեցնել մինչեւ 6 դրամի: Ստացվում է, որ ընկերությունները մինչեւ 6 դրամը հանգիստ կարող են եկամուտ ստանալ: Այս դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ Հայաստանը չի կարող մի ամբողջ փաթեթում ներառվել` շարժական կապի գներն իջեցնելով մինչեւ փաթեթների մակարդակը: Հայաստանում բջջային կապի ողջ բաժանորդներն այնքան են, որքան Մոսկվայի մեկ թաղամասի բնակիչները: Տեղական շուկան կարելի է տեղավորել մեկ փաթեթում, սակայն ընկերությունները դժվար թե գնային նման քաղաքականության գնան` ձեռքից բաց թողնելով գերշահույթ ստանալու բացառիկ հնարավորությունը: